Ով և ինչ է բանակցել Արցախի խնդրում 1998-2020 թթ.

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 30, 2020

Ով և ինչ է բանակցել Արցախի խնդրում 1998-2020 թթ.

2020 թ. արցախյան պատերազմում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կրած ծանր պարտությունն ու մարդկային և տարածքային հսկայական կորուստները Հայաստանում հարցադրումների ալիք են բարձրացրել. արդյոք հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, արդյոք կարելի՞ էր ավելի հաջող ելք ապահովել և արդյոք այս պատերազմի հիմնական պատճառը 1998-2018 թթ. բանակցային գործընթացում Հայաստանի ղեկավարության թույլ տված սխալնե՞րն են։

«Ոչմիթիզականության միֆը»

Նոյեմբերի 10-ից հանրային քննարկումներում բավական լայն տարածված տեսակետի համաձայն՝ ներկա ողբերգության պատճառը 1997 թ. վերջին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հավանության արժանացած հակամարտության կարգավորման փուլային տարբերակի մերժումն էր։ Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, որ 1998 - 2018 թթ. Հայաստանում իշխանությունը պատկանում էր «ոչմիթիզականներին», որոնց հիմնական ռազմավարությունը ստատուս քվոյի հնարավորինս երկար պահպանումն էր և փոխզիջումների մերժումը՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ ուժային հաշվեկշիռը փոխվում է հօգուտ Ադրբեջանի, և ի վերջո Ադրբեջանը զենքի ուժով կպարտադրի շատ ավելի վատ լուծում, քան հնարավոր էր ստանալ բանակցությունների և փոխզիջումների ճանապարհով։

Անհերքելի է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում կային ուժեր, ընդ որում սկսած 1994 թ. մայիսյան զինադադարից, որոնք դեմ էին Ադրբեջանին որևէ տարածք վերադարձնելուն։ Սակայն պնդել, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն այդ գծի կողմնակիցներ են և նմանատիպ քաղաքականություն են իրականացրել, նշանակում է մեղանչել ճշմարտության դեմ։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էր 2001 թ. ստորագրել ամերիկյան Քի Վեսթում բանակցված տարբերակը, որը նախատեսում էր նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմում չմտնող ադրբեջանական յոթ շրջաններից առնվազն վեցի հանձնում Ադրբեջանին և Ադրբեջանից Նախիջևան հաղորդակցության ուղիների բացում՝ Արցախը Հայաստանի մաս ճանաչելու դիմաց։

2011 թ. հունիսին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն էր ստորագրել Կազանի փաստաթուղթը, որը նախատեսում էր Ադրբեջանին վերադարձնել նշված յոթ շրջաններից հինգը, իսկ նախկին Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի և Լաչինի շրջանի մի մասը Ադրբեջանին տրվելու էր անորոշ ապագայում Արցախի կարգավիճակի հարցով իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության անցկացումից հետո։

2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմ և «Լավրովի պլան»

Հաջորդ քննարկվող խնդիրը 2016 թ. ապրիլյան պատերազմն է, դրա պատճառները և պատերազմից առաջ Ռուսաստանի կողմից առաջ քաշված «Լավրովի պլանի» հարցը։ Հայաստանի գործող իշխանության բարձրաստիճան շատ ներկայացուցիչներ հայտարարում են, որ թե՛ ապրիլյան պատերազմը և թե՛ «Լավրովի պլանը» Հայաստանի դիվանագիտության ձախողումներն են։ Նրանք նշում են, որ Ռուսաստանն է թույլ տվել կամ առնվազն չի կանխել 2016 թ. ապրիլի քառօրյա պատերազմը, ինչը նշանակում է, որ կա՛մ արդեն 2016 թ. հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամի մեջ էին, կա՛մ դրանք որևէ ազդեցություն չունեին Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու գործում։ Ըստ այդմ, սխալ են այն պնդումները, որ 2020 թ. սեպտեմբերյան պատերազմը հնարավոր դարձավ նաև 2018 թ. մայիսից հետո Հայաստանի նոր ղեկավարության՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը հանգեցրած քայլերի պատճառով։

Սակայն նախ անհրաժեշտ է արձանագրել, որ 2016 թ. ապրիլին, ի տարբերություն 2020 թ. սեպտեմբերի, Թուրքիան ուղղակիորեն ներգրավված չէր ռազմական գործողություններում։ Չպետք է մոռանալ, որ 2016 թ. ապրիլին ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում էին խորը ճգնաժամում թուրքական ուժերի կողմից 2015 թ. նոյեմբերին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո։ Հետևաբար, Ռուսաստանը շահագրգռված էր կանխելու տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացման ցանկացած փորձ։ Չբացառելով այն հանգամանքը, որ 2016 թ. ապրիլին Ադրբեջանն իր գործողությունները նախապես կարող էր համաձայնեցնել Թուրքիայի հետ՝ հարկ է ընդգծել, որ Ռուսաստանը, ի տարբերություն 2020 թ. սեպտեմբերի, բավականին ակտիվ և կտրուկ քայլեր ձեռնարկեց պատերազմն արագորեն կանգնեցնելու ուղղությամբ։ Ընդ որում, ապրիլյան պատերազմի ընթացքում չկային Արցախի խնդրով ռուս-թուրքական ինտենսիվ շփումներ, ինչի ականատեսն էինք 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Հետևաբար, անհիմն է այն տեսակետը, որ Ադրբեջանի կողմից 2016 թ. ապրիլին ձեռնարկված լայնածավալ հարձակումը հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի ապացույց էր։ Ընդհակառակը, կարելի է պնդել, որ Ադրբեջանն ապրիլյան հարձակումն իրականացրեց բանակցային գործընթացում իր համար ձևավորված ոչ նպաստավոր իրավիճակից դուրս գալու նպատակով։ Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն էր 2011 թ. հունիսին մերժել «Հիմնարար սկզբունքների» վրա մշակված Կազանի փաստաթուղթը, սակայն 2011-ից հետո էլ «Հիմնարար սկզբունքները» շարունակում էին մնալ Մինսկի խմբի սեղանին։

Ադրբեջանն էր 2011 թ. հունիսին մերժել «Հիմնարար սկզբունքների» վրա մշակված Կազանի փաստաթուղթը, սակայն 2011-ից հետո էլ «Հիմնարար սկզբունքները» շարունակում էին մնալ Մինսկի խմբի սեղանին

Ապրիլյան պատերազմից հետո 2016 թ. մայիսին և հունիսին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում Ադրբեջանը դիվանագիտական նոր նահանջ արձանագրեց՝ ստիպված լինելով համաձայնել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների տեղակայմանը։ Ճիշտ է՝ Ադրբեջանը գագաթնաժողովներից հետո ամեն ինչ անում էր պայմանավորվածությունները չիրականացնելու համար, սակայն դա ևս հավելյալ հաղթաթուղթ էր Հայաստանի համար՝ Ադրբեջանին ապակառուցողական դիրքորոշման մեջ մեղադրելու համար։

2011 թ. Կազանի գագաթնաժողովից հետո ռուսական կողմն առաջ քաշեց «Լավրովի պլանը»։ Ի տարբերություն Կազանի փաստաթղթի, այնտեղ բացակայում էր Արցախի վերջնական կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության անցկացումը, նախկին Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի մի մասը պետք է Ադրբեջանին հանձնվեին փաստաթղթի ստորագրումից մեկ տարի անց, իսկ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է ֆիքսվեր անորոշ ապագայում։ Միևնույն ժամանակ, ի տարբերություն Կազանի փաստաթղթում ամրագրված «միջազգային խաղաղապահների», ռուսական տարբերակն առաջարկում էր նախկին ԼՂԻՄ-ի սահմանների երկայնքով բացառապես ռուս խաղաղապահների տեղակայում։

Հասկանալի է, որ «Լավրովի պլանը» Հայաստանի և Արցախի համար ավելի վատն էր, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջ քաշված հիմնարար սկզբունքների հիման վրա մշակված փաստաթուղթը, ուստի միանգամայն բնական էր բանակցությունների ընթացքում հայկական կողմի բացասական արձագանքը։ Սակայն ահրաժեշտ է արձանագրել, որ այդ տարբերակի մերժումը մինչև 2018 թ. մայիս չի արվել հրապարակային հայտարարությունների տեսքով, այլ հայ-ռուսական շփումների ընթացքում՝ տեղ թողնելով հետագա բանակցությունների համար։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ «Լավրովի պլանի» շուրջ բանակցությունները զուգակցվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններին, որտեղ շարունակում էին էական տեղ գրավել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ինչի մասին է վկայում օրինակ 2018 թ. հունվարին Կրակովում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը։

Բանակցային գործընթացը՝ 2018 մայիս – 2020 սեպտեմբեր

2018 թ. մայիսին իշխանության գալուց անմիջապես հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հակամարտության կարգավորման նպատակով եռակողմ բանակցությունների ձևաչափը վերականգնելու անհրաժեշտության մասին՝ հայտարարելով, որ ինքը իրավասու չէ բանակցել Արցախի ժողովրդի անունից։ Ադրբեջանը միանշանակ դեմ արտահայտվեց այս առաջարկին, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագները հայտարարեցին, որ բանակցային ձևաչափը կարող է փոխվել միայն երկու կողմերի համաձայնությամբ։ Այնուամենայնիվ, չնայած Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությանը՝ երկկողմ ձևաչափով բանակցությունները շարունակվեցին, այդ թվում Փաշինյանի և Ալիևի հանդիպումները 2019 թ. հունվարին Դավոսում և 2019 թ. մարտին Վիեննայում։

Միևնույն ժամանակ 2019 թ. օգոստոսին Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ դրանով անհասկանալի իրավիճակ ստեղծելով միջնորդների մոտ։ Հասկանալի է, որ եթե «Արցախը Հայաստան է և վերջ», ապա տրամաբանական չէ պահանջել Հայաստանի մաս հանդիսացող տարածքի ներկայացուցչի մասնակցությունը բանակցություններին։

Եթե «Արցախը Հայաստան է և վերջ», ապա տրամաբանական չէ պահանջել Հայաստանի մաս հանդիսացող տարածքի ներկայացուցչի մասնակցությունը բանակցություններին

2020 թ. ապրիլի 21-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ 2019 թ. ապրիլին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպման ժամանակ կողմերին ներկայացվել է հակամարտության կարգավորման փուլային տարբերակ նախատեսող փաստաթուղթ։ Լավրովի հայտարարությունից անմիջապես Հայաստանի արտգործնախարարության խոսնակը ռուսական «Կոմերսանտ» պարբերականին հայտնեց, որ 2019 թ. ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ փուլային կարգավորման վերաբերյալ որևէ ակնարկ չի եղել՝ փաստացի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և Հարավային Կովկասում ամենամեծ ազդեցություն ունեցող պետության արտգործնախարարին հրապարակային մեղադրելով ստախոսության մեջ։ Միևնույն ժամանակ խոսնակը հայտարարեց, որ Հայաստանի համար անընդունելի են մինչև 2018 թ. ներկայացված փուլային տարբերակ նախատեսող առաջարկները։

2020-ի ապրիլին Հայաստանի ԱԳՆ խոսնակը Լավրովին փաստացի մեղադրեց ստախոսության մեջ

Փաստորեն, Հայաստանը մերժեց թե՛ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված «Հիմնարար սկզբունքները», թե՛ «Լավրովի պլանը»։ Միևնույն ժամանակ Հայաստանը, մերժելով այս երկու տարբերակները, չներկայացրեց հարցի կարգավորման որևէ նոր բանաձև՝ բավարարվելով «հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի ժողովուրդների համար» շատ անորոշ կարգախոսով։ Փաստորեն, 2020 թ. ապրիլին Հայաստանի ձեռնարկած քայլերը բանակցությունները մտցրին փակուղի՝ միջազգային հանրության մոտ ձևավորելով հստակ ընկալում, որ Հայաստանը միտումնավոր ձախողում է գործընթացը։ Իսկ այս ընկալումը նշանակում էր Ադրբեջանին տալ առնվազն բարոյական հիմք՝ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու համար։

Դեռևս 2020 թ. հունիսի 12-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև Անվտանգության խորհրդին տեղեկացրել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն: Չնայած դրան, Հայաստանի իշխանությունները շարունակում էին մերժել թե՛ «Լավրովի պլանը» և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ փուլային կարգավորում նախատեսող «Հիմնարար սկզբունքները»։ Ավելին, 2020 թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանում մի քանի օր տևած լարվածությունից հետո 2020 թ. հուլիսի 23-ին կայացած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ այդ իրադարձությունները հայկական ռազմական ուժի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն են։

Նմանատիպ հայտարարություններով էին հանդես գալիս նաև 2020 թ. գարնանը Արցախում կայացած ընտրություններում վարչապետ Փաշինյանի աջակցությամբ իշխանության եկած ուժերը։ Արցախի Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանը 2020 թ. օգոստոսի 23-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, որ ինքը անիմաստ է համարում Սերժ Սարգսյանի օրոք բանակցված սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ որևէ բանակցության իրականացումը։ Նա նաև նշեց, որ իր գնահատումների համաձայն՝ մոտ ժամանակներում պատերազմ չի լինի, քանի որ Ադրբեջանը պատերազմի պատրաստ չէ, իսկ պատերազմի վերսկսման դեպքում, նույնիսկ եթե Թուրքիան ուղղակի ներգրավվի ռազմական գործողություններում, Արցախը միանշանակ հաղթանակ է տանելու։

Սամվել Բաբայանը 2020-ի օգոստոսին հայտարարում էր, որ նույնիսկ եթե Թուրքիան ուղղակի ներգրավվի ռազմական գործողություններում, Արցախը միանշանակ հաղթանակ է տանելու

Ներկայումս ակտիվորեն առաջ է քաշվում նաև այն տեսակետը, որ եթե Հայաստանն ու Արցախն ընդունեին «Լավրովի պլանը», մենք չէինք կորցնի Հադրութի շրջանն ամբողջությամբ, Շուշի քաղաքն ու որոշ տարածքներ Մարտունու և Ասկերանի շրջաններում։ Այդ տեսակետի կողմնակիցները նաև պնդում են, որ հայ-ադրբեջանական սահմանում տեղի կունենային այն նույն իրադարձությունները, որոնց մենք ականատես ենք այսօր, այդ թվում՝ Գորիս – Կապան ավտոճանապարհին կտեղադրվեր «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակը, իսկ Որոտան և Շուռնուխ գյուղերի որոշ հատվածներ կանցնեին Ադրբեջանին, քանի որ այդ պլանը նախատեսում էր առաջին հերթին նախկին Խորհրդային Ադրբեջանի հինգ շրջանների, այդ թվում՝ Զանգելանի և Կուբաթլուի հանձնում Ադրբեջանին։

Նման պնդումներն առնվազն կասկածելի են։ Նախ, չկան ապացույցներ, որ «Լավրովի պլանը» նախատեսում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում անցկացնել՝ հենվելով բացառապես 1980-ական թվականների վերջին հրատարակված խորհրդային քարտեզների վրա։ Բացի այդ, ակնհայտ է, որ «Լավրովի պլանը» ընդունելու մասին Հայաստանի հայտարարությունից մինչև փաստաթղթի ստորագրումը առնվազն ամիսներ էին անցնելու, և դեռևս պահպանելով 2020 թ. սեպտեմբերի 26-ի դրությամբ Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքները, Հայաստանը մեծ հնարավորություններ կունենար ճշգրտումներ մտցնելու ապագա սահմանզատման գործընթացի իրականացման մեխանիզմներում, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովների կազմմամբ և դրանց միջև քննարկումների իրականացմամբ։

Չկան ապացույցներ, որ «Լավրովի պլանը» նախատեսում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում անցկացնել՝ հենվելով բացառապես 1980-ական թվականների վերջին հրատարակված խորհրդային քարտեզների վրա

Ավելին, «Լավրովի պլանը» նախատեսում էր նախկին Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի և Լաչինի շրջանի մի մասի վերադարձ համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց։ Հաշվի առնելով արագ փոփոխվող աշխարհաքաղաքական գործընթացները, այդ թվում Բայդենի վարչակազմի ընտրությամբ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հանդեպ առավել կոշտ դիրքորոշման որդեգրման հնարավորությունը և այդ գործընթացում Թուրքիայի որպես առաջատար ուժի օգտագործումը, առկա էր հավանականություն, որ համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց Ռուսաստանն ինքը հրաժարվեր նշված երկու շրջանները Ադրբեջանին վերադարձնելու առաջարկից։ Ծայրահեղ դեպքում, այդ շրջանների բնակչությունն առնվազն մեկ տարի կունենար իր հեռացումը կազմակերպելու համար և հարկադրված չէր լինի զանգվածաբար այրել սեփական գույքն ու երկարաժամկետ կտրվածքով հայտնվել աղքատության ճիրաններում։

CIVILINET.AM

 

Կիսվել