Էշի տեղ դուք եք դրել հանրությանը

Արթուր Հայրապետյան Մարտ 06, 2021

Երրորդ օրն է, ինչ իշխանության կողմնակիցները մեծ ոգևորությամբ տարածում են ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Արթուր Մանուկյանի ելույթը՝ նվիրված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Նրանց հատկապես գերել է պատգամավորի ելույթի այս հատվածը. «Ոնց էր էդ մարդու ազգանունը. Վարդազարյան ազգանունով մարդը 2 օր ապականեց ցանկացած ողջախոհություն և տրամաբանություն: Ասեց, որ կայունության համար արել է հայտարարություն, որը բերել է անկայունություն: Երբ էդ մարդը խոսում է արդարությունից, ես սարսափում եմ: Ինքը փորձեց մեզ վիրավորել, բայց ինքն իրեն վիրավորեց: Հարգելի պարոն Մկրտչյան ջան, ձեր գործընկերն է անարգել ձեր մասնագիտությունը, արդարությունը կարող են վիրավորել միայն դատավորները: Հաստատեք էս երկրում արդարություն. Էդ մարդը երկու օր էշի տեղ դրեց բոլորին. դուք եք ընտրել նրան»:

«ՉԻ». Եթե ռուսական «Կոմերսանտը» հետևեր նաև Մանուկյանի ելույթին, ապա կգրեր՝ դժվար է հավատալ, որ այսպիսի ելույթ ունենում է իշխանական պատգամավորը: Միանշանակ, մասնագիտությամբ դերասան Մանուկյանը «Օսկարի» արժանի հավակնորդ է: Իհարկե, Փաշինյանից հետո:

Էշի տեղ դուք եք դրել հանրությանը՝ մտածելով, թե տեղյակ չեն՝ ինչ ճանապարհով է Վարդազարյանը դարձել ԲԴԽ նախագահ: Սովորության համաձայն, ձեր մեղքը բարդում եք ուրիշների վրա: Եթե Մանուկյանը մի քիչ ուշադիր լիներ, ապա կիմանար, որ նախկինում ամենավարկաբեկված դատավորներից մեկը՝ Վարդազարյանը, ԲԴԽ նախագահ կարգվեց իշխանության դաբրոյով: Ավելի կոնկրետ՝ Վանեցյանը Փաշինյանին համոզեց, որ վստահելի մարդ են գործուղում ԲԴԽ:

 

Փոխանակ խոստովանեն, որ դավաճանել են հեղափոխությանը, քանի որ Վարդազարյանի հետագծով դատավորը պաշտոնական առաջխաղացում պետք է չունենար, մի հատ էլ սովորության համաձայն մուննաթ են գալիս ուրիշների վրա: Կարող է մի օր էլ պարզվի, որ դատավորները հրաժարվեցին վեթինգից: Դատավորները հրաժարվեցին լյուստրացիայից ու բարեվարքության խիստ կանոններ սահմանելուց:

Իշխանությունը հաճախ է դժգոհում ընդդիմության մանիպուլյացիաներից, բայց այսպիսի ելույթները փաստում են, որ կարող է մի բան էլ ֆորա տալ ընդդիմությանը:

ՉԻ

Կիսվել