Մեր գլխին ով հասել, բամփել ու մեզ խեղճացրել է

Արթուր Հայրապետյան Փետրվար 03, 2021

Մենք հաճախ քննադատում ենք չիմացության արդյունքում: Դատավորի մուրճն առած խոսել մի բանի մասին, որի վերաբերյալ ինֆորմացիա չունես, դժվար չէ, բայց` կասկածելի: Որքան սահմանափակ ենք մեր տարածքներով, այնքան մեր միտքն այդ հարցերի լուծման խառնաշփոթում մնում է ոչ հիմնավորված, իներտ, անկանոն.. Շատ բան չենք տեսել, շատ բան տեսնելու հնարավորությունից զրկված ենք եղել։ Մեր գլխին ով հասել, բամփել ու մեզ խեղճացրել է։ Ու այսօր, երբ մի քիչ համարձակություն ունենք գոնե խոսելու, խոսքը վերածվել է լպիրշության։ Եվ կարծես խորհրդային միության տարիներին մեր փակված լինելն ու անկախության անցումը թույլ չտվեցին հասարակության լայն շերտերի համար ինտեգրել ազատությունը որպես գերագույն արժեք` ինչպես մարդն է: Այս մասին տարիներ շարունակ թմբկահարել ենք` մեր սահմանափակ լինելու մեղքը մեր մեջ, հազար թելով կապկպված, խարխլված արժեհամակարգով, խրախուսվող տգիտությունը դրոշակ դարձրած: Բողոքավոր ենք, դրան էլ պետք է ըմբռնումով մոտենալ, բայց թույլ չտալ, որ տրտունջն իր խոր արմատներով մեզ ներքաշի դեպի ճահիճ:

Մասխարա ժամանակներ են.. ով ինչ ուզում, անում է, կարգուկանոն հաստատող մարդը ոչ թե պետք է բռնատիրություն հաստատի, այլ մարդուն ինտեգրի ազատության սահմանների մեջ, ազատությունն էլ իր հերթին հաշտվի մարդու ցանկության եւ կապրիզների հետ։ Միակ փրկությունը մարդու դաստիարակությունն ու նրան որպես քաղաքացի կրթելն է: Դրանք հիմնավոր եւ մնայուն արժեքներից են, որ պետք է սովորել մանկուց: Մշակույթը պետք է ստանձներ հենց այս գլխավոր հարցերը համակարգողի դերը: Եթե մինչեւ հիմա պետք եղած ժամանակ մշակույթի գործիչներին որպես օրինակ ենք դիտարկում եւ հպարտանում նրանցով, ապա այսօր մենք ոչ կարողանում ենք նրանց թողած ժառանգությունը տեղ հասցնել, ոչ էլ` նոր բան ստեղծել։ Փոխարենն անգիտության ու չիմացության արդյունքում ինքնահաստատվելու լավագույն դրսեւորումը գտել ենք դիմացինին սեւացնելու, նրա` մեզնից առաջ անցնելը չհանդուրժելու, սխալը չներելու, նահանջելու մեր վատ սովորության կիրառման մեջ: Արդյուքնում առաջ գնալու փոխարեն հետ ու առաջ ենք անում` չկողմնորոշվելով` որն է ճիշտ ճանապարհը։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել