«Չի ասել, թե փոխնախարար եմ, պիտի նստեմ քարտեզի դեմը, նետվել է առաջ»,- պատմում է ՊԲ զոհված փոխհրամանատարի հայրը

Արթուր Հայրապետյան Փետրվար 22, 2021

Նախասրահը լցվում է գնդապետի մասին այնպիսի ջերմ ու կենդանի հիշողություններով, որ թվում է՝ նա ուր որ է ներս է մտնելու։ Հայրը՝ Սոսիկ Ավագյանը, ասում է՝ կրթությունն ուղենշային էր որդու համար։ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը ոսկե մեդալով է ավարտել: Հայրն ասում է, որ այն տարիներին՝ 1980-ականներին, ֆիզմաթ դպրոցում սովորում էին ղեկավարների երեխաները, իսկ Հովիկը բանվորի տղա էր: Չնայած դրան՝ նկատում է, որ իրենք լավ են ապրել, կոմունիստների ժամանակ 5 մեքենա է ունեցել: Հովիկն էլ 16 տարեկանում առաջին մեքենան է ունեցել: Դպրոցն ավարտելուց հետո Հովիկ Ավագյանն ընդունվել է Տնտեսագիտական համալսարան, որն ավարտելուց հետո հայրը խորհուրդ է տվել ընդունվել Ռազմական ուսումնարան (ներկայում՝ համալսարան), որտեղ մեկ տարի պիտի սովորեր։ Այն ժամանակ բուհն ավարտածներն ունեին այդ առավելությունը։ Սակայն ծառայությունը ոչ թե մեկ, այլ ամբողջ կյանքի համար դարձավ: Ուսումնարանից հետո Հովիկին ուղարկել են Մատաղիս, որտեղ մնաց 5 տարի։ Ըստ հոր, սակայն, նա որպես դասախոս պետք է մնար ուսումնարանում: Արցախում ծառայությունից հետո ընդունվել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա։ Մինչ Մոսկվա մեկնելը ծանոթացել էր Ինեսայի հետ, որը պարապում էր՝ կոնսերվատորիա ընդունվելու համար։ Եվ երբ դիրքերում չէր լինում, ապագա կնոջն ուղեկցում էր պարապմունքների։ Մի անգամ էլ ասել էր, թե չի կարող սպասել 5 տարի, պետք է ամուսնանան, քանի որ պատրաստվում է գնալ Մոսկվա սովորելու։ -Ես էլ չափից դուրս սիրեցի Հովիկին ու նրան ունենալու համար ընտրեցի իրեն։ Այդ ժամանակ չկարողացավ իրեն ներել, որ կիսատ մնաց իմ ուսումը: Երբ Մոսկվայի ակադեմիայից վերադարձանք, Մանեին ունեցա: Մանեն 4 ամսական էր, Հովիկը ծառայում էր Վանաձորում, ասեց՝ սովորի, ժամանակն ա սովորելու: Չէր ասում, որ ամուսնացել ես, երեխա ունես, պետք է չսովորես, չէ, ինքն ուզում էր, որ իր կինն էլ իրեն հավասար քայլի,- պատմում է Ինեսան ու ժպտում։ Ասում է՝ այդպես էլ արեց՝ ընդունվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվորատորիա։ Ու հետագայում մարզից մարզ, քաղաքից քաղաք տեղափոխվելուց նրան օգնեց երաժշտական կրթությունը։ Ինքնուրույն աշխատանքի էր ընդունվում դպրոցում, երգչախմբեր ստեղծում՝ դասավանդելով ժողովրդական երաժշտություն..

https://hetq.am/hy/article/127735

Կիսվել