Քայլ արեք, իրար կերեք

Արթուր Հայրապետյան Հունվար 31, 2021

Քոչարյանն ու Փաշինյանը միասին են, նրանց հետ են Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ն և այլք: Մի խոսքով՝ բոլորն ընդդեմ Հայաստանի, ընդդեմ խաղաղության, ընդդեմ բանականության և կյանքի: Ուրիշ բանի ընդունակ չեն: 

1. Պարտությունից անմիջապես հետո սկսվեց պայքար իշխանության համար: Հառնեցին նախկին «հաղթողական» ուժերը և հայտարարեցին, որ փրկելու են հայրենիքը: Պարտությունից անմիջապես հետո թվում էր՝ աղետի հիմնական մեղավորը՝ Ն. Փաշինյանը, հեռանալու է: Զարմանալի է, որ իրենց ընդդիմություն հռչակածները չէին հաշվարկել, որ նա դա չի անելու: Այնինչ պետք է հաշվարկեին, պետք է հասկանային, որովհետև իրականում Փաշինյանն ու նրանց իրական լիդերները շատ նման են: Նման են թե՛ հռետորաբանությամբ, թե՛ անամոթությամբ, թե՛ նպատակներով: Տեսե՛ք, ո՛չ ներկա իշխանությունը, ո՛չ իրենց ընդդիմություն հորջորջողները չեն խոստովանում սեփական սխալները, մեղքերը. հակառակը՝ զբաղված են մեղքը ուրիշի վրա գցելով: Եվ, իհարկե, երկուստեք սարսափում են իրականության հետ առերեսվելուց:

2. Եթե սկզբնական շրջանում այսպես կոչված ընդդիմադիրները թաքցնում էին իրական լիդերին կամ լիդերներին՝ մեջտեղ բերելով Վազգեն Մանուկյանի պես հնամաշ մեկին, ապա այժմ «բացահայտվում է» Ռ. Քոչարյանը: Նա փորձում է հանդես գալ որպես Փաշինյանի հիմնական մրցակից՝ օգտագործելով հաղթողականի, ուժեղ ղեկավարի իր կեղծ իմիջը: Իսկ այդ կեղծ իմիջը նրա համար ստեղծել էին 98 թվականից: Ռ. Քոչարյանն այն ժամանակ իշխանությունը զավթեց հաղթողականության, ոչմիթիզականության ծնծղաների ներքո, նրան հավատարմորեն ծառայող լրատվամիջոցներն ու վերլուծաբանները հյուսեցին տնտեսական հրաշքի և համընդհանուր երջանկության առասպելը՝ անխոնջ ոչնչացնելով Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը: Եվ այս ամենն արվում էր քաղաքական բազմաթիվ սպանությունների ուղեկցությամբ: Ռ. Քոչարյանի պաշտոնավարումն ավարտվեց մարտիմեկյան արյունահեղությամբ: Իսկ ահա 2018-ի իշխանափոխությունից հետո հենց Փաշինյանը նրան օգնեց Հայաստանի քաղաքական դաշտում նորից գործոն դառնալ: Իսկ հիմա Քոչարյանն է սատարում Փաշինյանին: Պարտքը պետք է վերադարձնել, չէ՞:

 

3. Անամոթ այս պայքարը ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին, որովհետև երկրի ապագայի համար բացարձակապես տարբերություն չկա, թե ում ձեռքին կլինի իշխանությունը՝ Քոչարյանի՞, թե՞ Փաշինյանի: Երկուսն էլ պատերազմի խորհրդանիշ են, երկուսն էլ իրենց մեղքի մեծ չափաբաժինն ունեն պետությունն աղետի հասցնելու գործում: 

Ի՞նչ հեռանկար կարող են ձեզ առաջարկել այս գործիչները, ի՞նչ գաղափարախոսություն ունեն, ինչպիսի՞ նպատակներ ունեն՝ բացի իշխանությունը պահելուց կամ զավթելուց:  

Հիշեցնենք՝ բացի կենացատիպ, կեղծ ազգային ճառերից նրանք ոչինչ չեն ասել: Մեկը վոյին էր, մյուսը՝ աննախադեպ: ՀՀ-ում իշխանության գալուց հետո Ռ. Քոչարյանը միշտ խուսափել է կուսակցականությունից: Ն. Փաշինյանի կուսակցության գաղափարախոսությունը միայն իրեն է հայտնի: Ռ. Քոչարյանը երբեք չի ունեցել լեգիտիմություն, Ն. Փաշինյանի լեգիտիմությունը հենվում էր նախկինների հանդեպ ատելության վրա, իսկ այժմ այն սասանված է: Ն. Փաշինյանն ու նրա կուսակցականները բնավ չեն ուզում ընդունել սեփական լիդերի և թիմի պարտությունը ճիշտ այնպես, ինչպես Քոչարյանը չի ընդունում իր մեղքերը՝ սկսած իշխանազավթումից, վերջացրած մարտի մեկով: Ն. Փաշինյանը և Ռ. Քոչարյանը երբեք չեն ընդունելու խաղաղությունը մերժելու, ոչմիթիզականությանը տուրք տալու կործանարարությունը: Համաձայնե՛ք՝ սա ընդունելը երկուսի համար էլ հավասար է ինքնասպանության:

Երկուսն էլ Հայաստանի համար անհեռանկար են, աղետաբեր, իսկ միմյանց համար՝ շահեկան: Ուրեմն միասին են:

Զարուհի Գաբրիելյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2021

Կիսվել