ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո սկսվեց նաև ակտիվ հակաքարոզչություն հայկական զինված ուժերի դեմ, ինչը ենթադրությունների լայն միջավայր է ձևավորում

Արթուր Հայրապետյան Մարտ 03, 2021

ԻՍԿ ՄԵՆՔ ՎՍՏԱ՞Հ ԵՆՔ

Որ չկա մտածված ու հաշվարկված նպատակ լուծարել նաև հայկական բանակը։ Ինչու՞ նաև, որովհետև արդեն պարզ է, որ Արցախում նպատակ կա կանոնավոր Պաշտպանության բանակը վերածել մոբիլ պայմանագրային ռազմականացվաց խմբերի, ինչի մասին հայտարարեց Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանը։ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո սկսվեց նաև ակտիվ հակաքարոզչություն հայկական զինված ուժերի դեմ, ինչը ենթադրությունների լայն միջավայր է ձևավորում։ Այսպես, գուցե կա՞ մի պայմանավորվածություն, ըստ որի Հայաստանը նույնպես չպիտի ունենա կանոնավոր բանակ և այս գործընթացն ուղղված է հենց այդ նպատակի իրագործմանը։ Որոշ ԶԼՄ-ներ սիրով լուսաբանում են բանակին վերաբերող այն թեմաները, որտեղ շոշափվում է ՀՀ քաղաքացիների՝ Արցախում կամավոր չծառայելու ցանկությունը։ Ներկայացվում են առանձին դրվագներ, օրինակ՝ թե ինչպես են ծնողները փակում իրենց զինծառայող զավակներին Արցախ տեղափոխող ավտոբուսների ճանապարհն ու հրաժարվում նրանց ծառայության ուղարկել։ Գործում է "Օվերտոնի պատուհանի" սկզբունքը։ Մեզ սկսում են համոզել, բերել մտքին, որ հայաստանաբնակ հայ երիտասարդներն այլևս կարիք չունեն ծառայել Արցախում։ Հետո նաև համոզում են, որ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականները տարբեր պահերի ենթրկվել են նախկիններին՝ կոտրելով վստահությունը բանակի նկատմամբ։ Ապա նաև քաղաքական ինտրիգների միջոցով փորձում են հասնել ԳՇ բարձր սպայակազմի հեռացմանը։ Իսկ հետո՞։ Գուցե նույն ճանապարհով մեզ համոզեն նաև, որ բանակն այլևս մեզ պետք չի՞։ Գուցե համոզեն, որ էլ սպառնալիք չունենք, էլ թշնամի չկա, իսկ բանակը թանկ է նստում բյուջեի վրա ու լավ ապրելու համար պետք է այն լուծարե՞լ։ Պատկերին ամբողջական նայենք։ Ներքաղաքականը ընդհանրական պատկերացում չի կարող տալ իրադրության մասին։ Հասկանալի է, չէ՞, որ ադրբեջանի ու թուրքիայի նպատակը Հայաստանն առանց զենք թողնելն է, առանց ուժ թողնելն է։ Արդյո՞ք մենք ապրում ենք հենց այդ ժամանակաշրջանում, երբ ՀՀ-ի կողքին էլ չի գրվի ԶՈՒ, կլինի միայն ՊՆ-ն, որի գործառույթները զուտ քաղաքացիական են։ Չեմ ուզում հավատալ դրան ու հստակ պնդել էլ չեմ կարող, որովհետև չգիտեմ, բայց նման ենթադրություն կարո՛ղ է տեղ գտնել յուրաքանչյուր վերլուծող ու բանական մարդու ուղեղում։

Դավիթ Գրիգորյան

Կիսվել