Ուզում եմ հարցնել ու հարցնել՝ իսկ Նիկոլ Փաշինյանին ո՞վ եւ ե՞րբ պիտի պատասխանատվության ենթարկի

Արթուր Հայրապետյան Փետրվար 02, 2021

Մինչեւ հիմա Շուշիի եւ, առհասարակ, պատերազմի մասին կարդացածս վկայությունները շատ ավելի հարցեր են առաջադրում, քան պատասխաններ տալիս: Ու երբ կարդում եմ, թե այսինչին բռնել են այսինչ բանի համար, ուզում եմ հարցնել՝ Նիկոլ Փաշինյանին ե՞րբ եւ ո՞վ պիտի բռնի: Պատերազմի դեռ առաջին օրերին, կարծեմ Եվրախորհրդարանում մերոնցից ելույթ ունեցողներ էին եղել եւ դա իշխանականների կողմից ներկայացվեց որպես աննախադեպ մի բան: Մի տիկին, որը հետագայում կառավարությունում աշխատանք ստացավ, վիճում էր, թե ոնց կարելի է չտեսնել հայ դիվանագետների այդ աննախադեպ հաղթանակը: Ընդամենը ելույթներ էին եղել, եւ այդ ելույթները ոչ մի առարկայական հաջողություն չէին գրանցել, իսկ պատերազմը շարունակվում էր: Եվ, որքան հիշում եմ, այդ տիկինը գրեց, թե բոլորի գրառումները սքրինշոթ է անելու եւ հաղթանակից հետո հրապարակելու: Իհարկե, հրապարակելու կարիք չեղավ, քանի որ իշխանությունը դուրս եկավ ամենից աննախադեպ ապաշնորհը, առհասարակ, Հայոց պատմության մեջ: Իսկ տիկինն ու՞ր մնաց, նա բավականաչափ աշխատավա՞րձ է ստանում, գուցե նաեւ պարգեւավճա՞ր: Նրա խիղճը հանգի՞ստ է: Էլի եմ ուզում հարցնել ու ամեն օր եմ ուզում հարցնել. երբ իմ հարեւանի տանը ապաստանած ղարաբաղցիների (որոնք հավանաբար տուն են կորցրել ու տեղափոխվել Երեւան) երեխաների մանկական անվրդով ձայնն եմ լսում, թե ինչպես են համեմատում Երեւանն ու Ստեփանակերտը, ուզում եմ հարցնել: Երբ նրանց երիտասարդ մոր՝ միանգամից բռնկվող եւ նյարդային ձայնն եմ լսում, ուզում եմ հարցնել: Երբ զոհվածների նկարներ եմ Ֆեյսբուքում տեսնում ու մղկտացող հարազատների գրառումները, էլի ու էլի ուզում եմ հարցնել. Նիկոլ Փաշինյանին ե՞րբ եւ ո՞վ պետք է բռնի այս աննախադեպ ավերածությունների համար: Նույն հարցն եմ ուզում տալ, երբ տեսնում եմ Ռուսաստան մեկնելու համար չլսված գումար վճարող հայերին, երբ լսում եմ, թե ինչպես են ասում, որ ապրել է պետք, իսկ այստեղ ապրել հնարավոր չէ: Ուզում եմ նույն հարցը տալ, երբ եղբայրս, որը որոշել էր Հայաստան տեղափոխվել, ինձ է ուղարկում մեկնողների մասին տեսանյութերը ու ասում. գամ, ի՞նչ անեմ, դուք եկեք այստեղ: Նույն հարցն եմ ուզում տալ, երբ խանութում առաջին անգամ հանդիպածս տատիկն ասում է, թե Հադրութում ամեն ինչ կորցրել են, ամբողջ կյանքի տունուտեղը եւ ձայնը դողում է...

Ուզում եմ հարցնել ու հարցնել՝ իսկ Նիկոլ Փաշինյանին ո՞վ եւ ե՞րբ պիտի պատասխանատվության ենթարկի:

ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Կիսվել