«Ադրբեջանցիները մինչև վերջ կվիճեն ամեն տարածքի համար, իսկ հայկական կողմից այդպիսի պատրաստակամություն չկա»․

Արթուր Հայրապետյան Մարտ 01, 2021

«Ադրբեջանցիները մինչև վերջ կվիճեն ամեն տարածքի համար, իսկ հայկական կողմից այդպիսի պատրաստակամություն չկա»․

BBC «Բաժանված գյուղեր, կտրված ճանապարհներ, դադարեցված արտադրություն. 2020 թվականի աշնանային պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնյակ կիլոմետրեր նոր սահման է հայտնվել, որի հստակ ուրվագծերը դեռ պետք է որոշվեն»: BBC-ի ռուսական ծառայության թղթակիցներն անցել են Հայաստանում նոր սահմանով և լայնածավալ հոդված ներկայացրել, թե «ինչպես են տեղացիները ընտելանում հարևաններին»: ««Բարի գալուստ Ադրբեջան», - ասում է մեծ գովազդային վահանակը հայկական Գորիսից դեպի հայկական Կապան տանող մայրուղու եզրին: Բայց հենց որ մեքենան կանգնեցնում ենք այն նկարելու համար, ռուս սահմանապահները հայտնվում են՝ պարզելու համար, թե ով ենք մենք և ինչու ենք այստեղ կանգնած։ «Ընդհանրապես, այստեղ արգելվում է լուսանկարել: Եթե անցնեք ճանապարհը, կտեսնեք ինքներդ արդեն գտնվում եք Ադրբեջանի տարածքում: Բայց քանի որ Մոսկվայից եք, մենք ձեզ կպաշտպանենք»,- կատակում է զինվորականը»,- գրում է BBC-ն ու նշում, որ Գորիսից Կապան տանող ճանապարհին պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինուժը տեղադրել է մի քանի այդպիսի վահանակներ։ Հայերի և ադրբեջանցիների միջև նոր բախումներից խուսափելու համար Ռուսաստանը, որը միջնորդ է հանդես եկել խաղաղության պայմանագրի կնքման համար, ոչ միայն խաղաղապահներ բերեց Լեռնային Ղարաբաղ, այլև սահմանապահներ տեղակայեց, որտեղ հնարավոր են նոր կոնֆլիկտային իրավիճակներ: Սահմանապահները BBC-ին ասում են, որ տեղի բնակիչները ոչ թե Հայաստանի կառավարությունից, այլ իրենցից են տեղեկանում այն մասին, թե ինչպես է փոխվում սահմանագիծը, ուր կարող են գնալ, ուր՝ ոչ։ «Ադրբեջանցիները վստահ գիտեն, ինչի են իրենք ուզում հասնել և մինչև վերջ կվիճեն յուրաքանչյուր վիճելի տարածքի համար, իսկ հայկական կողմից այդպիսի պատրաստակամություն չկա»,- ասել է ռուս սահմանապահը։ Նշվում է, որ երբ Ղարաբաղում մարտեր էին ընթանում, բազմիցս ասվում էր, որ ադրբեջանա-թուրքական կոալիցիայի հաջորդ թիրախը, հաղթանակի դեպքում, լինելու է Սյունիքը, քանի որ գրավելով այն հնարավոր կլիներ միավորել Ադրբեջանը ոչ միայն Նախիջևանի, այլ նաև Թուրքիայի հետ: Նշվում է, թե գոնե հիմա ոչ ոք չի պատրաստվում հարձակվել Սյունիքի վրա, բայց համաձայն Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ստորագրած խաղաղության համաձայնագրի, այդ վայրերով պետք է անցնի մի ճանապարհ, որը, այնուամենայնիվ, Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ: Հիշեցվում է, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետներից կազմված միջկառավարական հանձնաժողովի մասին, որն «աշխատում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման «ճանապարհային քարտեզի» վրա»: «Սթրես կա հայրենիքի մի մասի կորստից, պարտված պատերազմից: Եվ այն դեռ չի անցել, շատ ավելի շատ ժամանակ է պետք», - BBC-ին ասել է մարզային պաշտոնյաներից մեկը, ով խնդրել է անանուն մնալ: BBC-ն լայնածավալ հոդվածում ներկայացնում է մարդկային պատմություններ։ Նշվում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններից 800 մարդ տեղափոխվել է Կապան, իսկ 4700-ը՝ ամբողջ Սյունիքի մարզ: Ութ ընտանիքներ, ովքեր լքել են Հադրութը, Կովսականը (Զանգելան), Մինջիվանը (գյուղ Զանգելանի շրջանում) այժմ ապրում են Կապանի նախկին գիշերօթիկ դպրոցում:

 

https://www.panorama.am/am/news/2021/03/01/%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD-

Կիսվել