Ես վախենում եմ Երկնքից ու զարմանում եմ, թե ինչպես են կարողանում հանգիստ ապրել

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 04, 2020

 

Եղբորս վերջին նկարն է. պատերազմը մի ամսում իմ Քաջ Հրամանատարին ծերացրել էր. չէր համակերպվում իր Զինվորների կորստի հետ...
Սերն ու Պատերազմն իրար հետ էին։ Քառօրյայի ժամանակ էլ հարսիկս Ջաբրայելում մնաց մոմի լույսի տակ ու սպասեց իր Սիրուն։ Հիմա էլ նույնն էր՝ իր տղաներին ուղարկեց մեզ մոտ ու սպասեց Նրան... Հռիփսիմեն իր Սիրո կողքին ծառայում էր մեր հայրենիքին ու հոսպիտալում տարիներ շարունակ բուժում Եղբորս Զինվորներին։
Նրանց Սերն այնքան եզակի էր, որ չդիմացավ այս աշխարհի չարիքին, բայց այդ Սերն այսօր համոզված է, որ Հաղթանակ է տոնելու, այդ Սերը վստահ է, որ թափված արյունը օրհնություն է մեզ շնորհելու։ Այդ Սերը, որը դեռ չի գտել Եղբորս մարմինը, ամեն ժամ աղոթում է մեր հաղթանակի համար։ Եղբորս Սերն այնքան անսահման էր այս Սեր սփռող աղջկա հանդեպ, որ ամբողջ կյանքում պարտավոր եմ խոնարհաբար շնորհակալ լինել և փարատվել նրանով...
Այս ինչ արեցիր, անվախ հրամանատար... Ես պատրաստ չէի այսքան.... 

Քեզանից հետո ես հիասթափվել եմ աշխարհից, պատկերներից, որոնք այնքան գունավոր էին թվում, երևի հենց սա էիր ուզում ինձ համար, որ մտածեմ, թե մոլորակն այնքան բարի է, բայց, ավաղ... Ես հասունացա դիահերձարաններում, երբ խելագարի պես Քեզ էի փնտրում, ես ծնկի իջա այն ժամամակ, երբ վառված Տղաների թևերի վրա խաչ էի ուզում տեսնել, որ քեզ գտնեի...Ես վստահ էի՝ ամեն քայլիս ժամանակ, որ հետս ես, որ կողքիս ես, բայց չգիտեի, որ ինձ այսքան ուժեղ դարձնելու ուղին սա էր լինելու։ Վառված Տղաներին այնքան ամուր էի ուզում գրկել, տանջված ու Հզոր Տղաներիս, որոնց կյանքի համար պատասխան են տալու նրանք, ովքեր ժամանակին չկանգնեցրին այս արհավիրքը։ Ստեփանակերտ գնալս ինձ ջարդուփշուր արեց ու ով էլ գնա՝ նույն զգացումն է ունենալու՝ սա հայրենասերի ճանապարհ չէ։ Ճանապարհը հսկող տղաները,երբ տեսնում էին պապային, կանգնեցնում էին մեքենան ու լացում մեզ հետ, բայց ես սովոր չեմ սրան, սովոր չեմ այս համատարած վշտին, ես ուզում եմ մարդկանց ուրախ տեսնել քո բացակայությունից հետո, որովհետև Դու ու քեզ նման մեր Տղաները գնացին, որ մենք ապրենք՝ կիսատված, բայց ապրենք։ Ես էլ անզոր եմ գնալ Ստեփանակերտ, ձախ կողմում տեսնել ռուսներին, աջ կողմում՝ թուրքերին ու մեռած տեղ հասնել։ Ախր այնքան ուրիշ էր ամեն բան, երբ կայիր Դու։ Դու և Տղաները չէիք դիմանա այս ցավին, դրա համար Ձեզ նման Հայրենասեր Ուժեղներին վերացրեցին, վառեցին, որ կարողանան շնչել։ Վերջին տակնուվրա լինելս Ստեփանակերտում էր, երբ անուն ազգանունդ բարձրաձայնեցի ու լսեցի մարտական ընկերոջդ գոռալը. պատմեց, որ իսկական Հերոս ես, որ բոլորի հետ կռվում էիր Զինվորներիդ համար, բայց հիմա, հենց հիմա էր քո կռվի ժամանակը։ Ես վախենում եմ Երկնքից ու զարմանում եմ, թե ինչպես են կարողանում հանգիստ ապրել... Չե՛ն մարսելու....

 

Նանե Արզումանյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024