Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Արթուր Հայրապետյան Ապրիլ 22, 2021

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի գրեփլինգի Եվրոպայի առաջնությանը. Ներկայացվել է թիմի կազմը (ֆոտո)

 

Գրեփլինգի Հայաստանի հավաքականն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 24-28-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում:

 

Ապրիլի 22-ին անցկացվեց Հայաստանի հավաքականի բաց մարզումը, որի ընթացքում ներկայացվեց թիմի կազմը ԵԱ-ի համար: Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի 9 մարզիկով: ԵԱ-ի տղամարդկանց պայքարում հանդես կգան Մայիս Ներսիսյանը (62 կգ), Գոռ Գրիգորյանը (62 կգ), Վահե Բադալյանը (66 կգ), Ասլան Պողոսյանը (66 կգ), Գեղամ Վարդանյանը (71 կգ), Խաչատուր Թովմասյանը (84 կգ), Արթուր Զաքարյանը (92 կգ), Գոռ Գյունաշյանը (+100 կգ), իսկ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Լիլիթ Դանիելյանը (53 կգ), փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը: 

 

 

Մարզումից առաջ ներկայացվեց գրեփլինգի Հայաստանի հավաքականի նոր համազգեստը, անցկացվեցին նաև ցուցադրական գոտեմարտեր:

 

Գրեփլինգի Հայաստանի հավաքականի մարզիչներից Մայիս Ներսիսյանը նշեց, որ Հայաստանի թիմն ունի մեդալներ նվաճելու ակնկալիքներ՝ չնայած նրան, որ առաջին անգամ է մասնակցում միջազգային մրցաշարի: Նա նույնպես կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

 

«Հավաքականի կազմն ընտրվել է Հայաստանի առաջնության արդյունքներով: Այս տարի Հայաստանի առաջնությանը մասնակցել էին շուրջ 320 մարզիկներ: Հուսով եմ, որ կհաջողվի ցուցադրել մեր պատրաստվածությունն ու տեխնիկական զինանոցը: Բոլորին մաղթում եմ անվնաս պայքար և հաղթանակներ: Սա մեծ փորձություն է մեզ համար, քանի որ առաջին անգամ ենք մասնակցում և լավ ծանոթ չենք մեր մրցակիցներին: Սա նաև ստուգողական մրցում է մեզ համար: Այս առաջնությունը ցույց կտա մեր ուժեղ և թույլ կողմերը: Եվրոպայի առաջնությունում պայքարն անցկացվելու է 2 մրցաձևերում՝ կիմանոյով և առանց: Մենք ներկայացուցիչներ կունենանք 2 մրցաձևերում էլ: Ինքս հանդես կգամ 2 ձևերում:

 

Հայաստանում մրցակցությունն աստիճանաբար մեծանում է գրեփլինգում: Ունենք լավ մարզիկներ, քանի որ գոտեմարտելը, պայքարելը հայի գենի մեջ է: Չնայած մեր առաջին միջազգային մրցաշարն է, սակայն ունենք մեդալների ակնկալիքներ: Ներդնելու ենք բոլոր ուժերը, քանի որ առաջին մեդալները շատ կարևոր են մեզ համար՝ հատկաես վերջին իրադարձություններից հետո:

 

Գրեփլինգը շատ նման է խառը մենամարտերին, սակայն այստեղ չեն թույլատրվում հարվածներ, իսկ ըմբշամարտի և ձյուդոյի հնարքները շատ են կիրառվում»,- նշեց Մայիս Ներսիսյանը:

 

Հայաստանի պատվիրակության կազմում մրցավայր կմեկնեն նաև գրեփլինգի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը, գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը և մրցավար Հրանտ Քոթանջյանը, որը Եվրոպայի առաջնության մրցավարների թվում է:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին անցկացվել էր Հայաստանի առաջնությունը, որին ներկա էին եղել նաև Գրեփլինգի միջազգային կոմիտեի նախագահ Ռիզվան Բոչկաևը և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը:

 

Փետրվարին Հայաստանի ըմբշամարտի և գրեփլինգի ֆեդերացիաները համագործակցության հուշագիր էին ստորագրել: Այդ հուշագիրը հայ մարզիկներին կտա UWW-ի կազմակերպած գրեփլինգի միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորություն։

 

Գրեփլինգն ըմբշամարտի ընտանիքի անդամ է, թեև մարզաձևը Հայաստանում նոր է սկսում զարգացման գործընթացը, իսկ ֆեդերացիան բացվել է այս տարվա սկզբնամասում: Պարբերաբար ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից առաջ կամ հետո անցկացվում են նաև գրեփլինգի մրցումները:

Կիսվել