«Պատերազմն ինձնից խլեց մեծ տղայիս՝ Հարութին, հույս ունեմ, որ գոնե փոքրիս՝ Նարեկիս, կգտնենք, մտածում ենք, որ գերի է..., չնայած իրեն ճանաչողներն ասում են՝ Նարեկը գերի ընկնող տղա չէր»

Արթուր Հայրապետյան Մարտ 15, 2021

Երկու որդի, երկու եղբայր՝ Ջրականին Հեղինակ` Նարե Գևորգյան

«Պատերազմն ինձնից խլեց մեծ տղայիս՝ Հարութին, հույս ունեմ, որ գոնե փոքրիս՝ Նարեկիս, կգտնենք, մտածում ենք, որ գերի է..., չնայած իրեն ճանաչողներն ասում են՝ Նարեկը գերի ընկնող տղա չէր»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է տիկին Թեհմինե Թևոսյանը։ Թեհմինե Թևոսյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի բնակիչ է, նրա երկու որդիները՝ Հարութ և Նարեկ Վարդանյանները, այս պատերազմի օրերին ծառայում էին Ջաբրայիլում։ «Սիրտս ոնց հանգստացավ» Պատերազմի բոթը հասել էր ընտանիքին սովորական թվացող մի օր, երբ նրանք աշխատում էին հողամասում. հարազատներից մեկը զանգել է և լուր տվել՝ պատերազմ է։ «Բահը գցեցինք ու վազեցինք տուն, որ զանգենք ու երեխեքի հետ խոսենք։ Բայց զանգերին Հարութը չէր պատասխանում, ավելի ուշ ինքը զանգեց, հարցրինք՝ պատերա՞զմ է, ասաց՝ հա, թեթևակի, ոչ մի լուրջ բան չկա։ Մեզ ասաց՝ դուք լավ եղեք, մեր մոտ ամեն ինչ լավ է։ Նարեկիցս էլ նորություն չկար, իրեն էլ զանգեցինք, ասաց՝ մի վախեցեք, ամեն ինչ նորմալ է, դուք հանգիստ եղեք»,- պատմում է մայրը։ Այսպիսի պատասխան ծառայող տղաները տալիս էին բոլոր մայրերին։ Պատերազմից վատ իրենց մայրերի տխրությունն էր ու ցավը... Եթե կրտսեր որդու հետ գոնե պատերազմի առաջին երեք օրերին կարողանում էին խոսել, ապա ավագ որդին՝ Հարութը, «հեռախոսի հետ սեր չուներ» ու տեղեկություն ծնողներն ավելի հաճախ ստանում էին ընկերոջ՝ Դավթի միջոցով։ «Զանգում էինք Դավիթին, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է, ապա հեռախոսը հասցնում էր Հարութին, որ խոսենք։ Հույս էին տալիս, ասում՝ ամեն ինչ լավ է...։ Հարութիս վերջին զանգը հոկտեմբերի 4-ին եղավ, առավոտ շուտ զանգեց, ասաց՝ չվախենաք, ձեզ լավ նայեք։ Դրանից հետո էլ զանգ չստացանք։ Ինքը անընդհատ ասում էր՝ ձեր տղան վախեցող տղա չի, դուք հանգիստ եղեք, լավ եղեք։ Մենակ մի անգամ՝ ամսի 3-ին զգացի, որ մի բան էն չի, երբ հարցրեց, թե ինչ նորություն կա։ Ես էլ մտածեցի, թե գիտի՝ մեր մոտ էլ է կրակոց, ասացի, որ մեր մոտ ամեն ինչ նորմալ է, ինքն էլ ասաց, որ ուրիշ բան է հարցնում՝ զինադադար չկա՞»,- մորմոքում է մայրը։ Զինադադար... Ինչ է մտածել մայրը, լսելով, որ որդիները սպասում են զինադադարի, հասկացե՞լ է, որ տեղները նեղ է՝ թեպետ լսել է «ամեն ինչ լավ է»։ Հարութն ու Նարեկը իրար կողք չէին, Հարութի առաջին հարցը տուն զանգելիս միշտ կրտսեր եղբոր մասին էր՝ լուր կա՞, լա՞վ է։ «Վերջին անգամ, երբ ասացի՝ չի զանգել, հույս էր տալիս, թե ոչինչ, կզանգի։ Մյուս օրը, որ զանգեց, ասացի՝ Նարեկը զանգել է, պատասխանեց՝ մա՜մ, ես էլ էդ էի ուզում իմանալ, սիրտս ոնց հանգստացավ»,- կարծես տղայի ձայնն ականջում ասում է մայրը։ Հարութի զոհվելու մասին ընտանիքը տեղեկանում է որդու զինակից ընկերոջ՝ Դավթի քեռուց։ Իսկ Դավիթը զոհվել էր...

 

https://www.panorama.am/am/news/2021/03/15/

Կիսվել