«Մենք տեղով զենք ենք». Շուռնուխում եւ Որոտանում հույսներն իրենց վրա են դնում

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 24, 2020

«Մենք տեղով զենք ենք». Շուռնուխում եւ Որոտանում հույսներն իրենց վրա են դնում

 

Այսօր, կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան համայնքներում էլ սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ են նախատեսվում, որոնց հետեւանքով առաջացած հարցերը «կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ.

 

«Մենք այս գործողությամբ ավելացնում ենք Սյունիքի եւ Հայաստանի անվտանգության երաշխիքները»:

 

Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը չի լսել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, մեկնաբանություններ չի էլ ցանկանում անել: Իրենց չի հետաքրքրում Երեւանում նստածներն ինչ են ասում, իրենք մտածում են`ինչպե՞ս «լուծեն իրենց հարցերը»: Իսկ դա`գյուղի ներքեւի թաղամասը պահելն է:

 

Այսօր արդեն սահմանագծման- սահմանազատման աշխատանքներ են կատարվել: Դրան մասնակցել են ներկայացուցիչներ`թուրքական կողմից, ռուսական սահմանապահներ եւ ՀՀ ԱԱԾ-ից: Դեռ մի քանի օր առաջ Հակոբ Արշակյանն ահազանգել էր, որ համայնքի 12 տուն կադաստրային քարտեզով գյուղի տարածքում են, սակայն ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքեւ ընկած հատվածն ադրբեջանական ԽՍՀ տարածքում է։

 

«Եկան, քարտեզները գծեցին ու թողեցին գնացին. ոչ մի բան ոչ ասել են, ոչ էլ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Արշակյանը: Նա վստահեցնում է, որ գյուղում տրամադրությունները մարտական են. «Մեզ, թու-թու-թու, դեռ չեն զինաթափել, Գորիսի ջոկատն էլ մեզ հետ է: Հայաստանի բոլոր տղաներին կոչ ենք անում գան`ներքեւի թաղի հարցը լուծենք»: Իրենց`գյուղի բնակիչների եւ ՀՀ սահմանի այդ հատվածի միակ երաշխավորն իրենց են համարում:

 

Մի քանի օր առաջ գյուղից տարհանված կանանց եւ երեխաների մի մասը, ըստ գյուղապետի, վերադարձել են իրենց տներ. «Անորոշ վիճակ է, ինչքա՞ն կարող են էստեղ-էնտեղ մնալ: Տեսնենք»:

 

Որոտան համայնքի ղեկավար Սուրիկ Օհանյանն էլ ասաց, որ այս պահին գյուղում հանգիստ է, մարդիկ իրենց առօրյա հոգսերով են, բայց անհանգստությունը սրտերում: Այստեղ դեռ մի քանի օր առաջ էին իմացել, որ գյուղից մի հատված`«երկհարկանի տան մասը» անցնելու է Ադրբեջանին: «Իրանց որոշումը մի քանի օր առաջ է եղել, բայց մեր վերադասները պիտի ապացուցեն, որ այդ տարածքը մերն է»,- ասաց Սուրիկ Օհանյանը:

 

Վարչապետի հայտարարության մասին`լսել են: Մեկնաբանությունը կարճ է. «Համաձայն չենք: Մենք հիմա քարտեզներ-բան ենք ճարում, որ ապացուցենք`տարածքը մերն է, Սյունիքի հող է, ոչ էլ գրավված տարածք է»: Պետական որեւէ մարմին իրենց այդ հարցում չի օգնում, ինքնուրույն են անում. «Ամեն օր ելույթ եմ ունենում, ամեն օր ասում եմ`եկեք`ով կարող է, օգնեք: Դեռ մարդ չի եկել: Բայց դե մենք պայքարելու ենք»: Հարցին`ինչպե՞ս եք պայքարելու, զենք ունե՞ք`պատասխանեց. «Փառք Աստծու, ամեն ինչ էլ ունենք: Մենք տեղով զենք ենք: Սյունեցին տեղով զենք է»:

 

Նելլի Գրիգորյան ԱՌԱՎՈՏ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024