Հայկ Գեւորգյանին նկարագրելու համար մի բառ կա` կենսանորոգ։ Հեռացավ մեզնից, բայց կյանքեր փրկեց

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 21, 2020

Հայկ Գեւորգյանին նկարագրելու համար մի բառ կա` կենսանորոգ։ Հեռացավ մեզնից, բայց կյանքեր փրկեց..

-Ոչ մի երեխայի արյան հաշվին ես չեմ կարող հանգիստ նստել տանը,-ասում էր Հայկս։ Գնա՛ց հանուն բոլորի երեխաների։ Պատմում է ոստիկանության զորքերի կրտսեր սերժանտ Գևորգյանի 24- ամյա այրին` Անուշը, մղկտալով, բայց ամուսնու պատիվն ու հիշատակը բարձր պահելու վճռականությամբ։

Եկել եմ հերոսի տուն։ Բակում հանդիպեցի հարեւաններին։ Հարեւանները ասում են` Հայկը պատերազմ գնալուց առաջ ասում էր` ես ո՞նց հանգիստ քնեմ, երբ տասնութ տարեկան տղերքը սահման են պահում, զոհվում, չէ, չեմ կարող պիտի գնամ, ես հանգիստ չեմ քնի։ Չէ՛.. պիտի գնամ։ Հայկը գիտեր ուր է գնում։ Փրկել է ընկերների կյանքը, տասնութ տարեկան տղերքին, ու ճանապարհին զոհվել։ Երկու փոքր երեխաները վազվզում են։ Տունը դատարկ է։ Հերոսի մայրը ասում է` գոնե տղուս արյունը հաղթանակով պսակվեր, ոչ թե օր ու մեջ մի տարածք հանձնեն, ու դիվադադար լինենք, թե ինչ մի նոր լուր կլսենք ու կրկին ցավի հետ ցավ։ Մենք անվտանգ չենք։ Մեր տղերքը զոհվեցին, որ խաղաղություն լինի, գոնե էս մի կտոր հողը փրկվի, բայց պատերազմը շարունակվում է, իսկ կսկիծը մեր սրտում ապրում ենք, ու չգիտենք, վաղը էս քյոռփեքը ո՞նց են ապրելու։

Հայկի մայրը պատմում է. մանկապարտեզում երեխային հարցրել են, թե զ տառով ինչ բառ կասես, Հայկի մեծ տղան պատասխանել է՝ զոհվել.. տատը պատմում էր ու արտասվում..

Պատասխան չունեմ։ Որովհետեւ գիտեմ ինչ է ասում վիրավոր հոգին...

Մենք մեր ցավը լուռ տանում ենք,-ասաց Հայկի մայրն ու երկար լռեց....

Հայկը հայր չունի՝ վաղամեռիկ է։ Տանը թողեց կնոջը, մորը, երկու փոքրիկ տղաներին ու գնաց։

Երկիրը տխրեց, երկինքը ուրախացավ։

Խոնարհումս.....

Կիսվել