Ամենատաք երկիրը

Արթուր Հայրապետյան Ապրիլ 25, 2021

ԱՄԵՆԱՏԱՔ ԵՐԿԻՐԸ

 

Քնելուց առաջ մայրս քարածուխով բերնեբերան լցրել էր վառարանը, դիտավորյալ չէր մաքրել մոխիրը, որպեսզի կրակը դիմանար մինչև առավոտ: Չէր դիմացել: Երկար, մի քանի տեղից արմունկ տվող խողովակաշարը գիշերվա կեսին դրսի սառնամանիքն էր տուն բերել և քամու ոռնոցը, որ ավելի էր մրսեցնում, քան ինքը՝ ցուրտը: Պապս, սրթսրթալով ու իր պապին, պապի պապին, ամենաառաջին պապին հայհոյելով, բզբզում էր վառարանը, որ թեժացնի կրակը, որ տաքացնի աղյուսը, իսկ ես, գլուխս վերմակի տակ խոթած, հազիվ էի զսպում հռհռոցս, որովհետև չկա ավելի ծիծաղաշարժ տեսարան, քան այն, երբ սպիտակ շապիկ-վարտիքը հագին մի խեղճ ու մրսկան բիձա հայհոյում է վաղուց մեռած պապերին:

- Էշի գլուխներ,- ասում էր նա,- տաք, հարուստ, ապրելու հարմար երկրները թողած՝ ծնվեցիք, սերունդ տվեցիք այս խիստ ձմեռ ունեցող դաշտավայրում: Իսկի չմտածեցի՞ք, թե ինչի նման է ձեր արարմունքը: Նավ սարքեիք, գետեր, ծովեր անցնեիք, նոր հողեր գտնեիք և կամ ձիով, ոտքով առաջանայիք: Որտեղ ծնվել եք, այնտեղ ճուտ եք հանել: Բա այսքան մեծ ժողովուրդ մի խելքը գլխին ճանապարհորդ չծնի՞:

- Կոլումբոսի հետ, պապ, մի հայ վանական է եղել,- ասացի ես:

- Այդ թշվառականը փոխանակ Կոլումբոսին իր հետ վերցներ, ինքն է գնացել Կոլումբոսի հետ: Չէ, դու ինչ ուզում ես ասա, բայց ես մեր ազգին աշխարհագրություն առարկայից «երկուս» եմ նշանակում:

Մի լիքը տաշտակ մոխիր հանեց պապս վառարանից, նոր քարածուխ լցրեց և ձեռքը աղյուսին դրած՝ սպասում էր, թե երբ է թրծված կավի մեջ ջերմություն հավաքվելու:

- Պապ,- ասացի,- վերցրու Նազանին: Ճիշտ է, նա այնքան չի տաքացնում, ինչքան աղյուսը, բայց և չի սառչում աղյուսի նման:

Ես ետ քաշեցի վերմակս, ցույց տվեցի ոտքերիս տակ մրափած կատվին: 

- Դրա մռմռոցի տակ քնե՞լ կլինի:

- Շատ էլ լավ եմ քնում:

- Տեսնենք,- համաձայնեց պապս ու գիրկն առավ Նազանին:- Փորձենք: Քնի մեջ հո չի՞ ճանկռում:

- Ինչո՞ւ պիտի ճանկռի:

- Ո՞վ գիտե:- Պապս մլավող կատվի հետ վերմակի տակ մտավ:- Երազում մեկ էլ տեսար կռիվ սկսեց ուրիշ կատուների հետ:

- Շոյիր նրան,- խորհուրդ տվեցի,- և չվախենաս, եթե կայծեր նկատես: Իսկ դու ինչո՞ւ նավ չսարքեցիր, գետեր, ծովեր չանցար, նոր հողեր չգտար: Եվ կամ ձիով, ոտքով չառաջացար: Գոնե մի պստլիկ կղզի լիներ քո անունով:

- Ես կռվում էի,- ասաց պապս,- ճամփորդելու ժամանակ չկար:

- Կռվելով ճամփորդեիր:

- Կռվելով չեն ճամփորդում, էշի գլուխ: Կռվելով մեռնում են կամ ապրում: Աչքերը չռել է վրաս...

- Խոսիր հետը, պապ, շոյիր գլուխը: Իսպանացիները, թուրքերը ո՞նց էին կռվելով ճամփորդում:

- Վարժապետիդ հարցրու: Մազերը բիզ-բիզ ցցվել են:

- Քորիր ականջի տակը:

- Վագրի պես մռնչում է վրաս:

- Նազան,- ձայն տվեցի ես,- քեզ խելոք պահիր, Նազան:

- Վա'յ ես քո ապուպապը,- ճչաց պապս ու նստեց անկողնում: Մթության մեջ, օդում, ես տեսա Նազանի փայլող զույգ աչքերը, հետո, քիչ անց, այդ աչքերը փայլում էին արդեն իմ վերմակի տակ: Ամբողջ մարմնով դողում էր Նազանը և անհանգիստ պոչով խուտուտում ոտքերս:

- Հո չճանկռե՞ց, պապ:

- Արյունս հանեց, արյունս... Իբր շատ արյուն ունեի՞: Ո՞ւր փախավ: Քեզ մոտ չեկա՞վ:

- Չէ,- խաբեցի ես ու շոյելով հանգստացնում էի գազազած կատվին:

Պապս վառեց լամպը, ձեռքն առավ ավելը, խառնշտորեց վառարանի, մահճակալների, պահարանի տակն ու անկյունները:- Ո՞ւր կորավ, հը՞: Ո՞ւր կորավ այդ լիրբ-անզգամը:

- Այ հեր, թող քնենք,- կողքի սենյակից դժգոհեց հայրս:- Ցերեկով առնում ես քունդ, գիշերով մեզ ես խանգարում:

- Ծերանոց հանձնեք ինձ ու ազատեք հոգիներդ,- քթի տակ խոսեց պապս,- գիշերները հանգիստ կքնեք, ցերեկով էլ մի փոր կերակուր կտնտեսեք: Վայ թե հարստանաք:

- Ծերանոցն ի՞նչ է, պապ:

- Պետական տուն է՝ տաք, խաղաղ: Ոչ կատու կա, ոչ շուն, միայն պառավներ են: Ժամանակին ուտում ես, ժամանակին արտաքնոց գնում, ժամանակին քնում ես, ժամանակին մեռնում: Ձայն տուր կատվին՝ թող դուրս գա: Քեզ կլսի:

- Նազան,- շշնջացի ես:

- Բարձր,- հրահանգեց պապս:

- Թո'ւ,- լսվեց հորս ձայնը,- սա հո տուն չէ՞: Դժոխքի բազար է:- Հողաթափերը քստքստացնելով՝ նա եկավ, մտավ մեր սենյակը և կանգնեց պապիս դիմաց: Ես առաջին անգամ նկատեցի, որ պապս ու հայրս նման են իրար: Նույնն էին խոշոր քթերը, լայն ճակատները, փափլիկ մազերը, բարի աչքերը: Նույնն էին, նույնիսկ, ձախ ականջներին ի ծնե ցցված բշտիկները, որ օրվա ընթացքում մի քանի անգամ կամ կարմրում էին, կամ սպիտակում: Նույն սպիտակ շապիկ-վարտիքներից էին հագել, ու հասակներն էլ նույնն էր, միայն թե պապս ավելի կարճլիկ էր երևում, որովհետև մեջքը թեթևակի ծռվել էր:

- Տե'ս,- արյունոտ մատը հորս քթին դեմ արեց պապս,- տես, թե ի'նչ արեց այդ լիրբ-անզգամը:

- Բա իմ մատը ինչո՞ւ չեն կծում,- հարցրեց հայրս:

- Քո մատն ինչո՞ւ պիտի կծեն,- զարմացավ պապս,- դու կողքի սենյակում կնոջդ հետ քնած չէի՞ր:

- Քնած էի՝ արթնացրիր: Մեծ մարդ ես, երեխայի պես ճվճվում ես:

- Ձյունը, սառնամանիքն էլ եմ ես հնարել: Գարունը որ ուշանում է՝ էլի ես եմ մեղավոր: Իհարկե, իհարկե: Ծերանոց... Ամեն ինչում եմ ես մեղավոր: Ծերանոց... Իսկ Վարդազար պապդ անմեղ-անմեղ է: Ու Արմենակը, ու Հովսեփը: Քո մատը կծեր, դու էլ կճվճվայիր:

- Ո՞վ:

- Դու, էլ ո՞վ:

- Չէ, ասում եմ՝ ո՞վ, ո՞վ կծեր:

- Ով, ով, ով... Քունը գլխիդ է՝ չգիտես, թե ինչ ես խոսում: Հոգեպահուստ օղի կունենաս՝ բեր, վերքս լվանամ:

Հայրս անխոս շուռ եկավ, խոհանոց գնաց:

- Եվ երկու բաժակ,- բղավեց պապս:- Ձայն տուր կատվին, էշի գլուխ: 

- Նազան,- քիչ բարձր ձայնով կանչեցի ես ու ոտքերիս մեջ առա կատվին, որ հանկարծ դուրս չգա, չընկնի պապիս ձեռքը: Նազանի դողոցքն արդեն անցել էր, մարմինը փոքրացել էր, թուլացել, և ուր որ է պիտի սկսվեր մռմռոցը:

- Պապի,- ասացի կամացուկ,- եթե գտնես Նազանին, ի՞նչ պիտի անես: 

- Փսլնքոտ դունչը պիտի պաչեմ: Բա դու ի՞նչ էիր կարծում:

- Կարծում էի՝ պիտի դնգստես կամ դուրս վռնդես:

- Չէր խանգարի դնգստել, բայց դուրս ո՞նց կվռնդեմ: Մինչև առավոտ թե մնաց դրսում՝ արձան կդառնա: Տեսա՞ր, չասացի հաց, պանիր, թթու էլ բերի: Գլխի կընկնի՞:

- Գլխի կընկնի,- ասացի,- առաջին անգամը հո չի՞: Խաշած լոբի էլ ունենք, տապակած կարտոֆիլ էլ:

- Դե ել, դե ել,- հրամայեց պապս,- թուքդ կուլ ես տալիս, խեղդվում ես ու շարունակում ես մնալ պառկա՞ծ:

Զգուշորեն, որպեսզի չարթնացնեմ Նազանին, ես ցած սահեցի մահճակալից ու արագ-արագ հագա շալվարս, գուլպաներս, չստերս:

Վառարանի մի երեսը շիկացել էր արդեն, սենյակը լցվում էր տաքությամբ: Խողովակների ներսում վնգոց կար, բայց դա քամին չէր, բոցն էր: Հիմա երևի սառած ճնճղուկները, ագռավները շրջապատել են մեր սնկաձև ծխնելույզը և հաշվում են սառույցի նման պաղ, սառույցի նման մաքուր երկինքը մրոտող ծխասյան կայծերը: Ու գոլորշի է երևի բարձրանում կտուրից, որ փաթաթվելով ծիրանիների, դեղձենիների տկլոր ճյուղերին, մինչև առավոտ կդառնա եղյամ: Ու թափանցիկ եղյամի տակից առավոտյան կշողշողա ծառի խեժը և կխենթացնի ճնճղուկներին:

- Պապի, ինչո՞ւ է ճնճղուկի կտցած թութը ամենաքաղցրը լինում:

- Ճնճղուկի կտուցը մեղրոտ է:

Հայրս խոր ամանով լի թթու դրած կաղամբ բերեց, լոլիկ, վարունգ, տաքդեղ, խաշած լոբի, գլուխ սոխ, լավաշ, պանիր, օղի, երկու բաժակ, շարեց սեղանին, հետո լավաշները փռեց վառարանի վրա, որ թարմանան, կակղեն: Թոնրի հոտ ընկավ սենյակում, ու կապույտ ծուխ բարձրացավ, կուտակվեց առաստաղի տակ, դարձավ ամպ:

- Թող բարի լույս բացվի երկրի վրա,- ասաց պապս ու խմեց իր բաժին օղին:- Տան կատու է,- ասաց շրթները լպստելով,- մաքուր անասուն: Ինչ մենք ենք ուտում, այն էլ ինքն է ուտում: Վախենալու ի՞նչ կա:

Ես վրա պրծա թթու դրած լոլիկներին, վարունգներին: Խոշոր, դեղին տաքդեղները լիքն էին թթվի ջրով: Ատամներով ծակում էի տաքդեղի միսը, խմում էի աղի, թթու, կծու, հոտավետ հյութը ու հարբում էի, որովհետև հարբում էին նաև պապս, հայրս: Բռունցքի հարվածով հայրս ջնջխեց սոխի շեկլիկ գլուխը, փռշտաց, հետո ես փռշտացի, հետո պապս, ու քանի դեռ սոխի կծվությունը լողում էր օդում, մենք հերթականությամբ կամ միասին փռշտում էինք ու արտասվում:

- Օխա՜յ,- հաճույքով փորը թփթփացրեց պապս,- աղիքներս տաքացան:

- Ձի տվեք ինձ,- բղավեց հայրս,- ձի տվեք ինձ, որ գնամ, գնամ... 

- Պայտած, թամբած ձին հրեն խրխնջում է բակում,- ասաց պապս:- Կոլումբոս, Մագելան, Միկլուխո-Մակլայ, Պրժևալսկի. դու ո՞ր մեկն ես: 

- Դրանց հե'րն էլ անիծած...

- Ապրես: Հերթից դուրս՝ քո կենացը:

- Էլի խենթացա՞ք,- հազիվ լսվեց մորս ձայնը:

- Ձա'յնդ,- սաստեց պապս:

- Ձա'յնդ,- բղավեց հայրս ու սկսեց երգել՝ սեղանի անկյունը դարձնելով դհոլ:- «Ալ էղնիմ, ալ էղնիմ, դոշիդ վրա խալ էղնիմ: Թուշդ պաչեմ զօր-գիշեր, ես քո սիրած յարոն եմ»: 

- «Աա՜լ է՜էղնիմ,- ձայնակցեց պապս,- ալ էղնիմ, թուշդ պաչեմ զօր-գիշեր, ես քո սիրած յարոն եմ»: Ի՞նչ ես վեր ընկել, էշի գլուխ, պարիր... «Ես քո սիրած յարոն եմ»...

Ես պատուհանի մոտ քաշեցի մահճակալս, որ տեղ բացվի, ու սկսեցի պարել: Հայրս շարունակում էր երգել ու խփել սեղանին, իսկ պապս ծափ էր զարկում ու ճտտացնում էր մատներով, հետո չդիմացավ, ինքն էլ ելավ պարելու:

- Հո'պ, հո'պ, հո'պ,- փնչացնում էր պապս,- հիմա կմեռնեմ ուրախությունից: 

- Մարդ ուրախությունից պիտի մեռնի, բա՜,- վրա բերեց հայրս:- Վշտից էլ մարդ կմեռնի՞: Ձի տվեք ինձ, ձի տվեք ինձ...

- Այ թե ինչ տաք տուն ունենք,- հպարտացավ պապս, երբ քրտինքը թացացրել էր ճակատը, կուրծքը,- իսկ դու, էշի գլուխ, կղզի էիր ուզում, նավ, տաք երկրներ: Հո'պ, հո'պ, հո'պ:

- Տաք երկրներ դու էիր ուզում,- ասացի ես հևալով:- Մոռացա՞ր, հայհոյում էիր Վարդազարին, Արմենակին, Հովսեփին:

- Շատ էլ՝ ուզում էի: Շատ էլ՝ հայհոյում էի: Տարիքս առած մարդ եմ, ինձ ներելի է: Դո՞ւ ինչու էիր կղզի ուզում:

- Մեր տունը կղզի չէ՞,- հարցրեց հայրս:

- Կղզին ո՞րն է,- ոգևորվեց պապս, երկիր է:

- Ամենատաք երկիրն է,- ավելացրեց հայրս ու միացավ մեզ:

- Ու ամենահարուստ,- ասաց պապս:

- Երանի մեզ,- լսվեց մորս ձայնը:

- Ձա՜յնդ,- բղավեց պապս:

- Ձա՜յնդ,- բղավեց հայրս:

Հիմա պարում էինք երեքով՝ պապս, հայրս, ես: Մեր ոտքերի տակ ճոճվում էր հատակը, մեր վայրենի պարից ցնցվում էր սեղանը, ճռճռում էր հին պահարանը, գլորվում էր օղու դատարկ շիշը, իսկ նոր օրվա լույսը, որ քսվել էր պատուհանի ապակիներին, չէր համարձակվում, չէր համարձակվում ներս մտնել։

 

Ռուբեն Հովսեփյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024