Կուլակաթափ անելու ժամանակը

Արթուր Հայրապետյան Մարտ 13, 2021

Կուլակաթափ անելու ժամանակը


Կառավարությունը նիստում հավանության է արժանացել «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքում փոփոխությունները, որով Պաշտպանի աշխատակազմին տրամադրվող բյուջեի առաջարկվող չափն այսուհետ կախված կլինի Կառավարության հայեցողությունից։ Այս առթիվ ՄԻՊ գրասենյակը պարզաբանել է. «Հարցը օրակարգում ընդգրկվել և ընդունվել է՝ որպես չզեկուցվող, չքննարկվող հարց ու Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային առարկություններով: Այն չի համաձայնեցվել Պաշտպանի հետ: Փոփոխությունն ուղղակիորեն խաթարելու է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, վտանգելու է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր անձի բացարձակ սահմանադրական իրավունքը»:

«ՉԻ». Երբ հեղափոխությունը նոր էր եղել, իշխանությունները, իսկ առավել հաճախ՝ Նիկոլ Փաշինյանը, պարբերաբար ասում էին, թե իրենց քայլերի համար միշտ հաշվետու են լինելու ժողովրդին: Նրա թիկունքում ոչինչ չեն անելու:

Հիմա մենք՝ որպես ժողովրդի մի պուճուր հատված, շատ կցանկանայինք, որ կառավարությունը մի հատ հաշվետու լիներ, թե ինչո՞ւ է ընկել ՄԻՊ գրասենյակի հետևից: Կամ այդ ի՞նչ հարց է, որը կառավարության նիստում չպետք է քննարկվի, զեկուցվի: Դա ի՞նչ է, պետական գաղտնիք պարունակող հա՞րց է, թե՞ ռազմական նշանակության խնդիր: 

 

Կամ՝ ԵԱՀԿ-ն իր միջոցներով ՄԻՊ գրասենյակին 6 ավտոմեքենա է հատկացրել, ձեռքներից վերցրել, փոխանցել է Պետական գույքի կառավարման վարչությանը: Կոպիտ ասած՝ ազգայնացրել են, ՄԻՊ գրասենյակին կուլակաթափ են արել:

Դե, եթե ձեզ ՄԻՊ-ը դուր չի գալիս, միանգամից փակեք, պրծեք: Կամ՝ պարզապես դադարեցրեք ֆինանսավորել: 

Հ.Գ. Թե որ կուլակաթափ անելու նման թափ ունեք, ձեզ մի քանի նախկին պաշտոնյայի անուններ տանք, գնացեք, իրենց գույքով զբաղվեք:

Հ.Գ. 2. Դե, եթե Կառավարությունը որոշել է երկրի այլ կառույցների հետ հարաբերվել իր հայեցողությամբ և քմահաճույքներով, մենք էլ սրանից հետո մեր հայեցողությամբ կորոշենք, թե օրինակ՝ 2018-ին հեղափոխություն է եղե՞լ, թե՞ իշխանության փոխանցում, Նիկոլը ժողովրդի թեկնածո՞ւն էր, թե՞ Սերժի պրոյեկտը: Մտքներովս ինչ անցավ, դա էլ գրելու ենք, ոնց ուզենք, այդպես էլ որակելու ենք այս իշխանություններին:

ՉԻ

Կիսվել