Ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկ իշխանությանն ու ընդդիմությանը

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 11, 2020

Ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկ իշխանությանն ու ընդդիմությանը

1․ Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ հայտարարում է, թե երբ է հրաժարական տալու և երբ են կայանալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները (բոլորը խոսում են ժողովրդի անունից, իսկ այդպես ժողովուրդը կարտահայտի իր կարծիքը վերջապես)։

2․ Ընդդիմադիր կուսակցությունները խոստանում են այլևս հանրահավաքներ ու անհնազանդության գործողություններ չկազմակերպել մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը։

3․ Կատարվում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ, այդ թվում Խորհրդարան անցնելու նվազագույն շեմը 5%ից իջեցնելով 4-ի կամ նույնիսկ 3-ի՝ այսպիսով շանս տալով նորաստեղծ կուսակցություններին ևս տեղ ունենալ ԱԺ-ում։

4․ Մինչև ընտրությունները բոլորը միաբանված փորձում են լուծել գերիների, անհայտ կորածների հարցերը։ Ինչպես նաև միասնական ուժերով աջակցում են զոհված ու հաշմանդամություն ստացած անձանց ընտանիքներին, տուն կորցրած արցախցիներին։

5․ Միասնական ուժերով լուծում են արտաքին հարաբերությունների հետ կապված խնդիրները, ՀՀ և Արցախի սահմանների վերաբերյալ չլուծված հարցերը։

6․ Ընտրությունները կազմակերպում են ներկայիս իշխանությունները, լրջագույն վերահսկողություն են սահմանում ընդդիմադիր կուսակցություններն ու քաղհասարակությունը, որպեսզի ապահովվի ազատ ու արդար ընտրությունների իրավունքը։

7․ Ընտրություններից հետո ունենում ենք ավելի բազմազան խորհրդարան, որտեղ ոչ մի ուժ (հուսով եմ) չի ունենա 50+ տեղեր, կձևավորվի կոալիցիոն կառավարություն, կգործի Կառավարության նկատմամբ ԱԺ-ի վերահսկողությունը, Կառավարության ներսում էլ կգործի միմյանց վերահսկելու հնարավորությունը։

8․ Ովքեր չեն համաձայնում կամ չեն պահում ձեռք բերված պայմանավորվածությունները հայտնվում են գործընթացներից դուրս՝ ապավինելով զուտ փողոցային պայքարին, որն արդեն իսկ ապացուցել է, որ անպտուղ է։

Սա բոլոր նրանց համար, ովքեր ուզում են, որ երկիրն իսկապես դուրս բերեն ճգնաժամից։ Իսկ նրանք, ովքեր զուտ միավորներ են հավաքելու միմյանց հայհոյելու, մեղադրելու ու ստորացնելու հաշվին, դժվար թե կարողանան լավ ապագա կերտել Հայաստանի ու Արցախի համար։

 

Արման Ղարիբյան

Կիսվել