Երրորդ բևեռ չկա և չի լինելու

Արթուր Հայրապետյան Փետրվար 07, 2021

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲԵՎԵՌ

Ցավոք, առանց քմծիծաղի հնարավոր չէ լսել կամ կարդալ մեր հարաբերականորեն երիտասարդ այն քաղգործիչներին և վերլուծաբաններին, որոնք լուրջ դեմքով խոսում են Հայաստանի ներքաղաքական վիճակից՝ ակնհայտորեն պատրաստվելով նախընտրական քարոզին:

1. Նախ հայտնի չէ՝ լինելո՞ւ են արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ:
2. Եթե այնուամենայնիվ այդ միջոցառումը տեղի ունենա, Հայաստանի բնակչության ո՞ր տոկոսն է մասնակցելու դրան:
3. Ընտրողներից քանի՞սն են կարդալու մեր քաղ. ուժերի երկարաշունչ, այստեղից-այնտեղից թխած ծրագրերը:
4. Ի՞նչ գաղափարներ են մատուցելու ջախջախված երկրում մեր ավանդական և ոչ ավանդական կուսակցությունները: 

 

Առաջին հարցի պատասխանն առայժմ չունենք: Երկրորդը քիչ թե շատ պարզ է. հիասթափված, պարտությունից ուշքի չեկած, նոր պատերազմի վախով ապրող հասարակության մեծամասնությունն անտարբեր է լինելու ցանկացած ընտրության նկատմամբ: Ընդգծենք՝  հասարակության մի զգալի հատված ընտրել է փրկության ճանապարհը, որ ոչ թե փախուստն է ազատությունից, այլ սեփական երկրից: 

Երրորդ կետի պատասխանն էլ է հայտնի: Հայաստանի անկախացումից ի վեր ընտրություններ ենք անցկացրել և համոզվել, որ բնակչության մեծ մասը ծրագիր չի կարդում, անգամ չի պահանջում: Ի դեպ, երկար-բարակ ծրագրեր չեն կարդում նաև դեմոկրատական ավանդույթներ ունեցող երկրներում: Մարդիկ ընտրություն են կատարում՝ հետևելով կարևոր սկզբունքներին:

Հասանք 4-րդ կետին և ընկանք ոչ թե յոնջայի, ինչպես ենթադրում էինք նախորդ շաբաթ (Անդունդի եզրին՝ յոնջայի դաշտում), այլ կանեփի դաշտ: 

Մեր հարաբերականորեն երիտասարդ քաղգործիչներն ու վերլուծագանգերը հին երգն են կապել երրորդ բևեռի կամ երրորդ ուժի մասին՝ բնականաբար նկատի ունենալով իրենք իրենց: 

Հասարակությանը, սակայն, ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր գտնելու որևէ ռեալ գաղափար չի ներկայացվում: Պնդումը մեկն է. իշխանությունը և ընդդիմությունը քըխ են, մենք՝ երրորդներս, կգանք, ու ամեն ինչ լավ կլինի: 

Բացենք մեր սիրելի ընթերցողների աչքերը: Պարզաբանենք, որ Հայաստանում չկա երրորդ բևեռ (բնության մեջ էլ չկա): Հայաստանում երկու բևեռ կա. մեկը պատերազմն է, մյուսը՝ խաղաղությունը:

Պատերազմի բևեռն այսօր բազմագլուխ մուտացիա է. իշխանություն, որի գերագույն գլխավոր հրամանատարի հիմնական կարգախոսը ոչ վաղ անցյալում «Արցախը Հայաստան է, և վերջ»-ն էր, իսկ պատերազմի առաջին օրվա համոզմունքը հետևյալն էր. «Եթե բոլորին թվա, որ մենք պարտվել ենք, մենք մեզ պարտված չենք համարի»: Պարտությունից հետո այս մարդն իրեն պարտության համար մեղավոր չի համարում և շարունակում է դավաճաններ փնտրել ամենուրեք: Ընդդիմությունը դավաճան է հռչակել Ն. Փաշինյանին, դավաճանություն նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելը, բայց բնավ չի խոսում այն մասին, որ 1998 թ-ից սկսած՝ իր լիդերներն են Հայաստանն ու Արցախը նախապատրաստել պարտության: Մի խոսքով՝ երկու կողմն էլ պատերազմը դավաճանություն չեն համարում, արդարացնում են այն: Ի՞նչ ասես, օրինակ, իշխանության ներկայացուցիչներին, որոնք թութակների պես կրկնում են, թե իրենք հող չեն տվել, հողերը հանձնվել են, որովհետև պատերազմ էր: Ուրեմն սա միևնույն բևեռն է, միևնույն մուտացիան՝ կանեփի դաշտում: Որովհետև միայն անհույս թմրամոլն է այսքան կտրված իրականությունից: Թեպետ կանեփն այնքան էլ մեղք չունի: Կրկնահանցագործներն են ստիպված լինում անմեղսունակների դեր խաղալ:

2-րդ բևեռը խաղաղությունն է: Ի՞նչ է նշանակում սա Հայաստանի և Արցախի համար: Բացատրենք: Հայաստանի գալիք իշխանությունը, եթե, իհարկե, ունենանք սեփական իշխանություն, պետք է բացառի արկածախնդրությունը, պետք է կարողանա ճիշտ գնահատել երկրի հնարավորությունները, պետք է կարողանա ապահովել երկարատև խաղաղություն և կանգնեցնել արտագաղթը:

Երրորդ բևեռ չկա: Ընտրությունը պատերազմի և խաղաղության, մահվան և կյանքի միջև է: 

Գրիգոր Խաչիկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2021

Կիսվել