Շիրակցի հերոսի որդին՝ 5-ամյա Վիլյամը, դեռևս չգիտի, որ հայրը զոհվել է, տղային ասել են, որ տան մի անկյունում դրած հոր նկարը հայրը դիրքերից է ուղարկել, որպեսզի իրենք բոլորով տեսնեն և ուրախանան

Արթուր Հայրապետյան Հունվար 14, 2021

«Ճակատագրի բերումով եղել եմ Միքայել Աթոյանի կինը և շնորհակալ եմ ճակատագրին, որ հենց նրա նման մեծատառով անհատականության հետ միասին ենք դաստիարակել ու կրթել մեր երկվորյակ դստրիկներին ու որդուն, որի լույս աշխարհ գալուն Միքայելը շատ էր սպասել: Նրա հետ անցկացրած տարիները ինձ համար լուսավոր ու երջանիկ տարիներ էին, ու ես միշտ վախենում էի ինձ բաժին հասած անափ երջանկությունից: Միքայել Աթոյանը եղել է ու կմնա որպես իր երկիրն ու ժողովրդին անմնացորդ սիրող, իր գիտելիքները, ջանքն ու եռանդը հայկական բանակին ուղղորդած հայրենասեր հայորդի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված Բաղանիսի զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ մայոր Միքայել Աթոյանի կինը՝ Ասյա Աթոյանը:

«Ես իր հետ պարոն Աթոյանով էի խոսում. զանգում էի հարցնում՝ պարոն Աթոյան, ինչպե՞ս եք, ասում էր՝ շատ լավ եմ, ծառայում ենք Հայրենիքին: Շատ էր սիրում մեր երկրի սահմանները՝ Բաղանիսը, Կոթին, Ոսկեպարը. կարծես ինքը այնտեղ ծնված լիներ:

Զորամասից մեզ բնակարան էին հատկացրել, և մենք հարազատ տնից՝ Ախուրյանից հեռու, չորս տարի իր հետ էինք ապրում: Տուն էր գալիս 15 րոպեով ու արագ վերադառնում էր զորամաս, առանց զորամասի չէր պատկերացնում իր առօրյան, շտապում էր հետ վերադառնալ: Ես գիտեի իր բնավորությունը, անտրտունջ համակերպվում էի զինվորականի կինը լինելու դժվարին պարտականությանը:

Իրեն գումարտակում շատ էին սիրում, նա բոլոր ժամկետային զինծառայողների հետ կարողանում էր լեզու գտնել, թե՛ մեծ, թե՛ փոքր, բոլորի հետ մտերիմ էր: Ընկերասեր էր, և իրեն էլ բոլորը սիրում էին, շատ հարգված էր:

Ամուսնուս համար Հայրենիքից և ընտանիքից կարևոր բան չկար… լավ զավակ էր, լավ ամուսին և լավ հայր, լավ եղբայր:

Շատ էր սիրում մեր երկվորյակ աղջիկներին, նրանց ձագերս էր ասում:

Ինքը Հայրենիքի համար զոհվեց, որ բոլորս ապրենք: Իր ամեն մի բառը, ամեն ասած խոսքը, որ հիմա վերլուծում եմ, հասկանում եմ, որ ինքը սպասում էր պատերազմի: Երևի կանխազգում էր, որ պետք է զոհվի հանուն Հայրենիքի, որ պետք է անմահանա»:

Մայոր Միքայել Սարգսի Աթոյանը ծնվել է 1984թ. Շիրակի մարզի Ախուրյան գյուղում։ Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:

ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, նշանակվել է Տավուշի մարզի գ. Բաղանիսում որպես գումարտակի հրամանատարի տեղակալ։

Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Երիտասարդ սպան հոկտեմբերի 19-ին տեղափոխվել է Արցախ, մասնակցել թեժ մարտերին: Միքայել Աթոյանը քաջաբար զոհվել է հոկտեմբերի 20-ին Կուբաթլուի տարածաշրջանում:

Գումարտակի հրամանատարի տեղակալ Միքայել Աթոյանը սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայության» համար մեդալի:

Շիրակցի հերոսի կինը՝ Ասյան, պատմում է, որ իրենք համերաշխ ընտանիք են եղել, բայց պատերազմը իրենցից խլեց իրենց երջանկությունը: Ասում է՝ կորստի ցավը մեծ է, բոլորի ցավն էլ նույնն է, ուղղակի երանգներն են տարբեր:

«Զորամասից ոչ մի խոսակցություն ու տրամադրություն Աթոյանը տուն չէր բերում, մենք տանը չէինք խոսում զինվորական թեմաներով, ճիշտ են ասում, որ սպայի կյանքում գաղտնիությունը պարտադրված է… ինքը ներս էր մտնում և վերջ. մենք էինք ու մեր երեք երեխաները: Ինքը ընտանիքում ուրիշ մարդ էր»,- պատմում է պատերազմում զոհված մայորի կինը:

Ասյա Աթոյանը ամուսնու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 20-ին:

«Երեք անգամ զանգեցի, ասացի՝ Աթոյան, ո՞ւր ես գնում, ասաց՝ Ասյա, մի՛ անհանգստացիր, դիրքեր եմ գնում:

Ես ասացի՝ երեք անգամ դու ո՞ւր ես գնում, ես քո պոստեր գնալու ժամանակը գիտեմ… ասաց՝ չլացե՛ս, Ասյա, բայց դա հրամանի տոնով էր: Ասաց՝ հրամայում եմ, չլացե՛ս, ես գնում եմ պատերազմ, գնում եմ հայրենիքս պաշտպանելու՝ հանուն մեր բոլորի, հանուն երեխաների: Ես սկսեցի լաց լինել, զինվորականին բնորոշ խստությամբ հրամայեց՝ Ասյա, չլացե՛ս, ես հետ եմ գալու, կզանգեմ քեզ. անհասանելի եմ լինելու, դու չզանգես ինձ:

Հետո Միքայելը անհասանելի դարձավ, 48 մութ ու ձիգ օրեր սպասեցինք իր զանգին, չզանգեց…

Հոկտեմբերի 20-ին թեժ մարտեր է մղել թշնամու դեմ՝ ունենալով հաջողություններ… թշնամու դիպուկահարը նկատել է, որ Աթոյանը հրամանատար է, որովհետև եթե զինվոր լիներ, էդքան բան չէր անի:

Ամուսինս զոհվել է թշնամու դիպուկահարի կրակոցից: Մենք այսքանից հետո էլ չենք չարացել, ես ուզում եմ, որ բոլորը ողջ-առողջ հետ գան. թող վերջին լացողը ես լինեմ: Մարդիկ չարանում են, բայց ես չեմ չարացել… թող բոլորը հետ գան, իրենց զավակների կողքին լինեն:

Ես ճաշակել եմ որբության դառնությունը, և ամուսինս գիտեր, որ ես որբություն բառից անգամ շատ եմ վախենում: Ես այնքան էի հավատում, որ նա իր ձագուկներին որբ չի թողնի: Ես երեխաների հետ Ախուրյանում էի ապրում, ինքը ամենուր էր՝ այստեղ-այնտեղ, գնացինք և իր հետ էինք բնակվում զորամասի կողմից հատկացված տանը, որ երեխաները չմտածեն՝ պապան հեռու է, չկարոտեն: Անհամբեր սպասում էինք այն օրերին, երբ էր մեր հայրիկը դիրքերից իջնելու, միշտ պատրաստվում էինք՝ տորթ էի թխում, սեղան էինք պատրաստում:

Աղջիկներս ասում էին՝ պապ, գնանք ինչ-որ տեսարժան վայր, տանում էր, հարմարեցնում էր իր ծանր աշխատանքի հետ:

Վերջին անգամ սեպտեմբերի 13-ն էր, երբ եկավ տուն, աղջիկներս ասացին՝ պապ, մի բան խնդրենք, ասաց՝ ասեք, ձագեր:

Ասացին՝ Բերդավանում Բերդ ամրոց կա, որտեղ հանգրվանել է Աշոտ Բ-ն, պապ, եթե հարմար լինի, կտանե՞ս՝ մենք տեսնենք: Ասաց՝ այդ հարցը վաղը կլուծենք։ Հաջորդ օրը գնացինք և տեսանք Բերդ ամրոցը, նկարվեցինք. կարծես ինքը գիտենար, որ վերջին նկարներն են լինելու։ Ասաց՝ Վիլյամ, ձագեր, այնպես նկարվեք, որ անպայման դրոշը բոլոր նկարների մեջ լինի, և այդպես էլ եղավ՝ բոլոր նկարների մեջ դրոշը երևում էր:

Ես մեծ հպարտություն եմ ապրում, որ Միքայել Աթոյանի հետ եմ կապել իմ 16 տարիները: Հպարտանում եմ, որ իրեն ունեմ, ուղղակի չէի ուզում այսքան շուտ կորցնել իրեն:

Ինքը զոհվեց, որ հպարտանանք իր սխրանքներով, իր թողածով՝ իր պատվոգրերով և շնորհակալագրերով: Ինքը չէր ասում, որ պատվոգիր կամ շնորհակալագիր է ստացել. հետո էինք իմանում դրանց մասին:

Ասում էր՝ Աս ջան, գիտե՞ս, այսօր պատվոգիր եմ ստացել, ասում էի՝ Միշ, կբերես տուն՝ տեսնենք… մեծ հպարտություն եմ ապրում: Անասելի հպարտություն է հերոսի կին լինելը: Ինքը գիտեր, որ ես երևի ուժեղ եմ, դրա համար էլ ինձ հերոսի կին կոչումը թողեց ու գնաց:

Աստծուց ես խնդրեցի, ասացի՝ Աստված իմ, խնդրում եմ հետ վերադարձրու, դու գիտես ես ինչից եմ վախենում: Թող առանց ոտքի-ձեռքի լինի, Աստված լսեց իմ ձայնը, բայց չկատարեց, որովհետև արդեն ուշ էր»,- եզրափակեց Միքայել Աթոյանի կինը:

Շիրակցի հերոսի որդին՝ 5-ամյա Վիլյամը, դեռևս չգիտի, որ հայրը զոհվել է, տղային ասել են, որ տան մի անկյունում դրած հոր նկարը հայրը դիրքերից է ուղարկել, որպեսզի իրենք բոլորով տեսնեն և ուրախանան:

Վիլյամը կսպասի հերոս հոր վերադարձին և խոստացած մեդալներին:

Անահիտ Չալիկյան

Կիսվել