Պատերազմի օրերին Երևանում ապօրինի շինարարություն իրականացնողները

Արթուր Հայրապետյան Փետրվար 21, 2021

Պատերազմի օրերին Երևանում ապօրինի շինարարություն իրականացնողները Նառա Կիրակոսյան, Տիրայր Մուրադյան Նարինե Մկրտչյանը 2018 թ.-ից պայքարում է երևանյան իր տան հարևանությամբ կատարվող ապօրինի շինարարության դեմ։

Կառուցապատումը սկսվել է հետհեղափոխական փուլում, միս ու արյուն է ստացել 2020 թ.-ին՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի օրերին։ Երկու դեպքում էլ՝ անվերահսկելի ժամանակաշրջանում։ Ներքին Շենգավիթ 12-րդ փողոցում՝ 97 դպրոցի դիմաց, 2018 թ.-ին քաղաքացի Արայիկ Հարությունյանը ապօրինի շինարարություն էսկսել է։ Փորձել է իրեն պատկանող մեկհարկանի շինությունը վերակառուցել՝ դարձնել երկհարկանի։ Կառուցապատվող տարածքի անմիջապես հարևանությամբ բնակվող Նարինե Մկրտչյանն առաջին իսկ պահին ահազանգել է քաղաքապետարանի «թեժ գծին»։ Նույն օրը քաղաքապետարանից եկել և ապամոնտաժել են բետոնաշաղախի համար ամրացված փայտե հենակները։ Ըստ Նարինե Մկրտչյանի՝ կառուցապատողը սպասել է մեկ այլ հարմար առիթի՝ կիսատ գործը շարունակելու, և Արցախում սկսված պատերազմը «նոր հնարավորություն» է բացել նրա համար։ Այդ ժամանակ նույնիսկ հարևանը խնդրել է Նարինե Մկրտչյանին, որ չբողոքի շինարարության դեմ։ «Ասեցի՝ դու պետք է պատերազմ գնաս, հիմա ոչ ոք չի մտածում տուն սարքելու մասին։ Ու այդ իրավիճակում սկսեցին տունը կառուցել»,- իր և հարևանի զրույցը վերհիշեց Նարինե Մկրտչյանը։ Պատերազմի սաստկանալուն զուգահեռ՝ ապօրինի շինարարությունը մեծ թափ է հավաքել։ Բազմաթիվ ահազանգերից հետո քաղաքապետարանից եկել և 200 հազար դրամով տուգանել են ապօրինի շինարարություն իրականացնողին, սակայն շինարարությունը չի դադարեցվել։ Նարինե Մկրտչյանի պնդմամբ՝ այդ ընթացքում Արայիկ Հարությունյանի որդին ֆիզիկական բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել իր հասցեին։ Հերթական ահազանգից հետո Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Գրիգորյանը Նարինե Մկրտչյանին պատասխանել է, որ «տարածքում իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, որը շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանք է»։ Այս պատասխանը տարակուսանք է առաջացնում։ Ինչպե՞ս շինարարությունը ավարտական տեսք ստացավ, և ապօրինի կառուցված շինության ներքին հարդարման աշխատանքն օրինական համարվեց։ Նարինե Մկրտչյանը կարծում է, որ ապօրինի շինարարությունը չի վերահսկվել մի քանի պատճառով։ Կա՛մ հովանավորչություն է եղել, կա՛մ վարչական շրջանի աշխատակազմում հանցավոր անգործություն են ցուցաբերել, կա՛մ հին բարքերն են՝ կաշառք են տվել։ Նման ենթադրությունների տեղիք է տվել այն հանգամանքը, որ ապօրինի շինարարության փաստն արձանագրելուց և տուգանք նշանակելուց հետո վերահսկողություն չի իրականացվել։ Հակառակ դեպքում մի քանի անգամ ավելի մեծ տուգանք կկազմվեր, ինչը, հնարավոր է, զսպեր ապօրինություն կատարողին։ «Կապ չունի՝ մեկ տուն է ապօրինի կառուցվում, թե մեկ դղյակ, եթե մի բան ապօրինություն է, պետք է պատժվի։ Կա՛մ ինձ թող պատժեն սուտ մատնության համար, կա՛մ այդ մարդկանց պատժեն»,- ասում է Նարինե Մկրտչյանը։ Երևանի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ տարածքում ինքնակամ իրականացվել են երկաթբետոնե հիմնասյուների և հեծանների կառուցման շինաշխատանքներ, կազմվել է արձանագրություն, որի հիման վրա 200 հազար դրամ վարչական տույժ է նշանակվել։

 

https://hetq.am/hy/article/127017?fbclid=IwAR3q4R85edzCj2rODHdp05DoZ3_4ArLQzLL

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024