Փոխշահավետ առճակատումը սկսվեց

Արթուր Հայրապետյան Ապրիլ 14, 2021

Փոխշահավետ առճակատումը սկսվեց

Արդեն կարելի է արձանագրել՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում արտասանած իր հախուռն ելույթով սկսեց նախընտրական քարոզարշավը և սահմանեց այն տոնայնությունը, որով առաջիկա երկու ամիսներին քաղաքական ուժերը հայհոյելու են միմյանց։ Իսկ բուն ելույթը, ինչպես և պետք էր սպասել, այն մասին էր, որ ամեն ինչի համար մեղավոր են բոլորը՝ բացի իրենից։

 

Պարզվեց, օրինակ, որ 2016-ի ապրիլյան պատերազմի համար մեղավոր են Հայաստանն ու միջազգային հանրությունը (որովհետև միջազգային հանրությունը հայկական կողմից պահանջում էր հրաժարվել Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակից, հայկական կողմը հրաժարվեց, դրա համար էլ պատերազմը սկսվեց)։ Պարզվեց, որ Օնիկ Գասպարյանը սուտ էր ասում, թե իբր 44-օրյա պատերազմի չորրորդ օրը իրեն առաջարկել է ցանկացած գնով կանգնեցնել պատերազմը (իրականում, իբր, լրիվ հակառակն էր ասել)։ Պարզվեց՝ Պուտինը սուտ էր ասում, երբ պնդում էր, թե հոկտեմբերի 19-ին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, բայց ինքը մերժել է (իրականում ինքը իբր համաձայնվել է, բայց մի երկու պայման է առաջ քաշել, Ադրբեջանը մերժել է), պարզվեց՝ ինքը ոչ մի բանի հետ կապ չի ունեցել, բոլոր ռազմական օպերացիաները գեներալներն են պլանավորել և իրականացրել, իսկ ինքը միայն մի որոշում է ընդունել ու դրանով իսկ փրկել մի ամբողջ պաշտպանական շրջան, որը գեներալները պատրաստվում էին հանձնել, պարզվեց՝ Ալիևը բոլորովին էլ չի ուզում ապաշրջափակել կոմունիկացիաները, այդ մենք ենք ձգտում ու անպայման հասնելու ենք դրան, և այլն։ Մի խոսքով՝ ինքը հունական կղզիների փոխարեն ելակ է գնել, բայց չի հասցրել ամբողջովին վերազինել բանակը, պատերազմում ծանր պարտություն ենք կրել, և արդյունքում՝ Հայաստանն ու Արցախն ունեն ապագա։ Ահա այսպիսի տրամաբանական շիլաշփոթ ընդամենը մի ելույթում։

 

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենի սկզբնաղբյուրն ու մեկնարկը համարում է Ղարաբաղը բանակցային գործընթացից միտումնավոր ձևով դուրս թողնելը, բայց, հասկանում եք, լավ չի հիշում, թե դա երբ և ում օրոք է տեղի ունեցել՝ 1997-ի՞ն, թե՞ 1998-ին։ Գիտե՞ք, թե ինչով է պայմանավորված այս ուշագրավ «սկլերոզը»․ մարդը դեռ չի հասկացել, թե առաջիկա ընտրություններում ով է լինելու իր հիմնական մրցակիցը՝ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը։ Դրա համար էլ «նավսյակի» այնպիսի ձևակերպում է օգտագործում, որ հետագայում զարգացնի ըստ իրավիճակի։ Միայն թե չասեք՝ հա, դե մարդը նույն ելույթում մի քանի անգամ շփոթեց 2020 և 2021 թվականները, Պուտինին «Ֆրանսիայի նախագահ» անվանեց, գուցե այդ դեպքում էլ է շփոթել։ Չէ, աչքաբաց գեղջուկները սովորաբար նման բաները պատահաբար չեն «շփոթում» կամ «մոռանում»։

 

 

Բայց ամենացավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու նախկինները (Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը) միմյանց համար ուղղակի երանելի մրցակիցներ են։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կարելի է ներկայացնել ընդամենը երկու նախադասությամբ․ մինչև իշխանության գալը՝ «ես գալիս եմ, որովհետև սրանք 20 տարի շարունակ թալանել են երկիրը», իշխանության գալուց հետո՝ «ես չկարողացա ոչինչ անել, որովհետև սրանք 20 տարի շարունակ թալանել են երկիրը»։ Իսկ 20 տարի շարունակ իսկապես երկիրը թալանածների համար Նիկոլ Փաշինյանը պարզապես երկնային պարգև է, որովհետև միայն նրա կատարյալ ապաշնորհության ֆոնին իրենք կարող էին համարձակվել երևալ մարդկանց աչքին ու նույնիսկ իշխանությունը վերադարձնելու հայտ ներկայացնել։ Ուշադրություն դարձրեք՝ ճմրթված, խեղճացած ու հայացքը գետնից բարձրացնել չհամարձակվող Փաշինյանը միայն նախկինների մասին խոսելիս է բարձրացնում ձայնն ու մատն օդում թափահարում, իսկ նախկիններն իրենց հերթին անհամբերությամբ են սպասում նրա ցանկացած ելույթին, որովհետև նրա հնչեցրած անհեթեթությունների չափաբաժինը լիուլի կբավականացնի առնվազն մի երկու շաբաթվա ակտիվ քարոզարշավի համար։

 

Իսկ հասարակությունը լուռ հետևում է հայրենիքը կրկեսի վերածածների ու ծաղրածուների այս փոխշահավետ առճակատմանը։

 

Արմեն Բաղդասարյան ՉԻ

Կիսվել