Եթե պետությունը ապազգային է 1915 թ. շարունակվելու է

Արթուր Հայրապետյան Ապրիլ 24, 2021

ԲԱՑԱՌՈՒՄ

 

1915 թվականը սկսվեց 428 թ-ին… Մեր պատմության այդ ամենամառ, ամենաողբերգական, ամենամահահոտ ու ամենադժնատեսիլ էջը իր ընդգրկունությամբ արդյունք էր շատ ավելի երկարատեւ ժամանակների իրադարձությունների, որովհետեւ չէր պայմանավորված մեկ օրվա, մեկ տարվա կամ մեկ հարյուրամյակի հատվածով: Նրա նախասաղմնավորումը երեւակվում է այն պահից, երբ, մեր տեսակին անհարիր, հազվադեպորեն ի մի եկած, դիմեցինք Տիզբոն` վերացնելու մեր պետականությունն ու անկախությունը ` ինքնախաբվածորեն գերադասելով ստրկության շղթաների երաժշտությունը ազատության զանգի ղողանջներից: Դարձած բանականազուրկ եւ մտածանծաղ` ուրախությամբ, օվսանաներով եւ զուռնա-դհոլներով, դափերով ու ծնծղաներով ինքներս ստորագրեցինք մեր մահվան դատավճիռը, մեր ողջամտությունը զոհաբերելու կրքից արբեցած` ինքներս մեզ առաջնորդեցինք կառափնարան, ինքներս քարուքանդ արեցինք մեր հոգու ամրոցներն ու միջնաբերդերը, ապա մեր գալիք լուսաբացները ներկեցինք արյամբ ու սարսափագույնով, որովհետեւ քրիստոնեությունը ըմբռնեցինք ուղղակիորեն, սակայն մեր աղոթքը չեղավ ուղիղ եղիցի, ու ապտակողին մյուս երեսը պարզելը դարձրեցինք դավանանք, եթե, բնականաբար, ապտակողն օտարազգի էր, իսկ թշնամուց պաշտպանվելու փոխարեն, մերայինների կոկորդ կրծելը իբրեւ կացութաձեւ արմատացրինք մեզանում ու մեր արյունը արտազատեցինք մեր ոգորումից: Մարդկության պատմության մեջ չլսված բան է, երբ ամբողջ մի ժողովուրդ այնքան է ատում իր արքաներին ու պետությանը, որ գերադասում է օտարի բռնատիրությունը եւ իր ճակատագիրը գոհունակ ու կամովին հանձնում է հարստահարողի ողորմածությանը` միայն թե իր տեսակը չղեկավարի ու չկառավարի իրեն: Դահճին հանձնվելու ինքնաոչնչացումի նման տենդ, ինքնաժխտման նման բերկրանք, ինքնասպանության նման հոգեհեշտանք դժվար է գտնել այլուրեք:

Հենց վերոբերյալի առնչությամբ է գրված մեծն Խորենացու ՙՈղբը՚, որ իր հատու շեշտադրությամբ ու ծովածավալ ալեբախումներով մեր պետականության անկումի ու համատարած բարոյալքման հորդասարսուռ մահերգն է ահագնացնում, եւ մեզ կոչում սթափության և իրատեսելու: Բայց ո՞վ լսեց կամ ո՞վ է լսում այդ ձայնը, որ դեռ առ այսօր էլ չի կորցրել իր ուժգնությունն ու ահասաստկությունը: Դա Հայկ Նահապետի նետաձայնն է, վահագնների ու վահեների, արամների ու պարույրների, արտաշեսների ու տիգրանների, արտավազդների ու արշակների, մեր բոլոր հայկազուն նահապետների եւ մեր արյան արքայաձայնը, որ գալիս է հազարամյակների խորքից, այնքա՜ն խրոխտ, այնքա՜ն` վսեմագույն, որքան շնչառությունն է Արարատի` ջրհեղեղից հին, ջրհեղեղից խորհրդավոր, պարզապես մեր ականջը ի տրիտուրն հարմարվել է օտար առասանություններին ու հնչյուններին և այնքան է թաղանթազրկվել ու այնքան անդառնալիորեն է խորթացել մեր էությունից, որ մեզ անհասու է այդ ձայնը, որ խավարից լույսի ազատագրումն է ազդարարում մշտապես:

Ու եղավ այդպես… մեր ձեռնարկմամբ մթագնեցինք մեր հերոսականությունը, վերջնականապես հեռացանք արիականությունից, հեղձեցինք ու ստերջացրինք ծիրանածովյան երկունքները մեր խոյանքների, ու թեեւ հետագա ընթացքում կարճատեւ շրջաններում ունեցանք թագավորություններ, բայց 428 թվականը հիմնովին կոտրեց մեր պետականության ողնաշարը եւ խարանի պես վավերացավ մեր գենային ենթագիտակցության մեջ, իսկ թշնամու խղճմտանքին հանձնվելու անհեթեթ լավատեսությունը դարձավ գոյակերպ ու բնավորություն, որովհետև զոհի ձեռքբերյալ բարոյականությունը ենթագիտակցորեն լլկեց տաճարը մեր ինքնաճանաչման հավատամքի:Հին աստվածներին ուրացանք անդառնալիորեն, նորերին ուղղափառորեն ընդունեցինք, արդունքո՞ւմ… Արդյունքում մեր քարտեզը դարձրինք լվաչափ ու այլասերեցինք մեր աշխարհագրությունը, ծովերից ու բերրի տարածքներից նահանջեցինք ու թառեցինք քարաժայռերի վրա և համակ ողբասացություն դարձրինք մեր պատմությունը ու քարոզության այդ եկամուտ տեսակը որդեգրեցինք իբրև մարգարեություն և լալյաց կանանց արտասուքներով լվացինք մեր անցյալը, բայց այդուհանդերձ ներկան դրանից չմարգարտացավ, և սեգ արծվի ու շահենների փոխարեն տաք երկրներ չվող կռունկի կառաչաձայնը դարձավ մեր խորհրդանիշը ու չապագան:Բնիկ սահմանները պաշտպանելու փոխարեն մայրաքաղաքները տեխափոխեցինք ու փոխարինեցինք հապճեպորեն, բռնագաղթերին այնպես ընտելացանք, որ կամավոր գաղթելը դարձրինք ապրելակերպ, այլոց մեջ հաճախ այնպես ուծացանք, որ մեր հայությունից որևէ մասնիկ չպահեցինք, որովհետև տխուր աչքերը դարձրինք արտահայտիչը մեր հոգեկերտվածքի և մեր հոգևոր մայրաքաղաքը վերջնականորեն թաղեցինք գավառականության մեջ այլասիրության։

Իրականո՞ւմ… Իրականում 428 թվականը մեր իսկ ձեռամբ այդպե՜ ս խմբագրեց մեր պատմությունը, իրականում դրանից հետո այլևս չպայքարեցինք միասնականորեն և մեր առջև չդրեցինք միասնական պետություն ունենալու գաղափարը:Եվ ի՞ նչ եղավ… Հերոսականությո՞ւն,- որքա՜ ն ուզեք, հաղթանակնե՞ր,- որքա՜ ն ուզեք, իշխանապետություննե՞ր,- բազո՜ ւմ, նահատակություննե՞ր,- անթի՜ վ, եզերքային քաջությո՞ւն,- անբա՜վ, բայց բնօրրանը վերականգնելու ոչ մի ճակատամարտ, ոչ մի ոգորում:Անժխտելի փաստ է, որ մենք միմիայն այնժամ ունեցանք բարձրաբերձ թռիչքներ, երբ մեր արյան սահանքները փոխարինեցինք հաղթության հորդագետերով ու դարձանք միասնական եւ համախումբ:Թշնամիները լա՜վ հասկացան մեր հզոր նախնիներից մեզ ժառանգած մեր միասնական ներուժի այդ զորության գաղտնիքը… Մե՜ նք չհասկացանք…

Սնապարծությունը մեզ հասցրեց նրան, որ պառակտման ցեցը ձվադրեց մեր մեջ, եւ յուրաքանչյուրս արքա կամ իշխան լինելու բարդույթն ունեցանք և ունենք, ու ամենքիս մեջ քաղցկեղացավ այն մտագարությունը, թե ինքն էլ թագավոր է, որ ումից է պակաս, եւ ազգիս մեջ չկա մեկը, որ ավելի բարձր կանգնած լինի իրենից, սակայն այլոց արքաների առջեւ եղանք խոնարհ, ստորաքարշ, նվիրական, պատրաստակամ` մարտիրոսվելու ու զոհաբերության… Դարձանք օտարապաշտ եւ օտարաբովանդակ, ավելի քրիստոնյա եղանք, քան Քրիստոսը, բյուզանդացուց ավելի բյուզանդացի եղանք, պարսիկից` ավելի պարսիկ, թուրքից` ավելի թուրք, ռուսից` ավելի ռուս, ամերիկացուց` ավելի ամերիկացի… Սրա ապացույցները բազում են, իսկ կիզակետը 1915 թվականն է, որ օտարամոլության ու օտարաբաղձության խաբկանքի դաժան հատուցումը եղավ:

428 թ. իր վայրիվերումներով շարունակվեց հետագա ժամանակներում եւ առավել ակնառու դարձավ 10-11-րդ դարերում: Հայ բնակչության մեծ տեղահանումները եւ բնակավայրերի ՙցանկապատումն՚ այլազգիներով Բյուզանդական կայսրության արտաքին քաղաքականության կարեւոր հիմնախնդիրներից էր եւ առավել թափ ստացավ Բագրատունյաց հարստության վերացմամբ: Բյուզանդիան ամեն կերպ քանդում էր ու ոչնչացնում պետականության որեւէ դրսեւորում կամ մնացուկ, որ դեռեւս առկա էր հայերի մոտ եւ հաճախ արյամբ ու կոտորածներով ստիպադրում դավանափոխ լինելու` ըստ այդմ կիրարկելով ազգաձուլումի և միատարրության կայսրապետական գերսկզբունքը: Զրկված բանակից եւ պաշտպանվելու որեւէ հնարավորությունից` նա հայերին ոչ միայն չէր պաշտպանում հրոսակների ասպատակություններից, այլեւ հաճախ ինքն էր գրգռում այդ արշավանքները ու քաջալերում դրանք:Ոգեւորված ծավալապաշտական հաջողություններով` Բյուզանդիան չհասկացավ կամ չտեսավ, որ գալիս են նոր ժամանակներ, ու սկսվում են ժողովուրդների մեծ տեղաշարժերը, որ կործանելով Հայաստանը` կործանում է իրեն:

Մարդկային պատմությունն անողոք է` հար եւ նման կյանքի հերթագայությանը:Հաղթում է այն տեսակը, որն ավելի կենսունակ է:Հզորը պարտվում է ոչ թե հզորից, այլ` թույլերի ոհմակից: Սա է դաժան օրենքը բնության ու մարդեղության: Մարդաբջջից աստվածային տարրի բացակայությունը եւ անջատումը հանգեցնում է կոտորածների ու փլուզման: Արարածների մեջ միայն մարդն է, որ հագուրդ է ստանում իր տեսակին հոշոտելուց: Չըմբռնել այս ճշմարտությունը եւ երեւակայել, թե ապրում ես այլ իրականության մեջ, նշանակում է մարմնալափ խրախճանողների սննդամթերքը դառնալ: Ոչինչ ավելի: Իսկ իրողությունն այն է, որ գիշատիչները երբեւէ չեն բավարարվում անարյուն զոհաբերությունից ու չեն դադարեցնում իրենց ատամնակռճտոցը` մինչեւ որկորը չլցվի ամբողջորեն և արյունից չառնեն հեշտանքը բերկրության:

Բյուզանդիոնի փլատակների վրա հաստատված Օսմանյան կայսրությունը որդեգրեց իր նախորդի այս քաղաքականությունը, հայկական քաղաքներում ու շեներում առատացնելով մահմեդական տարրը` այսկերպ զրկեց հայերին երբեւիցե միասնական ճակատով հանդես գալու հնարավորությունից:Համատարած թրքացման ու քրդացման պատկերի վրա զուտ հայկական բնակավայրերը այնքան էին կտրտված ու խորթացած իրարից, որ հիշեցնում էին դրեյֆող սառցաբեկորների, որոնք հալչում էին ու կորչում ազգաթմբիրի եւ ազգանիրհի հեղձամղձուկ օվկիանոսում: Անասելի ծանր հարկերը, բռնություններն ու ջարդերը հյուծում ու ջնջում էին տասնյակ հազարավորների: Սակայն հայերը տարօրինակորեն դիմանում էին ու դիմադրում, եւ դրա յուրահատկությունը արյան մեջ պահպանվող մշակույթն էր, լեզուն էր մայրենի, եկեղեցին էր, որ յուրահատուկ բեմական հնարանքով տակավին քրիստոնեության հանդերձի տակ մեր արքայական ժամանականերն էր բեմադրում, հայկական բազմանդամ ընտանիքն էր, որ իր կառույցում տակավին պահպանում էր հայկական պետության վաղեմի ավյունը:

Ռուս-պարսկական եւ Ռուս-թուրքական պատերազմները, Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, ապա Բալկանյան պետությունների անջատումը Թուրքիայից, բոլորովին նոր իրավիճակ ստեղծեցին եւ արեւմտահայությունը հավատաց թուրքական բռնապետությունից ազատագրվելու իր երազանքի իրականացմանը: Ցարական Ռուսաստանը մշտապես ոգեւորում էր արեւմտահայությանը, սակայն իրագործում էր նանրական ծրագրեր: ՙՀայաստանն առանց հայերի՚ - այս էր նրա քաղաքականությունը, ուստի թուրքական պետությունից հայության, հատկապես տեղաբնակչության օգնությամբ գրավում էր տարածքներ, ապա նենգադավ նահանջում` տեղաբնակներին թողնելով հիմնաոչնչացումի ճիրաններում կամ գաղթեցնում էր իր հետ:Այսպես ծագեց Հայկական հարցը ու բարձրացավ եվրոպական դիվանագիտության թատերաբեմ, հարց, որ ոչ թե ունեցավ հայանպաստ էություն, այլ դարձավ աշխարհի քարտեզը նորովի գծագրող տերություների շահարկումների սարդոստայնը…

Իսկ մե¯ զ ինչ, մեզ` ավա¯ղ, վիճակվեց սարդաթելերի մեջ ճանճի պես տզտզալու ու հոգեվարք ապրելու եղերական կարգավիճակը: Մենք դյուրաբար հավատացինք այն թյուրըմբռնմանը, որ քրիստոնեից աշխարհը հնարավորինս կանի մեր խնդիրը լուծելու, որ Եվրոպան է մեր միակ փրկությունը:Հեշտ մոռացանք, որ ընդամենը մի քանի հարյուր տարի առաջ նույն հավատքը վերջնականորեն կործանեց Կիլիկիո գահը:Կաթողիկոսո¯վ հավատացինք, մինչեւ Վեհը հիմնովին հիասթափված չփոխաբերեց ՙթղթե շերեփի՚ առածասույթը: Բայց արդեն ո¯ւշ էր:Դրանից հետո¯ էլ խելքի չեկանք, հավատացի¯նք, թե այլք պիտի ազատագրեն մեզ, մինչ մազերի ծայրը հավատացինք եւ այսօր էլ դեռ շատերը մեզնից էլի հավատո¯ւմ են…

1915-ին նախորդող մեծ ալիքը 1890-ական թվականներն էին, սուլթան Համիդի իրագործած ահասարսուռ ու արնավեժ կոտորածներն ու ջարդերը, որոնք ոչ այլ ինչ էին, քան կատարյալ ազգասպանություն ու ազգաոչնչացում, սակայն դոքա նույպես չսթափեցրին մեզ, որովհետեւ այնքան էինք իրարից կղզիացել ու ազգովին մասնատվել, որ եթե դա մեզ հետ չէր տեղի ունեցել, կատարվել էր կողքի գյուղում կամ քաղաքում, մեր հարեւանին էր հասել կամ զարկել մեր մերձավորին, չէինք համարում մերը, ընդհակառակը` հաճախ ավելի մեղավոր էինք համարում մեր ազգակիցներին ու մխիթարվում, որ այդ դժոխքը մեր կողքով է անցել, չի դիպել մեր անձին կամ ընտանիքին: Միայն աբովյանները, րաֆֆիները, պատկանյանները ու նրանց հոգեզավակ ֆիդայիները հասկացան, որ սրի դեմ հնարավոր է կանգնել սրով, որ ՙմիայն զենքով կա հային փրկություն՚… Նրանք մեր ասպետական ոգին ժառանգած այն քաջորդիներն էին, որոնց արյունը չէր գունազրկվել ժամանակի ժանգից ու ժահրոտությունից, սակայն մեծաքանակ թշնամու առաջ քիչ էին, ուստի իրենց քանակով սակավ ընտրեալք ու երազկոտ ռոմանտիկներ: Հազար օրհնա°նք, փա°ռք եւ պատի°վ նրանց: Մեծ եւ հզոր ուժ էր նաեւ ծավալվող կամավորական շարժումը, որն, ավա¯ղ, գործեց ռուսական կայսրապետական շահերի համար, կախված եղավ նրա քմայքներից ու այդպես էլ չիրագործեց իր ծրագրերը նվիրական:

Թրքական հեղափոխությունը, որ ֆրանկականից փոխառել էր ՙեղբայրություն եւ հավասարություն՚ կարգախոսները մեծ ոգեւորություն առաջացրեց արեւմտահայության շրջանում, որովհետեւ արյունռուշտ սուլթանին փոխարինելու էին գալիս Եվրոպայում ուսյալ եւ մարդկության մեծ արժեքները սերտած թուրք ՙժողովրդավարները՚:Ավա¯ղ, բազմաթիվ հայ քաղաքական գործիչներ ու կուսակցություններ մեծապես նպաստեցին այդ գալստյանը ու ողջունեցին այն եւ չտեսան այն դիվականը, որ թաքնված էր այս նոր զարգացումի ծխաքողում: Կուլ տված այդ փայլփլուն ու հրապուրիչ խայծերը` մեր քաղաքագետները կոչ էին անում ու համոզում իրենց հայրենակիցներին, որ իրենց մոտ պահվող անօրինական զենքերը անհապաղ հանձնեն այս նորակերտ ու մարդասեր կառավարությանը: Հայերի հացի դանակն անգամ զենք էր համարվում:Միայն քչաթիվ մտավորականներ ու ֆիդայիններ չենթարկվեցին այդ ազգապատրանքին, որովհետեւ այդ համատարած ոգեւորության մեջ նրանք չէին կորցրել իրենց հիշողությունն ու հոտառությունը հանդեպ քիչ առաջ թափված, բայց դեռ չլերդացած ու չչորացած արյան:Հիշողությունից զրկվելը բթացնում է բոլոր զգոնությունները եւ հավասարազոր է մահվան: 1915 -ի եղերացման հիմնատարրերից մեկը համընդհանուր հիշողությունազրկումն էր, որ հորձանք էր տալիս բոլորեքյան` վերածվելով ազգային սկլերոզի: Դժբախտաբար այսօր էլ այդ ախտանիշը գոյություն ունի մեզանում եւ առանցքն է որոշ մտագարների գաղափարաբանության: Հենց այս միեւնույն տեսակն էր, որ այն ժամանակ քարոզում էր մոռանալ եղյալը ու լիակատար հանձնվել ֆեսերը եվրոպական հագուկապի փոխարինած թուրքերի ողորմածությանը:Իրականում այդ նոր թուրքերը, որ ՙերիտթուրքեր՚ անվամբ վավերացան, իրենց բոլոր դժբախտությունների պատճառը համարում էին հայերին և, սպասելով հարմար պահի, ժանտագանգերում որոճում ցեղասպանության դժնատեսիլ ծրագրեր:Հայերի գոյությունն էր խանգարում հողեղեն դարձնելու պանիսլամիզմի և պանթյուրքիզմի վաղեմի երազանքը:Եվ պահը եկավ:Եկավ Ա աշխարհամարտի կերպարանքով:Եկավ անսպասելի շուտ: Օգտվելով պատերազմի ընձեռած հնարավորություններից` եվրոպացած թուրքերի կառավարությունը 18-ից մինչեւ 60 տարեկան հայերին զինապարտ համարեց եւ մոբիլիզացրեց ծառայության` նրանց վերապահելով զենքից հեռու` զուտ շինարարական, ինժեներական աշխատանքներ կատարելու պարտականությունը: Սա ազգաջնջման ծրագրի առաջին եւ կարեւոր կետն էր, որովհետեւ շինարարական աշխատանքների կոչված անզեն տղամարդկանց տնից-տեղից, աշխարհի աչքից հեռու եւ պատերազմի քողի տակ բավականին դյուրին էր ոչնչացնելը, ինչը եւ արվեց ամենաբարբարոս, ամենաանմարդկային եղանակներով: Իրարից մեկուսի հայկական քաղաքներում ու շեներում հիմնականում մնացել էին մանուկները, ծերերը եւ կանայք:Երիտթուրքերի կառավարությունը դրանց համարեց անհնազանդ տարր եւ, բորբոքելով կրոնական մոլեռանդությունը, մարդատյացության ամենանողկալի ու եղկելի հենքի վրա, սանձազերծեց ոճիրների ոճիրը, որն իրականացավ բանականությունից ու երեւակայությունից դուրս սադիզմով: Սա նախադեպը չունեցող եզակի դեպքն էր, երբ մարդաճիվաղը հասել էր իր ցնծության գագաթնակետին, բերկրում էր արյան հափրանքից, խոշտանգումի ու հոշոտման արբունքից վայելք էր ապրում անասելի:Ի տարբերություն հրեաների, որոնց հոլոքոստը տեղի ունեցավ այլ երկրներում ու համարվում է աշխարհի մեծագույն մեղքը, սա կատարվում էր հայերի բնօրրանում` շատ ավելի բիրտ, նանրազազիր ու սահմռկեցուցիչ հնարանքներով: Ֆաշիստական օսվենցիմներն ու բուխենվալդները պարզունակ դրսեւորումներ են դերզորների ու համատարած հայերի հոշոտումների սարսափապատկերների ու գիշակերության առաջ, ուր մարդանեռը խրախճում էր ինքն իրեն գերազանցելու տռփանքից:Կարճատեւ ընթացքում համարյա ամբողջությամբ ոչնչացվեց արեւմտահայությունը, իսկ այդ գեհենից մի կերպ դուրս պրծած խլյակները ցիրուցան եղան աշխարհով մեկ:Սակայն 1915 թվականը չավարտվեց 1915-ին:Նա իր շարունակությունն ունեցավ հաջորդիվ, բուռն թափով ծավալվեց ամենուր, որտեղ հայ կար ու վերստին չարագույժ վայոցներով հասավ Զեյթուն, դարձավ Կարսի, ապա Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր, ապա մտավ մեր հոգեբանության մեջ, դարձավ կորուսյալ հայրենիքի մորմոք ու կարոտակիզում, սեփական ուժի վստահության կրավորացում, թվայնացավ մեր ժառանգամասնիկների մեջ եւ իբրեւ կորստյան բարդույթ մասնակցեց ու մասնակցում է մեր կենսահոլովման համակարգում:

Պատերազմական գործողությունների հետագա ծավալումը, ապա Ռուսաստանի բոլշեւիկացումը մեծ հնարավորություն տվեցին Թուրքիային իրականացնելու համիդյան ժանտուղեղից վիժած եւ բիսմարկյան օրհնությունը ստացած, իբրեւ թանգարանային նմուշ, աշխարհում մեկ հայ թողնելու վաղեմի ծրագիրը: Չունենալով որեւէ դիմադարձում` թրքական մահօղակը սեղմվեց եւ հասավ Էջմիածին ու հոգեվարքի վերջին գալարումների հասցրեց այդ մի փոքր տարածքում ծվարած հայերին.. Բայց կատարվեց հրաշք: Հանկարծ հայկական երակներում արթնացավ նախնիների ազնվածուփ արյունը, եւ մոխիրներից ու մահափոշուց հառնեց Հայաստանի Հանրապետությունը:Հակառակ խորհրդային պատմաբանների քարոզաբանության, որն առ այսօր ամրագրված է մեր ենթագիտակցության մեջ, եւ ի հեճուկս նիհիլիստական մակացությունների ու մտայնությունների, մեծ է, արդարեւ անասելի մեծ, Առաջին հանրապետության դերն ու նշանակությունը եւ թողած ազդեցությունը մեր հետագա ընթացքի վրա: Փաստորեն` 600-ամյա մղձավանջից հետո անհնարին վիճակից ու պայմաններից վերջապես մայր հողի մի փոքրիկ հատվածում բողբոջեց ու շիվեր տվեց հայկական պետականության գոսացած ծառաբունը: Ստեղծվելով համարյա ոչինչից` ընդամենը 12000 քառակուսի կիլոմետրի վրա, Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն կարողացավ շտկել իր մեջքը, այլեւ ունեցավ բազմաթիվ ձեռքբերումներ, որոնց պարտական ենք մեր այսօրվա գոյության եւ մեր ազգային շարունակության համար: Սարդարապատո¯վ սկսվեց մեր պետականությունը, ազատամարտ, որը, հիրավի, մեր համահավաք ուժի խորհուրդն է, մեր հերոսականության պանծալի էջը: Այստեղ նահանջեց ու սպիացավ 1915-ը, իսկ 428-ը կծկվեց, իր մեջ ներքաշեց քաղցկեղածին շոշափուկները եւ դադարեց սպանիչ զարգացումից: Սարդարապատով թրծված հայկական բանակը կարճ ժամանակում կարողացավ թշնամուց հետ խլել մեր գրավյալ տարածքները եւ կայացնել այդքա¯ն երազած պետությունը: Ցավո¯ք, երկու տարվա կյանք ունեցավ այն: Բայց ճշմարիտ է, որ նրան փոխարինելու եկած Խորհրդային Հայաստանը կերտվեց հենց այդ պետության հիման վրա, առանց որի մեր պատմությունը կմնար հավիտյան մթագնած: Հայ բոլշեւիկները ոչ մի թիզ հող չավելացրին իրենց թողնված տարածքի վրա, հակառակը` հանձնեցին Անին, Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Նախիջեւանը, Ղարաբաղը… Եթե չլիներ Առաջին հանրապետությունը, Խորհրդային կայսրության մեջ այդպես էլ մեզ չէր տրվի հանրապետության կարգավիճակ, այլ եղյալը սիրով կտարրալուծվեր մեր մերձակա հարեւանների միջեւ: Զորօրինակ` նախկինում պետականություն չունենալու պատճառով հայերից ավելի մեծաքանակ բնակչություն եւ շատ ավելի մեծ տարածք ունեցող թաթարներին չտրվեց նման արտոնություն եւ հանրապետության կարգավիճակ: 1915-ը մակընթացվեց Հայաստանի խորհրդայնացման հետ, ամենասկզբից եւեթ, այս անգամ իրականացվեց նոր` եղբայր թուրքերի գաղափարաբանությամբ:Համագործակցելով թուրքերի հետ` հայ բոլշեւիկները նոր հորձանք տվեցին 1915-ին:Մի բուռ Հայաստանը մասնատելուց հետո Սարդարապատի հերոսների եւ ֆիդայինների կացնահարումը, համատարած աքսորներն ու գնդակահարությունները, ազգայինի ցանկացած դրսեւորում արմատախիլ անելը դրա պերճ վկայումներն են: Ոչնչացվում էր ով կամ ինչ, որ մի քիչ հայկական հիշողություն ուներ:Անգամ չխնայվեցին մեծն Հովհաննես Թումանյանի ժառանգները, կարմիր կացինը հիմնովին հատում էր այն ամենը, ինչը գոնե հայրենիք էր կրում:Այդ մղձանքի երկրորդ մեծ ալիքը բարձրացավ 1937-ին, եւ մեր մտավորականության սերուցքը բնաջնջվեց ի բնե: Ձեռագիրը նույնն էր. այս ամենի գլուխ կանգնած Ստալինն ու Բերիան լավ էին սերտել երիտթուրքերի դասերը, դեռ տաք էր ապրիլի 24-ը:Նրանց զորակցում էր միջակությունը, որ, հանուն համայնական գաղափարների պատրաստ էր զոհաբերելու ամենայնը: Անհեթեթությունը հասավ այնտեղ, որ ՙժողովրդի թշնամի՚ անվան տակ բռնությունների էր ենթարկվում նույն ժողովուրդը ու տարվում աքսորներ ու կառափնարան:Իր մանր եւ մեծ ալիքներով եւ համայնավարական կայսրության ծիսակարգով 1915-ը շարունակվում էր մեզանում, շարունակվում էր բռնությունների տեսքով, ապազգայնացման քաղաքականությամբ, համաձուլումի պարտադրանքով, ռուսական դպրոցների տեսքով, սակայն 1965-ի ազգային զարթոնքը կասեցրեց նրա ծավալումը, Մոսկվան ստիպված հաշվի նստեց հայ ժողովրդի ազգային ձգտումների հետ, եւ, հակառակ տարիներ վարած իր քաղաքականության, հնարավորություն ընձեռնեց կառուցելու Մեծ եղեռնի զոհերի հուշարձանը:Հայերին թուլատրվեց իբրեւ սգո թափորի մասնակիցներ` բարձրանալու այդ հուշարձան եւ լռությամբ հարգանքի տուրք մատուցելու միլիոնավոր անմեղ զոհերին:

Միայն այդքա’ն, պահանջատիրության որեւէ արտահայտություն խեղդվում էր պետականորեն ու հզոր մեխանիզմներով: Ամենուր եւ ամենուրեք քարոզվում էր կոմունիզմի գայթակղիչ հեռանկարը, ուր ազգերը պիտի վերանային եւ տարրալուծվեին մեկ` խորհրդային ազգի մեջ:Դպրոցների, պետական հիմնարկների գրագրությունների ռուսականացումը ապազգայնացման առատ հունձք էր տալիս:Մեր պատմությունն այնպես էր նորագրված, որ դարձել էր ողբերի ու կոտորածների ու դավաճանությունների պատմություն, ոչ մի հակադարձում, ոչ մի հերոսականություն, անվերջ կական էր և անկում: Թվում էր` այդ խավարի մեջ պիտի հեղձվեին մեր ազգային երազներն ու իդեալները: Սակայն 1988-ին սկսված Արցախյան շարժումը դուրս նետեց մեզանից 1915-ի բարդույթները, վավերացավ հերոսամարտով ու Երրորդ հանրապետության ստեղծմամբ: Հայ ժողովուրդը ցույց տվեց իր հավաքական ուժի զորությունը, ոչ միայն դիմակայեց իրեն պարտադրված պատերազմին, այլեւ տարավ կարեւոր հաղթանակներ: Ցավոք, այդ պատերազմում ունեցանք թանկագին զոհեր… բայց ի¯նչ էլ լինի, Եռաբլուրը այն վայրն է, որտեղ բացարձակ գոյություն չունի 1915 թվականը, իսկ 428-ը հավիտյանս անհետացել է ամոթից: Ցավոք, մեր նորանկախ պետության ղեկավարները մեծապես տառապեցին ազգային սկլերոզով, լիովին տրվեցին Թուրքիայի ցանկություններին եւ, նրա հետ բարեկամություն անելու հեռանկարից ոգեւորված, ցեղասպանության մոռացումը դարձրեցին պետական քաղաքականություն: Նրանց անհեռատես գործողությունների արդյունքում, որն արտահայտվեց տնտեսության քայքայմամբ ու համատարած բարոյալքմամբ, արտագաղթը աննախադեպ չափերի հասավ, եւ 1915-ի սնկասերմերը արմատներ գցեցին վերստին:

Քանի կա արտագաղթ, քանի կա համատարած ապազգայնացում, քանի երկիրը պիտի կառավարեն օլիգարխները, քանի տգիտությունը պիտի մնա ապրելակերպ, քանի օտարապաշտությունը պիտի նվաճի մարդկային զանգվածներ, քանի կաշառակերությունը պիտի դառնա պետական վերաբերմունք, քանի հայրենի կառավարությունը պիտի մեկուսանա ժողովրդից եւ նրան թալանելով գոյատևի, քանի պիտի թեւածի հոգու սովը` 1915 -ը քաղցկեղի պես գործելու է մեզանում:

Հիմա` շուրջ հարյուր տարվա հեռավորությունից ուզում եմ հարց տալ` ինչու եղավ 1915-ը:Պատասխանը մեկն է` պարզ պատճառով, որովհետեւ չունեինք պետ եւ պետություն: Ուզում եմ վերստին հիշեցնել` 1915-ին հիմնահատակ չոչնչացավ այն բնակչությունը, որը պահպանել էր պետականության փոքր ինչ մասնիկներ, եւ միավորյալ էր իր ազգային գաղափարի շուրջը, ուստի զենքով որոշեց պաշտպանել այս արեւի տակ ապրելու իր իրավունքը: Այդպես էր Զեյթունը, Սասունը, Վանը, Գարահիսարը, Ուրհայը…

Ուրեմն Հայոց պետությունն է ցեղասպանության բացառողը, իսկ եթե պետությունը ապազգային է, 1915 թիվը շարունակվելու է …

 

                                                                                               ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՍՏՈՒՐ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024