3 վայրկյան, որոնք կփրկեն տնտեսությունը

Արթուր Հայրապետյան Մարտ 25, 2021

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ. փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում»:

«ՉԻ». Գրողը տանի, ի՜նչ թարս է, որ հենց անցած տարի փետրվարը 29 օր ուներ: 28-ի դեպքում մենք հաղթահարած կլինեինք տնտեսական ճգնաժամը, բենզինն ու ձուն կէժանանային, դոլարի կուրսը կիջներ, Երևանի փոսերը կլցվեին, տարածաշրջանի վագրի կոչումը նորից մեր ձեռքը կվերցնեինք:

Ոչ, սա հանդուրժել չի կարելի: Առջևում էլ ընտրություններ են, պետք է մի բան մտածել, որ Հայաստանի տնտեսությունը ոչ թե համարյա, այլ ամբողջությամբ վերականգնված համարվի:
Մենք մի փայլուն գաղափար ունենք, որը ներկայացնում ենք նախարարին: Ինչպես գիտեք, ընդունված է ասել, որ տարին ունի 365 օր և 6 ժամ: Էդ 6 ժամը չորս տարվա ընթացքում դառնում են մեկ ավելորդ օր, որն էլ փետրվարի 29-ն է: Բայց...

 

Իրականում տարին ունի 365 օր, 6 ժամ և 3 վայրկյան: Այդ 3 վայրկյանը ոչ ոք հաշվի չի առնում: Հավայի կորում, գնում են: Մինչդեռ հարյուրամյակների ընթացքում այդ 3 վայրկյաններն արդեն գումարվել, մեկ օր են դարձել: Նախարարին խորհուրդ ենք տալիս այս տարվա փետրվարն էլ 29 օր համարել՝ այդ 3 երեք վայրկյանների հաշվին, և վերջ, տնտեսությունը կվերականգնվի: Հանճարեղ միտք է:

«Չորրորդ իշխանություն», թիվ 12, 2021

Կիսվել