Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Սեյրանն ընդունվել է որպես անհայտ զինվոր

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 09, 2020

Սեպտեմբերի 27։ Մարտաֆի՞լմ, թե՞ սարսափ ժանրի վեպ։ 20-ամյա Սեյրան Սողոյանը չգիտի ինչ բնութագիր տա 44-օրյա այս պատերազմին։ Երեք ամիս էր մնացել ծառայության ավարտին, երբ հրետակոծության ձայները լսեց ու թշնամու հետ առերեսվեց դեմ առ դեմ։ Պատերազմի առաջին իսկ օրից տանկիստ Սեյրանը Ջաբրայիլում մասնակցել է ռազմական գործողություններին։

«Եղել է ժամանակ, որ կտրվել ենք կյանքից ու մտածել ենք, թե ինչի մեջ ենք մենք հիմա։ Չէինք պատկերացնում, բայց իրավիճակը հաղթահարելի էր, որովհետև գոյություն ուներ միասնականություն, գոյություն ուներ հավատ, որի համար մենք առաջ էինք շարժվում, գոյություն ունի մեկ Աստված, որն էլ մեզ պահպանել է»։ Վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառուն պատերազմի ընթացքում մի քանի անգամ թշնամու գնդակից հրաշքով է փրկվել։ Կրակահերթերի տակ տանկից տանկ վազելով՝ փորձել է տեխնիկայի հետ առաջացած խնդիրներին արագ լուծումներ տալ։ Սակայն վերջինից խուսափել չի կարողացել։ Հոկտեմբերի 5–ի երեկոյան հակառակորդի նշանակետը չի վրիպել։ Վիրավորվել է հենց տանկի վրա։ «Երբ տանկից ինձ դուրս են հանում, ես լրիվ մեռած վիճակում էի։ Հարվածը թոքիս է եղել, բերանս ամբողջությամբ արյունոտ է եղել ու չեմ կարողացել խոսել։ Երբ ընկերներս դրել են գետնին, աչքերս փակել եմ ու սրտիս աշխատանքը կանգնում է։ Բժիշկը զննում է ու հարցեր տալիս, բայց ես չեմ կարողանում պատասխանել ու աչքերս փակ, բժիշկն ասում է, արդեն ուշ է, տեղափոխեք զոհվածների հետ։ Այդ ամեն ինչը լսելուց հետո, մոտս արթնացավ գերբնական ուժ ու կարողացա ասել, որ ես կենդանի եմ»։ Վիճակը ծայրահեղ ծանր լինելու պատճառով տեղափոխել են Ստեփանակերտ, հետո Գորիս, այնուհետև ուղղաթիռով Երևան՝ Էրեբունի ԲԿ, ինչպես ինքն է ասում, իր երկրորդ ծննդատուն։ Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Սեյրանն ընդունվել է որպես անհայտ զինվոր։ Սակայն մահճակալին փակցված «անհայտ վիրավոր» գրությունը րոպեներ հետո պոկվել է։ «Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում աշխատել է հորեղբոր աղջիկը։ Եվ եղբորը պատահաբար է տեսնում բաժանմունքում, որտեղ մահճակալին գրված է լինում անհայտ վիրավոր։ Միանգամից թուղթը պոկում է ու գրում Սողոյան Սեյրան»։ Այստեղ էլ բժիշկները, ըստ էության, հրաշք են գործում` փրկելով Սեյրանի կյանքը։ Այժմ վերականգնողական բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, ինչպես զինվորներն են անվանակոչել Զինվորի տանը։

«Սկզբում չէի կարողանում խոսել, մատներս շարժել, 18+24 Հիմա չեմ կարողանում քայլել, որովհետև ոտքերս չեմ զգում։ Բայց հավատում եմ, որ քայլելու եմ»։ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորող Սեյրանի վաղեմի երազանքն է աշխատել ԱԳՆ–ում։ Հայրենիքը դիվանագիտական ճակատում անելիքներ շատ ունի, սակայն այս երազանքին ու բուժմանը զուգահեռ ապագա բիզնես ծրագիրն է մշակում։ Հայաստանում օրգանական ելակի ջերմոց հիմնելու նախադրյալներն է ուսումնասիրում։ Հաջողություններ գրանցելու դեպքում բիզնեսն անպայման կընդլայնի։

«Եթե, Աստված տա, ունենամ հաջողություններ, նաև կարտադրեմ օրգանական ելակի հյութեր։ Ինչո՞ւ ոչ, նաև այլ հատապտուղներ կավելացնենք։ Հուսամ, լավ կլինի»։ Արտերկրից բիզնես ծրագրին աջակցելու առաջարկներ արդեն ստացել է։ Ծրագրեր մշակելուց, գրքեր ընթերցելուց զատ Սեյրանը հյուրերի պակաս չի ունենում։ Օրեր առաջ հերոսին հյուրընկալվել են համակուրսեցիները դասախոսն ու ֆակուլտետի փոխդեկանը, ում նվիրած ժամացույցն ու Մխիթարյան միաբանությունից բերված Ավետարանն այժմ Սեյրանի անբաժանելի իրերն են։ Սուրբ գրքից աղոթքները կուղղի անհետ կորած ու գերի տղաների անփորձանք վերադարձի համար։

 

HY.ARMRADIO.AM

Կիսվել