Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է

Արթուր Հայրապետյան Մարտ 05, 2021

Կուլիսներում վերաթարմացվել է արտահերթ ընտրությունների գաղափարը՝ հրապարակային հանդիպումներ, ստվերային շփումներ, սուրճի բաժակի շուրջ քննարկումներ, ընդամենը օրեր առաջ աներևակայելի համարվող կոնտակտներ, հաշվարկներ և այլն։ Մի խոսքով՝ իշխանություն կորցնելու և վերցնելու, փայ ստանալու և խաղից դուրս մնալու բոլոր երանգները։ Այս պահին փազլի բազմաթիվ տարրեր ի մի են գալիս, բայց փազլը դեռևս չի ամբողջականանում։Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է։

 

Փորձենք հասկանալ.

 

Նիկոլ Փաշինյան. Հասկանում է, որ չի կարողանում կառավարել և մյուս կողմից էլ հասկանում է, որ չի կարողանում հանդարտեցնել իրավիճակը երկրում։ Չի ուզում խաղաղ զիջել իշխանությունը։ Մնում է արտահերթ ընտրությունների տարբերակը։ Չվստահելով իր խմբակցությանը՝ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից է ուզում ստանալ պարտավորություն՝ իր հրաժարականի դեպքում չառաջադրել թեկնածու։ Արտահերթ ընտրություններում Փաշինյանի շանսերը զուտ տեսական են։ Ամենայն հավանականությամբ՝ հույսը պատահականության վրա է՝ գուցե շահած մի քանի ամսում ինչ-որ բան պատահի։

 

Ռոբերտ Քոչարյան. Երկրորդ անգամ վերահաստատում է արտահերթ ընտրություններին իր մասնակցությունը և հաղթելու վճռականությունը։Երբ Քոչարյանը դա արեց առաջին անգամ, Փաշինյանն անմիջապես հրաժարվեց արտահերթի գաղափարից՝ դա գցելով իր խմբակցության վրա։ Ի՞նչ կլինի այս անգամ։ Այն, որ Քոչարյանը ճիշտ աշխատելու դեպքում ունի հաջողության իրական հնարավորություններ, կասկածից վեր է։ Բայց պայմանը ճիշտ աշխատելն է։ Որպես իռացիոնալ գործոն է հանդես գալիս Փաշինյանի անմարդկային բնազդային վախը Քոչարյանից. դա այն դեպքում, երբ երկրորդ նախագահը մի քանի անգամ հավաստիացրել է, որ չունի անձնական վրեժի զգացում և պատրաստ է Փաշինյանին տալ անվտանգության անձնական երաշխիքներ։

 

https://www.aravot.am/2021/03/05/1175539/

Կիսվել