Երրորդ ուժի բացառման օրենքը հեղինակ՝ Ռաֆայել Իշխանյան

Արթուր Հայրապետյան Փետրվար 21, 2021

Երրորդ ուժի բացառման օրենքը հեղինակ՝ Ռաֆայել Իշխանյան աղբյուր՝ «Որն է մեր ճանապարհը», «Մաշտոց» 1989 թ․

Կարծում եմ՝ կյանքում մարդու գլխավոր նպատակը կատարելագործվելն է։ Բարելավվելը։ Վատից դեպի լավը գնալը։ Այլ խոսքով՝ փոխվելը դեպի կատարյալը։ Այն կարծիքին եմ, որ ամեն մի ազգի նպատակն էլ դա պետք է լինի։ Մանավանդ մեր հայ ազգինը։ Մեր անցյալի սխալները գիտակցել և ավելի ու ավելի անսխալ դառնալ։ Ասում են Ստեփան Զորյանի վերջին խոսքը մահվանից առաջ եղել է իր ժողովրդին նրա տված գնահատականը «պրիմիտիվ ազգ»։ Մեր ժողովրդի ու նրա ղեկավարների մի զգալի մասի քաղաքական մտածողությունը, խոստովանենք, իրոք, պարզունակ է եղել։ Օրինակ, մեզանում հայրենասիրություն է համարվում մահմեդականներին, մասնավորապես թուրքերին հայհոյելը, եղեռնի մասին շատ խոսելը, թուրքերի վայրագ լինելն անընդհատ հիշեցնելը։ Անցյալի գործիչներից ամենահայրենասերներն են համարվում թուրքերին շատ հայհոյածները, թուրք սպանողները։ Նորագույն շրջանի հայրենասերներն են համարվում Եվրոպայում թուրքական դեսպանների ահաբեկիչները։ Անշուշտ, բոլոր հայերը չէ, որ այսպես են մտածում, բայց սա մեր մեջ իշխող մի տրամադրություն է։ Սա հոգեբանական ձող է, որի մյուս ծայրը եվրոպամոլությունն է եղել։ Համալսարանի նախկին կուսքարտուղարը 1985 թ. ասաց, «Հայերի հայրենասիրություն նշանակում է ռուսասիրություն և թուրքատյացություն»։ Մեր պատմության վերջին շրջանում մեր շատ գրողներ, բանաստեղծներ մեզ՝ հայերիս Թուրքիայի տված ահավոր վնասները ներկայացնելով, թուրքերին հայհոյելով փառաբանում էին ռուսներին։ Հայոց եղեռնի մասին մի շարք գործերի հեղինակ Հ․ Շիրազը Սևանա լիճը գավաթ էր դարձնում, խփում Մասիս սարին, խմում ռուս ժողովրդի կենացը։ Նման տրամադրություններ արտահայտել են նաև շատ ուրիշներ՝ Խ․ Դաշտենցը, Մ․ Գալշոյանը, Ս․ Կապուտիկյանը, Ս. Խանզադյանը, Հ․ Սահյանը և այլն, Ռուսաբանությունը հայ գրականության մեջ գալիս է Խ․ Աբովյանից (գուցե ավելի վաղ շրջանից)։ Ինչո՞ւ եմ գրականությունը մեջ բերում։ Որովհետև մեր պատմական մի դժբախտությունն էլ եղել է այն, որ մեր քաղաքական ղեկավարներից շատերը եղել են և են գրողներ։ Գեղարվեստական գրականությունը (Րաֆֆի, Պատկանյան, Ահարոնյան և այլն) շատ կողմերով մեզ համար եղել է քաղաքականություն, քաղաքական ծրագիր։ Սա իրոք, դժբախտության է։ Զ․ Բալայանը, որ հայերեն չի գրում (նրա հայերեն տպված բռլոր գրքերը թարգմանություն են ռուսերենից), ամեն առիթով բացականչում է՝ «Մահ թուրքերին»։ Նրա «Օջախ» կոչվող գիրքը նվիրված է ռուսներին հաճոյանալուն, նրանց պանիսլամիզմով վախեցնելուն և թուրքերին ու ադրբեջանցիներին հայհոյելուն․ «ճակատագիրը մեզ պարգևել է մեր հյուսիսային հարևանին՝ ռուս մեծ ժողովրդին։ Ճակատագիրը մեզ ժպտացել է նաև նրանով, որ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ փրկվեց Արևելյան Հայաստանը․․․ Երկու ժողովուրդներն էլ (ռուսներն ու հայերը ― Ռ. Ի.) ունեցել են մեկ ընդհանուր թշնամի։ Թշնամի, որն իր հանգիստն է կորցրել Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միանալու պահից» և այլն։ Վերջերս հակաթուրքական մարտական հոդվածները շատացել են մեր մամուլում՝ Հայաստանի թե Սփյուռքի, այդ ոգով գրված նոր գրքերն էլ շատ են։ Մեզնից շատերի ուղեղում մեխված է «Թուրքիան մեր մշտական թշնամին է, Ռուսաստանը՝ մշտական բարեկամը» բանաձևը։ Պարզ է, հոգեբանորեն մեր հակաթուրքական մարտական կեցվածքը հենված է մեր թիկունքում ռուսական հզորության գիտակցման վրա։ Թուրքերն ու ադրբեջանցիները (եթե հաշվի առնենք նաև հարավային Ադրբեջանը) այսօր շուրջ 65 միլիոն են, հայերս ամբողջ աշխարհում 6 կամ ամենաշատը 7 միլիոն։ Թուրքիայի բանակը ըստ ռազմական տեղեկատուների ամենահզորն է եվրոպական ոչ կոմունիստական երկրների բանակների մեջ, մենք՝ հայերս բանակ առհասարակ չունենք, Թուրքիան կազմակերպված պետություն է, իսկ մենք իսկական իմաստով պետություն չունենք։ Երբ թուրքերի դեմ բռունցք ենք թափահարում, ո՞րն է մեր հենարանը։ Պարզ է՝ Ռուսաստանը, մասամբ էլ Արևմուտքը։ Ահա սա է երրորդ ուժը։ Երկրորդ ուժը մեր հարևաններն են։ Երբ ուշադիր նայում ենք վերջին մոտ 300 տարվա հայերիս քաղաքական պատմությանը, տեսնում ենք, որ գրեթե միշտ (մեկ, երկու բացառությամբ) այն հենված է եղել երրորդ ուժին ապավինելու գաղափարի վրա։ Այն, ինչ այսօր անվանում ենք Հայ ազգային ազատագրական շարժում, մեծ մասամբ ապավինել է երրորդ ուժին։ Մենք մեր ազատագրական ծրագրերը կազմելիս գլխավոր տեղը տվել ենք երրորդ ուժին՝ Արևմուտքին և Ռուսաստանին։ Դեռ 16-րդ դարում Միքայել կաթողիկոսի հանձնարարությամբ Աբգար Թոխաթեցին մեկնեց Իտալիա։ Նա Վենետիկի դոժի և Հռոմի պապի հետ բանակցություններ էր վարում հույս ունենալով, որ Հռոմը կամ Վենետիկը կազատեն «Սուրբ Սիոնը» (Հայաստանը) «անօրեններից»։ Հռոմը հայերին առաջարկեց կաթոլիկություն ընդունել։ Աբգարն ու իր որդին ընդունեցին և խոստացան, որ հայերն առհասարակ կընդունեն։ Իհարկե, Հռոմը, Վենետիկը ոչ մի օգնություն էլ ցույց չտվեցին Հայաստանին և ինչո՞ւ պետք է ցույց տային ու մանավանդ չէին էլ կարող ցույց տալ։ Աբգար Դպիրի այդ «ազատագրական» առաքելությունը մի տղայական ձեռնարկում էր, քաղաքական անգրագիտություն։ Բայց, իհարկե, ամենաբնորոշը Իսրայել Օրին է (1659 —1711)։ Գերմանիայում նա համոզում էր մի փոքրիկ իշխանության (Պֆալցի) տիրակալին իր զորքով գալ Հայաստան, պատերազմել Պարսկաստանի, նաև Թուրքիայի դեմ, Հայաստանն ազատագրել ու վերականգնել հայոց թագավորությունը։ Ուրեմն, Հռենոսի ափից գերմանացի իշխանը իր փոքրաթիվ զորքով (ջոկատով) պիտի անցներ Եվրոպայի կեսը, Ռուսաստանը, Կովկասը, հասներ պարսից սահմանը..

https://grapaharan.org/%D4%B5%D6%80%D6%80%D

Կիսվել