Ադրբեջանից հնչող սպառնալիքն Արման Թաթոյանն անարձագանք չի թողնի

Արթուր Հայրապետյան Փետրվար 11, 2021

Ադրբեջանից հնչող սպառնալիքն Արման Թաթոյանն անարձագանք չի թողնի

Փետրվարի 11-ին Արման Թաթոյանը հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ։ Նա գրել է, որ պետք է բացառել Սյունիքի մարզի ճանապարհներին ադրբեջանական դրոշների, ցուցանակների, զինված ծառայողների առկայությունը։ «Ռադիոլուրը» Պաշտպանից հետաքրքրվել է՝ ո՞վ է իր գրառման հասցեատերը։ «Ուժի, սպառնալիքի ներքո իրականացվող գործընթացը չունի լեգիտիմություն»,-պատասխանել է Արման Թաթոյանը։ Պաշտոնական հաղորդակցությամբ և առանձին հանդիպումներում նա իրավիճակը ներկայացնում է միջազգային գործընկերներին։ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանության կարիք չունի․ Արման Թաթոյանին պաշտոնից հեռացնելու Ադրբեջանից հնչող պահանջը անարձագանք չի մնա։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ կօգտվի գործող միջազգային ընթացակարգերից և կդիմի համապատասխան մարմիններին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող ատելության քարոզով օրերս հանդես էին եկել ադրբեջանցի պատգամավորները։

 

Կիսվել