Պատասխանատվությունից թռնելու ժամանակը

Արթուր Հայրապետյան Հունվար 05, 2021

Նիկոլ Փաշինյանը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է այն հարցին, թե ինչու տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը և ինչու հնարավոր չեղավ խուսափել դրանից: 

Մասնավորապես, նա գրել է.

«Վարչապետի պաշտոնում ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի էությանն ու նրբություններին ծանոթանալը ինձ հանգեցրեց մի մտքի. բանակցային գործընթացը 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի կետից նահանջի մի մեծ գործընթաց է: Տխուր է արձանագրել, բայց բանակցային ողջ գործընթացում հայկական կողմը ոչ մի հաջողություն չի ունեցել, դա անհաջողությունների մի երկար պատմություն է: Այդ պատմությունը ունի մի քանի նշանային կետեր. առաջինը 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովն է, որտեղ արձանագրվեց մեր միայնությունը աշխարհում, հաջորդը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների դուրսմղումը բանակցային գործընթացից, որը ԼՂ հարցը աստիճանաբար տեղավորեց Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի տրամաբանության մեջ, հաջորդը բանակցային այնպիսի տրամաբանության հաստատումը, որով 7 տարածքների հանձնումը Ադրբեջանին համարվում էր բանակցային գործընթացի առաջնային նպատակ, հաջորդը Ադրբեջանի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումից, հաջորդը ռուսական առաջարկները, որոնց առանցքային պրոբլեմը Արցախի կարգավիճակի դուրս մղումն է բանակցային օրակարգից:
Արցախի դուրսմղումը բանակցային գործընթացից և բանակցությունները Հայաստան-Ադրբեջան հարթություն տեղափոխելը սպառնալիք էր ստեղծում առաջին հերթին Հայաստանի համար, որովհետև հենց այս հանգամանքն օգտագործելով էր Ադրբեջանը Հայաստանին օկուպանտի պիտակ կպցնում: և հետո՝ նման ֆորմատը ինքնին նենգափոխում էր Ղարաբաղի հարցի էությունը, այն տեղավորելով Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի տրամաբանության մեջ:
90-ականների երկրորդ կեսին սա Հայաստանի ամենամեծ և աղետալի դիվանագիտական վրիպումն էր, որն ի դեպ, կարելի էր և թույլ չտալ: Այն ժամանակ, այո, Հայաստանը կարող էր հրաժարվել առանց Ղարաբաղի բանակցելուց, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր պատերազմի, դուրս չէր եկել պարտության շոկից և նույնիսկ բանակցային գործընթացի կասեցումը չէր կարող էական սպառնալիքներ ստեղծել Հայաստանի և Արցախի համար: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցություններից դուրս թողնելով մենք չէինք էլ գիտակցում, որ փոքրացնում ենք Արցախի ինքնորոշման հնարավորությունները, որովհետև «օկուպացված տարածքի» ինքնորոշումը ո՞րն է, նման բան ի բնե լինել չի կարող»:

 

Ընդհանրապես, կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանի գրառումները կարդալը մեծ փորձություն է: Լուրջ ենք ասում, մեզ ստիպելով ենք կարդում, որովհետև կարելի է խելագարվել դեմագոգիայի, ստախոսության, փոքրոգության, անպատասխանատվության, էժանագին մանիպուլյացիաների այդ հեղեղից: 

Ընդ որում, առանձին փորձություն է նաև նրա մտքերը մեկնաբանելը, որովհետև այնտեղ միտք չկա, այլ կա միայն պատասխանատվությունից խուսափելու և պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու մոլուցք: Ինքը պատմական էքսկուրսներ է անում, որոնցից ակնհայտորեն տեղյակ չէ, բանակցային գործընթացի տարբեր փուլերի վերաբերյալ մեկնաբանություններ է անում այնպես, ինչպես սիրտն է ուզում: 

Ու ինչ-որ ինքը հիմա ասում է, լրիվ հակասում են ժամանակին իր իսկ արտահայտած մտքերին: Մի հատ օրինակ բերենք. գրել է. «Բանակցային գործընթացը 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի կետից նահանջի մի մեծ գործընթաց է»: Ուզում է ասի, որ 1994թ. զինադադարը նահանջ էր, պիտի Տեր-Պետրոսյանը հենց այն ժամանակ լուծեր հարցը, չգիտենք, երևի՝ Գյանջան ու Բաքուն գրավեր, Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրեր: 

Բայց այս նույն Նիկոլ Փաշինյանը 2009 թվականին գրել է.

«ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՌԴ նախագահ Բորիս Ելցինը նշված պայմանագիրը ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 1994 թվականի մայիսին կնքած զինադադարից հետո, որը ՀԱՂԹԱԿԱՆ դարձավ Հայաստանի համար:
90-ականների առաջին կեսին Տեր-Պետրոսյանը օրհասական հարց էր լուծում` Հայոց պետության լինել-չլինելու հարցը: Եվ տարածաշրջանում բորբոքվող հակառուսական տրամադրությունների ֆոնին Ռուսաստանի հետ մերձեցումը դարձավ այն հիմնական խաղաքարտը, որը ոչ միայն երաշխավորեց Հայոց պետության գոյությունը, այլև հաղթանակ բերեց Ղարաբաղին:
Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված ՀԱՂԹԱԿԱՆ զինադադարը, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները Տեր-Պետրոսյանին հարկավոր էին ԼՂ հակամարտության կարգավորմանը հասնելու համար, որովհետև նա գիտակցում էր, որ լավագույն լուծումը կգտնվի այն պարագայում, երբ Հայաստանը բանակցային սեղանի մոտ լինի ուժեղի կարգավիճակով:
Հայաստանը դարձավ ԱՊՀ հիմնադիր անդամ, և մենք զենք ունեցանք: Հայ-ռուսական մեծ պայմանագիրը կնքվեց, և մենք ունեցանք հաղթանակ ու տևական զինադադար: Այս կետում է, որ տեղի ունեցավ գաղափարական բեկումը: Տեր-Պետրոսյանը ցանկանում էր հաղթանակի բերած կապիտալը ներդնել («ծախսել») Ղարաբաղի հարցը լուծելու գործում, բայց «պատերազմի կուսակցությունը»:

Տեսնում ե՞ք, 1994թ. մայիսյան զինադադարը հաղթական համարած մարդը հիմա նույն զինադադարը որակում է նահանջ, պարտություն: Հիմա սա ի՞նչ է. դեմագոգի՞ա, երկերեսանիությո՞ւն, թե՞՝ կեղծավորություն: Մենք կարող ենք ասել՝ բոլորը միասին: Փաստորեն, 10 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում սեփական կարիերան զարգացնելու համար հաճույքով օգտվում էր Տեր-Պետրոսյանի կոնսպեկտներից՝ դրանք համարելով քաղաքագիտության և քաղաքական մտքի բացառիկ, դասական նմուշներ, 10 տարի հետո՝ Արցախն ու Հայաստանը վարի տալուց հետո, նույն հաճույքով ու մոլուցքով դրանք իր ձախողումների պատճառ է համարում: 

Նույն ձև, Նիկոլ Փաշինյանի որ խոսքը վերցնես, դնես, համեմատես տարիներ առաջ ասված իր արտահայտությունների հետ, տրամագծորեն իրար հակասում են: Դրա համար ենք ասում, որ մեկնաբանելու բան չկա:  

Թեպետ, սոցցանցերում մեկնաբանությունների պակաս չեղավ: Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը շատերն են արձագանքել՝ բավական հիմնավոր և ռացիոնալ փաստարկներով ցույց տալով, թե ինչ կեղտի մեջ ենք հայտնվել: Արժե մի քանի նման արձագանք ներկայացնել:

Արմեն Բաղդասարյան. 
«Նիկոլ Փաշինյանը մի բավականին տխմար հոդված էր գրել բանակցային գործընթացի և 44-օրյա պատերազմի մասին։ Ընդ որում՝ տխմարը ոչ միայն բուն հոդվածն էր, այլև ընդհանրապես այդ թեմայով հոդված գրելու գաղափարը, որովհետև մարդը պիտի գրի միայն այնպիսի բաների մասին, ինչից հասկանում է։ Եվ եթե նա, վարչապետի պաշտոնը զբաղեցնելով, այնուամենայնիվ հոդված գրելու ժամանակ էր գտել, թեմաների պակաս պիտի որ չունենար։ Օրինակ՝ «Իջևանի խոզի համային նրբերանգները», «Թանի դինջացնող հատկությունները», «Քյալլայի մասնատումը դաշտային պայմաններում» և այլն։Այ դրանք իսկապես արժեքավոր աշխատություններ կլինեին։
Ինչ վերաբերում է բուն հոդվածին, ապա դրա համառոտ իմաստը հետևյալն էր՝ «ինձանից առաջ բոլորը մեղավոր են եղել, էս ամեն ինչը կանխորոշված էր, բայց ես մտածեցի՝ փորձեմ մի բան անել, բալքիմ ստացվի, էն էլ չստացվեց, դե հիմա ես ի՞նչ մեղավոր եմ, համ էլ՝ մի քանի հազար քառակուսի կիլոմետր էս կողմ-էն կողմ, մի քանի հազար ջահել կյանք էս կողմ-էն կողմ...»:
 Իսկ հոդվածի առանձին դրույթներին անդրադառնալը բացարձակապես անիմաստ է։ Դա թերևս կարող է հետաքրքրել միայն հոգեբաններին, որովհետև նրանց համար երևի հետաքրքիր կլինի՝ հոդվածում այնուամենայնիվ բացահայտ սո՞ւտն է շատ, խեղաթյուրումնե՞րը, թե՞ մանիպուլյացիաները, և դրանք բացարձակ անտեղյակությա՞ն, ինտելեկտի ցածր մակարդակի՞, թե՞ ինքնասիրահարվածության ու թերարժեքության բարդույթի բարդ սիմբիոզի հետևանք են»:

Վահրամ Աթանեսյան. 
«Հայաստանի համար ողբերգություն է, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը դատում է ղարաբաղյան առաջին պատերազմի դաշտային հրամանատարի մակարդակով կամ առնվազն այդ դերն է վերցրել և հանրությանը ներշնչում է, թե 1994թ. մայիսին հնարավոր էր Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել և ԼՂ հարցը «փաթեթով» լուծել, բայց իշխանությունը բավարար քաջություն չունեցավ: 
Մարդը, պարզվում է, ոչ միայն փաստաթղթերի հետ աշխատելու կոմպետենտություն չունի, այլև տեքստ չի հասկանում կամ ծուլացել է կարդալ: Նրան հղում եմ Հայաստանում ՌԴ առաջին դեսպան Ստուպիշինի դիվանագիտական հուշագրությունը: Որպեսզի կարդա և եթե ունակ է՝ հասկանա, որ մայիսյան հրադադարը Հայաստան-ԼՂ կոնսենսուսի արդյունքում է հաստատվել: Իսկ եթե տողատակ կարդալ կարող է, ապա կիմանա, որ հակառակ պարագային Ռուսաստանը մե՜ծ աջակցություն էր ցուցաբերելու Ադրբեջանին, և բանակի հետ տեղի էր ունենալու այն, ինչ իր տղայամտության պատճառով եղավ քառասունչորսօյա պատերազմի ընթացքում: և ԼՂ հարցն ընդմիշտ փակվելու էր: Ներկայիս շա՜տ պատասխանատու փուլում նմանին, իրոք, հետագա բանակցություններին մոտ թողնել չի կարելի»:

Լիզա Ճաղարյան.
«Դեռ` մի կողմ, որ սեփական այլանդակությունները կոծկելու համար ցանկացած ստոր կեղծիքի փեշերից է կախվում, բայց էս մարդը Է՛Ս ԱՀԱՎՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ, երբ 24 ժամ պետք է զբաղվեր գերիների վերադարձի, սահմանային խնդիրների, քաղաքական անտանելի ճգնաժամի եւ անթիվ–անհամար այլ խնդիրներով, նստած լավաշ հոդվածներ է «տաշում»` իր «հերոսական» կերպարը «երախտամոռ» ազգի աչքը մտցնելու համար»:

Արտակ Հարությունյան. 
«Փաշինյանը հերթական գիրն է հրապարակել, այս անգամ հոդվածի տեսքով, նորից փորձելով արդարացնել իր վարած խայտառակ քաղաքականությունն ու պատերազմի բերելը, այն խայտառակ ձևով պարտվելը։ Արդեն պարզ է, որ Նիկոլը հստակ գիտակցում է իր արածը, ու սրանք ընդամենը մանր փորձեր են ինքնարդարացման համար։ Բայց էն, ինչն ինքը հիմա է սկսել անել, սարսափելի է. բացարձակ զրոյացնել նախկինում եղած ցանկացած բան, վերացնել ստեղծված ամենը, մեր անկախ պատմության նախափաշինյանական ամբողջ ընթացքը ներկայացնել որպես ձախողում։ 
Ժամանակն է, որ այս ազգակործան մտքերին հակակշռվի իրական քաղաքական խոսքն ու բովանդակությունը։ Պատմության այս կեղծիքը չպիտի՛ թույլատրվի։
Ես կարծում եմ, որ մեծ անելիք ունենք առաջիկայում։ Առաջինը. խոստովանենք ինքներս մեզ, որ նպաստել ենք այս գաղափարազուրկ, մտազուրկ իրավիճակի ստեղծմանը ու լցնենք բացը։ 
Հ.Գ. Արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն։ Ու դրանց նպատակը պիտի լինի ձևավորել նոր՝ գաղափարական, սկզբունքային, պետականամետ, գիտակ իշխանություն։ Պարզ է, որ նման իշխանությունը չեն կարող լինել ո՛չ Նիկոլենք, ո՛չ 17+ը»:

Արման Աղաջանյան. 
«Նիկոլ Փաշինյանը գրում է, որ 1996-ի Լիսաբոնի գագաթաժողովն արձանագրեց մեր միայնությունը աշխարհում: Այս արձանագրման հետ կապված ողբերգականն այն չէ, որ աշխարհն անարդար է, մեր ցանկություններով չի շարժվում: Այլ այն, որ Նիկոլը սա հասկացավ միայն 24 տարի անց՝ ժողովրդի գլխին փորձանք բերելուց հետո»:

Գայանե Այվազյան. 
«Նախնական` վարչապետի ուղերձի առիթով
Հանրապետությունը պետք է ազատագրել այս մարդօրկեստր աղետից, որ ոչ մի գործիքի չի տիրապետում, բայց փորձում է միաժամանակ նվագել բոլորի վրա։ Երկրի միակ տղամարդուն արդեն տեսել ենք, կարևոր է կանգ առնել, որ հիմա էլ չտեսնենք երկրի միակ վարչապետին, պատմաբանին, լրագրողին, քաղաքագետին, հեծանվորդին, մոտոցիկլիստին ևն։ Անցյալի սխալները անհրաժեշտ է վերանայել և ոչ թե լղոզել։ 
Չափահասության տարիքում անմեղսունակությունն ու անհանցապարտությունը կործանարար են անհատական մակարդակում, պետական֊հանրային առումով դրանք լրջորեն սպառնում են խեղել հազարավոր մարդկանց կյանքը և իմաստավորման հնարավորությունից զրկում են արդեն իսկ խեղված ճակատագրերը։ Պետք է կանգ առնել մարդ֊պետություն դառնալու գահավեժ այս ճանապարհին. այն հանգեցնելու է շատ ավելի վատ բանի, քան հիմա կա։ Այս պայմաններում, խնդիրների նման մասշտաբի դեպքում պետական կառավարման վերին աթոռը չի կարող սպասարկել մեկ անձի ամբիցիաները, մեկի էգոն փրկել։ 
Հասկանալի է, որ թե՛ իշխանության, թե՛ հրապարակը զավթած «ընդդիմության» խնդիրը պատերազմի քաղաքականության ճիշտը ամրապնդելն է` փոխադարձ մեղադրանքներով և օգնությամբ։ Մեկը դրա համար օգտագործում է վարչական ռեսուրսի մի մասը և հեղափոխության հոր բացառիկության միֆը, մյուսը` իր թալանած ֆինանսական միջոցները և վարչական ռեսուրսի մյուս մասը։ Պետական համակարգը, այսպիսով, պատշաճ չի ծառայեցվում հանրային կարիքներին, այլ անձնային֊խմբային շահեր է սպասարկում։ 
Սա ճահիճ է, քաղաքական սուտը շարունակում է մնալ հայաստանյան հասարակությանը դիմելու հիմնական ձևերից մեկը։ Անօգուտ կլինի ակնկալել, որ գոնե այսքան զրկանքներից և տառապանքներից հետո հասարակությունը կարժանանա տարրական հարգանքի իշխանական էլիտաների կողմից` հանգստանալու, պարզաջրելու մտքերը և ապրելու մասին մտածելու»:


ՉԻ

Կիսվել