Ներեք, որ ձեր սրտով սիրուն բաներ չեմ ասում

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 31, 2020

Կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Կարծես հազարավոր զոհեր չենք տվել։ Կարծես հազարավոր անհետ կորածներ չունենք, գերեվարված քաղաքացիներ չունենք, ամեն ինչ հրաշալի է ու հանգիստ, մաքուր սրտով մարդիկ պատրաստվեցին նոր տարուն։

Որկրամոլությունը մթագնեց ազգի մեծամասնության միտքը, ու մարդիկ սկսեցին այլեւս միայն ապրելու համար ուտել։ Ու եթե ցավը քոնը չի, ջհանդամին թե կողքի տանը սուգ է։ Ցավալի է։ Հայրենիքը անդունդի պռնկին, ու Եռաբլուրը հարուստ, մեր լույսի պես տղերքի շիրիմներով, հազարավոր ընտանիքներ անորոշության ու տարակուսանքի մեջ, ցավից կծկված ընտանիքներ, մենք հանգիստ սրտով տոն ենք նշում։ Ե՞րբ կորցրեցինք իրար, ու ազգից դարձանք ցեղ։ Վիրավոր զինվորներ, անդամահատված զինվորներ ունենք, որոնց ոչ պետությունն է բանատեղ դնում, ոչ էլ մենք։ Ցավը տիրոջն է, ցավը մեծամասնությանը չի հասել, Հայրենիքի հանդեպ ոչ պարտք ունենք, ոչ պետական մտածողություն, ոչ էլ գիտակցություն, որ վաղը ապրելու ենք թշվառության մեջ` անհայրենիք, ու անտուն։ Չէ, կարեւորը այսօր ուտելու, խմելու առիթ կա, ուտենք ու խմենք։ Ցավով եմ արձանագրում, որ հանգստյան տներում վերջին քսան օրվա ընթացքում այլեւս որեւէ ազատ համար չես գտնի, ռեստորաններում նույնպես։ Այսինքն այս փոքրիկ երկրում, ցավը միայն տիրոջը ցավ տվեց, մենք էլ անտարբեր ու անշնորհակալ շարունակում ենք ապրել, ու ցավից կուչ եկած ընտանիքներին հանգիստ կարող ենք անտերության մատնել։ Ինչ երկիրը, ինչ իշխանությունն ու ինչ ժողովուրդը։ Բոլորս բոլորիս արժանի։ Ու Աստված շատ համարեց մեզ, թողեց մեզ մի փշրանք Հայրենիք, որ չգիտենք ոչ նրա արժեքն ու ոչ էլ նրա նշանակությունը։ Արժանի՞ էինք գուցե։ Փոխարեն որկրամոլությունը պատեց մեզ։

Ոչ շնորհավորելու, ոչ էլ խրատելու բան կա։ Բոլորը տեր են ու տիրակալ, ինչպես որ տրվել է` տխեղծ իշխանության ու տխեղծ ժողովրդի մի հատվածի նկարագիրը։ Փախչել չես կարող իրականությունից։ Եթե ուզում ես ոչնչացնել մի ժողովրդի, ուրեմն առավոտ խոտ տուր, երեկոյան խոտ տուր, թող ուտեն, որ մտածելու ընդունակ չլինեն։

Իսկ հնարավոր չէ՞ր, բոլորս միահամուռ ուժերով հավաքվեինք ու գնայինք վիարվոր զինվորներին այցի, գնայինք որդեկորույս մայրերին այցի, գերեվարված մեր հայրենակիցների` սպասող աչքերին այցի, որոնք ամեն վայրկյան սպասում են իրենց որդիներին, անտուն մնացած արցախցիներին այցի.. նկարներ չեմ դնում, թե ինչ եմ անում ես, եւ ինչ եմ արել. ոչ ինքնահաստատվելու, ոչ էլ ցուցադրվելու, ոչ էլ շնորհակալագրերի կարիք ունեմ։

Չեմ սիրում բոլորիդ..

Ներեք, որ սիրուն բաներ չեմ ասում։ Այն, ինչ կա..

Հա, կառավարության դռները արխային փակեք ու մինչեւ հունվարի վեցը արձակուրդ գնացեք։ Դարդ չկա, բա ո՞նց։ Պատերազմից քայքայված երկրում արխային ու անգործ արձակուրդ արեք..

Կերեք.. վաղը էլի կուտեք։ Կերեք։ Անցավ մնաք..

Ցավակցում եմ որդեկորույս մայրերին` համբերություն.. խոնարհվում եմ մեր լույսի պես տղաների շիրիմների առաջ։ Ներողություն..

Հայրենիքը պահած, հրաշքով ողջ մնացած մեր տղերքին` շնորհակալություն։ Եթե կարող եք ներեք մեզ, մեր անշնորհակալ վերաբերմունքի համար։ Սահման պահող մեր տղաներին Աստված պահապան։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել