Մի սպանեք դաշնակահարին. նա նվագում է, ինչպես զեկուցում են

Արթուր Հայրապետյան Մարտ 02, 2021

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է, որ ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում»:

«ՉԻ». Մենք առաջարկում ենք մի հանձնաժողով ստեղծել, որը հատ-հատ կստուգի վերջին երկու տարում Նիկոլ Փաշինյանին ներկայացված բոլոր զեկույցները: Կարող է էս մարդուն 2 տարի սխալ բաներ են զեկուցել, նա էլ բոլորը հալած յուղի տեղ ընդունելով՝ իրականությունից կտրված է եղել:

 

Ի՞նչ իմանաս, կարող է զեկուցել են, որ պետք է ամեն ինչ անել պատերազմ սկսելու համար, որից հետո Բաքու գրավելը 1+1 է: Կամ զեկուցել են, որ Շուշին դժգույն քաղաք է, չարժի պահել, Սու-30-ներն էլ առանց հրթիռների կարող են Գյանջան հողին հավասարեցնել:

Եսիմ, ինչ կա, չկա, պետք է բոլորը ստուգել: Մեզ թվում է, որ իրեն ինչ զեկուցել են, վերջում անպայման նշել են, որ դա աննախադեպ բան է հայոց պատմության ողջ ընթացքում: 

Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ կտանք էս քանի օրը ռուսական, ադրբեջանական, թուրքական, չեխական և ճապոնական մամուլ չկարդալ, որ չտեսնեք, թե ոնց են մեր վրա ղժժում: 

Հ.Գ.-1. Լավ, ընդունենք, սխալ են զեկուցել, բա քո մտքով չանցա՞վ, թե ինչպես կարող է հրթիռն ընդամենը 10 տոկոսով պայթել:

Հ.Գ.-2. Տիրան Խաչատրյանին վերականգնում ենք ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, Օնիկ Գասպարյանն էլ պահանջում է Նիկոլ Փաշինյանի բոլոր խորհրդականների, օգնականների ու զեկուցողների հրաժարականները:

«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2021

Կիսվել