«Հայկական հոգեւոր եւ մշակութային կենտրոն հանդիսացող Շուշին ազատագրվել է Տեր-Պետրոսյանի օրոք, ադրբեջանցիներին է հանձնվել Փաշինյանի օրոք…»

Արթուր Հայրապետյան Հունվար 22, 2021

«Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի՝ Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է, եւ ես նախ եւ առաջ ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ դարակազմիկ եւ շրջադարձային հաղթանակի առիթով. մեծ խորհրդանիշ կա նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակը պետք է արձանագրվի հենց այսօր՝ Շուշիի ազատագրման տարեդարձի օրը», – 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

 

2020 թվականի հունվարի 20-ին, պատասխանելով պատգամավորի հարցին, արդեն վարչապետի պաշտոնում Փաշինյանն ասել է՝ «Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:

 

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե Շուշին «հայոց արժանապատվության միջնաբերդ է», եւ դրա ազատագրումը «դարակազմիկ եւ շրջադարձային հաղթանակ է» (ինչի հետ ես 100 տոկոսով համաձայն եմ), ապա այդ քաղաքն իր կարգավիճակով հայկական է: Հակառակ դեպքում ի՞նչ գործ ուներ վարչապետը 2019 թվականի մայիսի 9-ին Շուշիում, երբ խմում եւ պարում էր՝ դարձյալ այդ քաղաքի ազատագրման առիթով, եթե այդ քաղաքի կարգավիճակը ադրբեջանական է: Կամ՝ գուցե Փաշինյանը հրաժարվե՞լ է «Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախոսից. համենայնդեպս՝ նա պետք է վերապահում աներ՝ «Արցախը Հայաստան է, բացի Շուշիից»:

 

1992թ. մայիսի 8-ից մինչեւ 2020 թվականի նոյեմբերի սկիզբը Շուշիի կարգավիճակը հայկական էր, եւ այդ քաղաքը բացարձակապես դժբախտ եւ դժգույն չէր: Այնտեղ էր Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանը, ինչը նույնպես, կարծում եմ, խոսում է «հայկական կարգավիճակի» օգտին: Շուշիում են, մասնավորապես, գտնվում 4 թանգարաններ՝ Կերպարվեստի պետական թանգարանը, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, Շուշիի պատմության թանգարանը, Շուշիի պատկերասրահը: Վերջինիս ցուցասրահում են (էի՞ն) Սարյանի, Գառզուի, Ժանսեմի, Հակոբ Հակոբյանի գործերը:

 

Հայկական պետության ղեկավարը, ինձ թվում է, պետք է ոչ թե շեշտի քաղաքի «ոչ հայկական կարգավիճակը», այլ միջազգային ատյաններում բարձրացնի այս մշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությունը: Թե՞ մեր նկարիչների կարգավիճակը նույնպես փոխվել է ռազմական պարտությունից հետո:

 

Այո, 1988 թվականին Շուշիում մեծամասնություն էին կազմում ադրբեջանցիները. այդ ազգի ներկայացուցիչներով քաղաքը բնակեցնելը մի քանի տասնամյակ տեւող Կրեմլի եւ Բաքվի քաղաքականության արդյունք էր: Համոզված եմ, որ անկախ Հայաստանի քաղաքացիները եւ իշխանություններն իրենց դատողություններում չպիտի հիմնվեն այդ արդյունքների վրա: Մենք պետք է առնվազն հիշեցնենք, թե ինչ կարգավիճակ ուներ Շուշին մինչեւ 1920 թվականը, ինչ հայկական կրթական ու մշակութային հաստատություններ կային այնտեղ, որքան հայերեն գրքեր եւ թերթեր են այնտեղ հրատարակվել, որքան հայ գիտնականներ եւ արվեստի գործիչներ են այդ քաղաքում արել իրենց առաջին քայլերը: Պարտությունն ու Շուշիի հանձնումն արդարացնելու համար իրավունք չունենք անտարբեր լինել մեր իսկապես փառահեղ հաղթանակների, մեր պատմության եւ մշակույթի հանդեպ:

 

…Իսկ 20-30 տարի մեր դպրոցական դասագրքերում գրվելու է. «Հայկական հոգեւոր եւ մշակութային կենտրոն հանդիսացող Շուշին ազատագրվել է Տեր-Պետրոսյանի օրոք, ադրբեջանցիներին է հանձնվել Փաշինյանի օրոք…»:

 

https://www.aravot.am/2021/01/22/1166353/

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024