Աստված չանի, որ հետո պարզվի նմանատիպ մի բան, հիշե՛ք, որ երկիրը էլի զինվոր ունի, նա չի՛ մնա ճանապարհի կեսին։ Գուցե մեռնի մարտի դաշտում, բայց հաղթակա՛ն մարտի

Արթուր Հայրապետյան Հունվար 12, 2021

ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ՏՂԱՄԱՐԴՆ ԱՅԴՔԱՆ ՍԻՐՈՒՑ ՉԻ ԽՈՍԻ.

ԲԱՑ ՆԱՄԱԿ

(հատվածներ)

Երկնակամարի ամենագեղեցկափայլ աստղերն անգամ ժամանակի ընթացքում ընկնում են: Ընկնում են ոչ անփառունակ լինելու պատճառով, պարոն վարչապետ, այլ հանուն նոր ծունդների...

Գիտնականները գեղեցիկ են հիմնավորում նրանց ծնունդն ու մահը: Ասում են` երբ գազի և փոշու ամպի թանձրուկները սկսում են հավաքվել միատեղ, ապա առաջացած ձգողության ուժն արդեն արագացնում է այդ շարժընթացը ու այդպիսի գոյացության կենտրոնում գազը սեղմվում է, դառնում ավելի տաք, և նրա ջերմաստիճանն ու ճնշումն այնքան են մեծանում, որ սկսվում է միջուկային սինթեզը՝ ջրածնի ատոմներին միավորող: Իսկ հենց այդ սինթեզի սկիզբը համարվում է նոր աստղի ծնունդը...

Ցավոք մի օր էլ նրանց միջուկում եղած ջրածնային պաշարը պիտի սպառվի և աստղի չափերը փոխվելով` այն աստիճանաբար կմահանա...

Հիմա Ձեզ է վստահված հայոց երկնակամարը: Դուք այն աստղն եք, որին ես սիրով եմ նայում, առանց ատելության թույնի։ Կուզեի գեղեցկությունից ավելի հզոր լիներ Ձեր անկեղծությունը, սերը առ հայրենիք...

Դուք, Ձեր թիմակիցները՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդադար սեր եք խոստովանում հայ ժողովրդին և քաղցր մտքեր նվիրում նրանց: Սակայն, պարոն վարչապետ, տղամարդն այդքան սիրուց չի խոսի, հենց սերը փրկելու, այն չարժեզրկելու նպատակով: Հարկի և անհարկի ՍԵՐ բառը շահարկողների շրջանում իրական սերը մեկ օր էլ չի ապրի...

Ֆանտաստիկ արագությամբ փոխվում է Ձեր վերաբերմունքը երկիրը իրապես սիրողների նկատմամբ։

Կուզեմ քիչ գոռաք: Ձեզ լսում են շատերը: Տամարդուն վայել հանգստությամբ, տոնայնությամբ կուզեմ Ձեր ասելիքը մատուցեք։ Քննարկելու շատ հարցեր կան: Չեմ ուզում ասելիքս լցնել միայն տխրության գորշ գույներով...

Եթե հիմա ունենայի հնարավորություն նյութ գրել Ձեր մասին ասենք հեղինակավոր «Reuters», «The New York Times» կամ «The Guardian»-ում, ապա վստահ եղեք, որ այդ այս նյութը չէր լինելու։ Հիմա մենք տանն ենք: Այս մեծ ընտանիքում յուրաքանչյուրս ունի ձայնի իրավունք: Եւ եթե թույնով ու ատելությամբ դեռ չենք լցրել մեր հոգիները, ապա առանց չարության պիտի իրար լսենք:

Ազատագրեք գերատեսչությունները փոքրոգի, պաշտոնասովով տառապող, անհայրենիք մեծամիտներից և ողողեք այն սիրո մասին քիչ խոսող, իրական նվիրյալներով, որոնց մեջ եմ տեսնում հայրենիքի հաղթական լույսը...

Չեմ ուզում հավատալ, որ կեղծ խոստումներով եք ներկայանում մեզ։ Աստված չանի, որ հետո պարզվի նմանատիպ մի բան, հիշե՛ք, որ երկիրը էլի զինվոր ունի, նա չի՛ մնա ճանապարհի կեսին։ Գուցե մեռնի մարտի դաշտում, բայց հաղթակա՛ն մարտի...

ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

,,Հրապարակ,,

15 հոկտեմբեր 2018թ.

Կիսվել