Պատերազմը խլեց քարինտակցի քույրերի ամուսիններին, ունեցվածքը, ամեն ինչ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 25, 2020

Պատերազմը խլեց քարինտակցի քույրերի ամուսիններին, ունեցվածքը, ամեն ինչ

Ավանեսյան Լիլիթն ու Լիանան հարազատ քույրեր են։ Պատերազմում կորցրել են ամուսիններին, Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի իրենց տները և ժամանակավոր բնակվում են Կոտայքի մարզի Արագյուղ համայնքում՝ իրենց բարեկամի ամառանոցում։ Լիանայի ամուսինը՝ Մխիթար Հովհաննիսյանը, փոխգնդապետ էր։ Զինվորական գործով պայմանավորված՝ հաճախ էին տեղափոխվում Արցախի մի բնակավայրից մյուսը՝ բնակության համար։ Ապրել են Շուշի, Մարտունի, Հադրութ քաղաքներում։ Լիլիթի ամուսինը՝ Գերասիմ Հովհաննիսյանը, աշխատում էր «Արցախէներգո» ընկերությունում, նրանք Քարին Տակում էին ապրում։ Մեր այցելության ժամանակ 9 հոգանոց ընտանիքը՝ Լիլիթը իր 3 երեխաների, Լիանան՝ 2 երեխաների հետ, Լիանայի սկեսուրը՝ Ռոմելան ու տեգրը՝ Գոռը, Արագյուղում էին։ Կանայք ու երեխաները սեպտեմբերի 27-ին լքել են հայրենի գյուղը։ Մխիթարի մահվան մասին իմացել են, երբ որդու դասընկերը ցավակցել է նրան Մխիթար Հովհաննիսյանի մահվան մասին ընտանիքն իմացել է այն ժամանակ, երբ որդու՝ Էրիկի դասընկերը Ֆեյսբուքով ցավակցել է նրան: «Տեսա՝ Էրիկը նստած լացում էր, հարցրի՝ ի՞նչ է պատահել, ասեց՝ մամ, ցավակցում են, միանգամից զանգեցինք դասընկերոջ ծնողներին, իրենք խոսքը փոխեցին, ասեցին՝ ուրիշ Էրիկի հոր մասին էր, փաստորեն բոլորը գիտեին, մենակ մենք չգիտեինք»,- պատմում է Մխիթարի կինը՝ Լիանան: Մխիթարի մայրը՝ Ռոմելան, որդու մասին հպարտությամբ և հուզմունքով է խոսում։ Մխիթարը մասնագիտությամբ բանասեր էր, բայց արդեն 14 տարի՝ զինվորական գործում, խստապահանջ և աշխատասեր: Ուսումն ավարտելուց հետո անցել էր զինվորական ծառայության։ Պատերազմի օրերին որպես հրամանատար պայմանագրայինների հետ գնացել էր Ջրական (Ջաբրայիլ), որտեղ էլ հոկտեմբերի 9-ին զոհվել է: Հարազատները նրան հուղարկավորել են Քարին Տակում՝ առաջին պատերազմում զոհված երկու հորեղբայրների կողքին: Սեպտեմբերի 26-ին Մխիթարի հոր ծնունդն էր: Նա ընտանիքի հետ Քարին Տակ տանող ճանապարհին է եղել, երբ հրամանատարը զանգել ու ասել է, որ երեկոյան պետք է վերադառնա զորամաս: Կնոջն ու երեխաներին հասցրել է հայրական տուն, ինքը՝ վերադարձել զորամաս։ Հաջորդ օրը պատերազմը սկսվել է։ Կնոջ հետ ամեն օր, օրը երկու անգում հեռախոսազրույց է ունեցել փոխգնդապետ Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, թե ամեն ինչ նորմալ է։ Հոկտեմբերի 8-ից ամուսնու հետ այլեւս կապ չի կարողացել հաստատել։ Մխիթար Հովհաննիսյանի խստապահանջությունն անձամբ զգացել է նրա եղբայրը՝ Գոռը, երբ ժամկենտային զինծառայող է եղել։ Մի օր պատահաբար փոխգնդապետ և շարքային եղբայրները հանդիպել են զորամասում։ Տեսնելով կրտսեր եղբոր հագուկապը՝ Մխիթարը պահանջել է ամբողջությամբ փոխել համազգեստը, զինվորական կոշիկները։ Զորամասի հրամանատարի տեղակալ իր ընկերոջն էլ ասել է, որ եղբոր հետ շատ խիստ լինի։ Օրերս էլ Հովհաննիսյանների ընտանիքին է այցելել Մխիթարի զինվորներից մեկը ու պատմել․ «Մի քանի անգամ ինձ քոթակել ա թափթփված լինելուս համար, բայց ես իրեն շատ սիրում եմ»: Մխիթարը երեխաներին կոչել է իր դասընկերների անուններով, որոնց հետ նաև ծառայել է բանակում։ Կինն ասում է՝ Մխիթարի ցանկությունն էր, որ երեխաները լավ սովորեն ու լավ մարդ դառնան։ Ավագ որդին՝ Էրիկը, հոր սիրած սպորտաձևով էր զբաղվում՝ ֆուտբոլով, իսկ Դավիթը՝ բռնցքամարտով: Մխիթարը պատերազմի ընթացքում միշտ կնոջը հարցրել է՝ երեխաները մարզումների գնում են, թե՞ չէ։ Վերջին շրջանում, Լիանայի ասելով, ամուսինը հոգեբանություն էր ուսումնասիրում: Ուսանողական տարիներին Մխիթարը նկարահանվել էր «Մի' վախեցիր» ֆիլմում՝ զինվորի դերում: Լիլիթը չի կարողացել մասնակցել ամուսնու հուղարկավորությանը, ամուսնու գերեզմանը մնացել է Քարին Տակում Լիլիթի ամուսինը՝ Գերասիմ Հովհաննիսյանը, զոհվել է հոկտեմբերի 25-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղի մերձակայքում։ Լիլիթն արցունքներն աչքերին պատմում է, որ չի կարողացել մասնակցել ամուսնու հուղարկավորությանը։ Հարազատները նրան չեն թողել Արցախ գնա, ասել են՝ ճանապարհները վտանգավոր են, անընդհատ հրետակոծվում են։ «Չթողեցին գնամ հուղարկավորությանը, մտածում էի՝ գոնե հետո, երբ պատերազմն ավարտվի, կգնամ ամուսնուս գերեզմանին, բայց․․»,- ասում է Լիլիթն ու սկսում արտասվել։ Լիլիթն ու երեխաները վերջին անգամ Գերասիմին տեսել են Քարին Տակից հեռանալիս՝ սեպտեմբերի 27-ին։ Լիլիթը ամուսնու և 3 երեխաների՝ Մելինեի, Միհրանի ու Մարիաննայի հետ ապրում էր Քարին Տակում։ Գյուղում խանութ ունեին, որով կինն էր զբաղվում։ Մելինեն սովորում է Ստեփանակերտի պետական համալսարանի մանկավարժության բաժնում, Միհրանն ու Մարիաննան դպրոցական են։ Մելինեն՝ նրանց ավագ դուստրը, նշանադրված է, հոր մասին խոսելիս առաջին հերթին ասաց, որ հայրը խստապահանջ էր, երկար ժամանակ չէր համաձայնում, որ դուստրն ընկերություն աներ սիրած տղայի հետ, անգամ նշանադրության օրը դժվարությամբ է համաձայնել ընդունել տղայի հարազատներին։ Հավելում է, որ հայրն ուզում էր, որ իրենք լավ կրթություն ստանան։ 12-րդ դասարանում սովորող Միհրանը հոր կորստից հետո հասկացրել է, որ տան տղամարդն արդեն ինքն է։ Միհրանն ուզում է հայրենի գյուղ վերադառնալ։ Ասում է՝ կապ չունի, թե ինչքան լավ են ընդունել իրենց Հայաստանում, մեկ է՝ ինքն ուզում է իրենց գյուղ վերադառնալ։ Լիլիթը հիշում է, որ պատերազմի օրերին Գերասիմը Քարին Տակի բնակիչներին ասել էր, որ կարող են իրենց խանութից անվճար սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ վերցնել։ Մխիթար Հովհաննիսյանի զոհվելուց հետո Գերասիմն ավելի ուշադիր էր դարձել Մխիթարի երեխաների նկատմամբ։ «Ամեն անգամ զանգելուց Լիլիթին ասում էր, որ ինձ ու երեխեքին ուշադիր լինի, ասում էր՝ հիմա Մխիթարը չկա, մենք պիտի իրանց ընտանիքին ուշադիր լինենք, Լիանին թև ու թիկունք լինենք»,-պատմում է Մխիթարի կինը՝ Լիանան։ Գերասիմ Հովհաննիսյանը կնոջ հետ Քարին Տակ գյուղում տուն է սարքել, փոքր բիզնես ստեղծել, մեծացնում էին երեք երեխաներին։ Լիլիթը չգիտի՝ ինչպես է շարունակելու ապրել, պատերազմը նրանից խլեց ոչ միայն տունն ու ունեցվածքը, այլ իր կողակցին։ Եթե Գերասիմը կենդանի լիներ, միասին ամեն ինչ նորից կստեղծեին։ Հ․Գ․ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը պատերազմի ժամանակ անցավ Ադրբեջանի հսկողության տակ։ Ավանեսյան քույրերն իրենց երեխաների հետ շուտով կլքեն նաև Արագյուղի տունն ու վարձակալությամբ կտեղափոխվեն Երևան՝ փորձելով կյանքը շարունակել նոր կետից։

ՀԵՏՔ

Կիսվել