Իջևանցիները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը. Նրանք պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում սահմաններին

Արթուր Հայրապետյան Մարտ 09, 2021

Իջևանցիները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում սահմաններին: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Շատ չի տեւելու, համապատասխան մարդիկ կգան կբացենք: Մենք ընդամենը ուզում ենք, որ մարզպետարանից մեզ հաստատեն, որ մեր հողերի, մեր սահմանի հետ կապված հող տալու խնդիր չկա: Այսօր մտահոգություն է առաջացել, որ տարածքներ կարող է հանձնեն թշնամուն: Երբ ասում են՝ Տավուշի մարզի տարածքից ոչ մի մետր չեն տալու թշնամուն, ուզում եմ հասկանամ, թե իրենց ասած Տավուշի մարզը որտեղից է սկսվում եւ որտեղ է ավարտվում: Մարզպետը ոչ մի անգամ չի ասել, որ օրինակ, Բարխուդարլուն մնալու է Տավուշի տարածքում, ինչպես եղել է միշտ: Սրանով փորձում ենք անհնազանդության ակցիաներ իրականացնել, որ ուշադրության կենտրոնում պահենք հարցը»: Մի պահ կրքերը թեժացան, քաղաքացիները պահանջում էին բացել ճանապարհը: Մի կին բորբոքված ասաց. «Բացեք ճանապարհը, դերասանություն չանեք, թուրքից բեթար եք, բա գնայիք թուրքի դեմը փակեիք, ոչ թե ձեր կանանց փեշի տակ մտնեիք»: Մի տղամարդ էլ կոչ էր անում ոչ թե գլխավոր ճանապարհը փակել, այլ որեւէ այլ ճանապարհ: Այստեղ եկավ Տավուշի մարզի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Մելքոնյանը, ով ակցիա իրականացնողներին հորդորեց բացել ճանապարհը. «Դուք խախտում եք հասարակական կարգը, ձեզ հորդորում եմ ճանապարհը բացել: Մարզպետի հետ հանդիպելու համար բոլորովին կարիք չկա ճանապարհը փակել, գնացեք մարզպետարան, հանդիպեք մարզպետին»,-ասաց նա: Ի վերջո, շուրջ 20-30 րոպե ճանապարհը փակ մնալուց հետո բացվեց:

 

https://galatv.am/hy/2944658/

Կիսվել