Լիզա Ճաղարյան. Տոն, որ այլեւս մեզ հետ չէ

Արթուր Հայրապետյան Հունվար 29, 2021

Լիզա Ճաղարյան. Տոն, որ այլեւս մեզ հետ չէ

Գլխիս մեջ միայն մի հարց է։ Ու շամփրում է։ Ի՞նչ տոն, հարցնում է, ի՞նչ տոն, ի՞նչ տոն, ի՞նչ տոն, ի՞նչ տոն, ի՞նչ տոն... Էս ի՞նչ տոնի մասին եք խոսում։ Եթե տոն է, ինչո՞ւ ենք գլխահակ, ինչո՞ւ ենք հայացքներս փախցնում իրարից, ինչո՞ւ ենք հեկեկում, ինչո՞ւ ենք մղկտում փշրված ողնաշարի ցավից, ինչո՞ւ ենք գիշերները բաց աչքերով քնում, ինչո՞ւ ենք վախենում երազներից, ինչո՞ւ են մեր երազները դարձել մղձավանջ, ինչո՞ւ է գիշերային մղձավանջը շարունակվում ցերեկը, ինչո՞ւ է այս պաթետիկ շաղակրատանքի հեղեղի մեջ լռությունը հուսահատությունից ինքնասպանություն գործում։ Ի՞նչ տոն։ Եթե տոն է, ինչո՞ւ չենք ժպտում։ Եթե ժպտում ենք, ինչո՞ւ է այդ ժպիտը խղճալի ծամածռություն դառնում։ Եթե շնորհավորում ենք, ինչո՞ւ ենք ցավից կուչ գալիս ու կակազում։ Եթե վերամբարձ բառակույտով շնորհավորանք ենք կարդում ու լսում, ինչո՞ւ ենք մեր ատամներն այնպես սեղմում իրար, որ թվում է` հիմա–հիմա կփշրվեն։ Ի՞նչ տոն։ Ի՞նչն ենք տոնում։ Այսօր սգի օր է` նախորդ օրերի պես, եւ սուգը շարունակվելու է, քանի դեռ շարունակում ենք հոխորտալ, շարունակում ենք լկտիաբար խաբել, շարունակում ենք «փառք հերոսին, փա՛ռք, փա՛ռք» բաժակաճառի թիկունքում տաք ու ապահով թիկնել ու նորանոր արյունոտ «հեքիաթներ» ճանկռտել` հաջորդ սերնդին զոհաբերելու «սուրբ» նպատակով։ Սուգը շարունակվելու է, քանի դեռ անկախացած Հայաստանի պատմության ամենածանր ու ամենահաղթական 90–ականները` ՄԻԱ՛Կ հաղթական տարիները, շարունակում են կոխկռճել ու նսեմացնել այդ ՄԻԱԿ հաղթանակը անխնա ու տմարդիաբար մաշեցնողներն ու տանուլ տվողները։ Սուգը շարունակվելու է, քանի դեռ Հաղթած Բանակի «դափնիները» միմյանց ձեռքից խլխլում են զանազան խմբապետեր` դրանով իսկ գետնին հավասարեցնելով Հայաստան պետության եւ այդ նույն պետության զավակ հաղթած բանակի անգնահատելի դերը։ Սուգը շարունակվելու է, քանի դեռ չենք գիտակցել, որ Մարդու կյանքից թանկ բան չկա աշխարհիս երեսին, քանի դեռ չենք գիտակցել, որ մեր հազարավոր նահատակներն իրոք հերոսներ են, բայցեւ 44–օրյա դժոխքում նրանք այլընտրանք չունեին` հերոսանալուց բացի, եւ պոռոտախոս արկածախնդիրների աններելի ՄԵՂՔԸ նրանց հիշատակի ու տասը հազարավոր հաշմվածների եւ սգավոր մայրերի ու հայրերի առաջ կարող են մասամբ մեղմվել միմիայն այն դեպքում, եթե հետագա մեր ընթացքը նշանավորվի միմիայն Խաղաղության ամրապնդմամբ, միմիայն ամեն գնով հետագա զոհերից խուսափելով ու Հայրենիքը կրկին Պետություն դարձնելով։

Լիզա Ճաղարյան

 

http://www.ilur.am/news/view/86847.html

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024