Հայաստանը լուսանցքում է, մեկուսացել է տարածաշրջանային գործընթացներից

Արթուր Հայրապետյան Փետրվար 19, 2021

Հայաստանը լուսանցքում է, մեկուսացել է տարածաշրջանային գործընթացներից

Մինչդեռ մեր տարածաշրջանում լուրջ խմորումներ են, ակտիվ բանակցություններ են ընթանում Իրանը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միության մշտական անդամ դառնալ, օրերս հայտարարեց Իսլամական Հանրապետության Մեջլիսի՝ խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։ «Իրանը բանակցություններ է սկսել միության մշտական անդամ դառնալու ուղղությամբ, եւ մեր մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- Մոսկվա կատարած եռօրյա այցից հետո Թեհրան ժամանելով՝ իրանական լրատվամիջոցներին ասել է պաշտոնյան։ Խորհրդարանի խոսնակը նաեւ հայտարարել է, որ չնայած Covid-19 համավարակին` Ռուսաստանի եւ Իրանի միջեւ արտահանումն ավելացել է 40 տոկոսով, եւ երկու երկրներն առաջիկայում նախատեսում են ավելի խորացնել առեւտրային հարաբերությունները։ 2015-ից գործող տնտեսական միությունը, որի անդամը նաեւ Հայաստանն է, 5 երկիր է միավորում։ ԵԱՏՄ անդամ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, Հայաստանն է։ 2018թ. մայիսին Եվրասիական տնտեսական միությունը եւ Իրանը համաձայնագիր ստորագրեցին, որով ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի միջեւ արտահանված ապրանքների մաքսատուրքերը ժամանակավորապես իջեցվում կամ վերացվում էին սահմանափակ քանակով ապրանքների համար։ 2019թ. հոկտեմբերից ուժի մեջ մտած գործարքը նախատեսված էր երեք տարի ժամանակով, որի ընթացքում միությունը եւ Իրանը պետք է համաձայնություն ձեռք բերեին առեւտրի ազատ գոտու ռեժիմի անցման վերաբերյալ։ Փաստաթղթով Իրանը սակագնային արտոնություններ էր ստացել բանջարեղենի, մրգերի, ինչպես նաեւ շինարարական նյութերի, սպասքի, գորգերի, գունավոր մետաղներից պատրաստված որոշ արտադրատեսակների համար։ ԵԱՏՄ անդամ երկրների արտահանողներն արտոնություններ էին ստացել Իրան մսամթերքի, հրուշակեղենի եւ շոկոլադի առանձին տեսակների, ինչպես նաեւ մետաղներ, կոսմետիկական միջոցներ, էլեկտրոնային եւ մեխանիկական սարքավորումների առանձին տեսակներ արտահանելու համար։ Կարդացեք նաև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների փոխայցելությունները կլինեն առանց անձնագրի Պետական դավաճանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն Արցախի քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի այն անդամները, որոնք պատերազմից հետո առկա իրավիճակում այլեւս չեն ուզում աշխատել, կփոխարինվեն ուրիշներով. «Հայկական ժամանակ» Արցախում վերջին պատերազմից հետո, նկատելի է, որ Իրանը բավական ակտիվ բանակցությունների մեջ է հարեւան պետությունների հետ: Թեհրանն, անշուշտ ունենալով, մտահոգություններ, մասնավորապես մեր տարածաշրջանում Թուրքիայի միջոցով սիրիացի վարձկանների հայտնվելը, այնուամենայնիվ, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ փորձում է փոխշահավետ պայմանավորվածությունների գալ: Ինչ վերաբերում է Հայաստանին, թեեւ Թեհրանից բարձրաստիճան պաշտոնյաներ Երեւան ժամանեցին տարածաշրջանային այցի շրջանակներում, այնուամենայնիվ, Երեւանի կշիռն ու ազդեցությունն ակնհայտորեն նվազել է Արցախում պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակում եւ ակնհայտ է, որ ՀՀ իշխանություններին չի հաջողվում անգամ հարեւան երկրների ղեկավարների հետ վստահելի հարաբերություններ հաստատել: Օրերս Բաքու է ժամանել Իրանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մուջթաբա Զոննուրի գլխավորությամբ։ Իրանցի խորհրդարանականների օրակարգում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների եւ խորհրդարանի ղեկավարության, ինչպես նաեւ Նախիջեւանի ինքնավարության ղեկավարի հետ բանակցություններն էին: Մանրամասները հայտնի չեն: Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ հաշվի առնելով երկու երկրների պատմական եւ մշակութային ընդհանրությունները՝ Ադրբեջանը հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականությունում, եւ իրանական պատվիրակության այցը կնպաստի հետագա համագործակցության զարգացմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/02/19/1171944/

Կիսվել