«Ամբողջ ազգը Նիկոլ Փաշինյանի ձեռքում պատանդ է»

Արթուր Հայրապետյան Փետրվար 11, 2021

«Ամբողջ ազգը Նիկոլ Փաշինյանի ձեռքում պատանդ է». Արա Աբրահամյան.

Republica.am «Republica.am» կայքի հարցազրույցների հեղինակային շարքի հյուրն է «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության նախագահ, ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ներկայացնում ենք Ձեզ երեք մասից բաղկացած հարցազրույցի առաջին մասը: Republica.am. - հարգելի Արա Արաշվիրի, կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո ՌԴ հայերի միությունը՝ ի դեմս Ձեզ պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և խոսել ժամանակավոր կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին: Նմանատիպ պահանջներով, հանդես են եկել սփյուռքի գրեթե բոլոր հայկական կազմակերպությունները, եկեղեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Կիլիկիո Կաթողիկոսությունը, Հայաստանում գործող գիտական կազմակերպությունները՝ ԵՊՀ խորհուրդը, Գիտությունների Ազգային Ակադեմիան: Սակայն անցել է արդեն 3 ամիս ու Նիկոլ Փաշինյանը դեռևս շարունակում է պաշտոնավարել: Նա համառում է և դիմադրում է հանրային ճնշմանը: Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը:

Ա.Ա. - Անխոս, ցանկացած տրամաբանությամբ՝ նոյեմբերի 11-ից հետո՝ ո´չ Փաշինյանը, ո´չ իր թիմը չպետք է լինեին Հայաստանում իշխանության: Այդուհանդերձ, անցել է 3 ամիս և Փաշինյանը դեռ վարչապետի աթոռում է: Պատճառն այն է, որ իր վարչապետության ընթացքում հայ հասարակության մեջ արժեզրվել են բարոյական արժեքներն ու կատեգորիաները: Իսկ ինչպես գիտեք՝ այդպիսի աղավաղված բարոյական արժեքներով հասարակությունը ձեռնտու է պղտոր ջրում ձուկ որսացողներին, հատկապես նրանց, որոնք վախենում են այդ պղտոր ջրերի պարզաջրումից: Ու, հետևապես, նրանք այս կոնտեքստում հասարակությանը փորձ են անում մոռացնել տալ այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Կարծես թե՝ ոչինչ էլ տեղի չի ունեցել. Նրանք հասարակությանը ներշնչում են, որ պետք է ապրել առօրյա կյանքով, ուշադրություն չդարձնել այլոց ցավին՝ բազմահազար կորուստներին, աղքատությանը և ապրելու դժվարություններին: Եվ կապ կապ չունի, որ, օրինակ, քո հարևանը արդեն 3 ամիս չի քնում՝ սպասելով իր անհետ կորած տղայի կամ հոր մասին որևէ տեղեկություն ստանալուն: Նրանք ներշնչում են մարդկանց, որ պարտվածների կառավարությունը կարող է շարունակել իշխել՝ չվախենալով քրեական պատասխանատվությունից. Կարող է շարունակել իրականացնել ժողովրդի թիկունքում հակաժողովրդական ցանկացած պայմանավորվածություն: Նրանք հասարակությանը համոզում են, որ եթե դու Սյունիքից կամ Հադրութից չես և տնազուրկ չես դարձել, ապա կարելի է ուշադրություն չդարձնել՝ փախստականներին և անտուն մնացած մարդկանց, կարծես թե՝ նրանք գոյություն չունեն: Հետևապես, նրանք ձևավորում են մի տեսակետ, որ ոչ ոք որևէ բանի համար պատասխանատու չէ: Բայց բոլորը պետք է հասկանան, որ այս արհեստական անպատասխանատվության զգացումը, որը տաքացվում է այս իշխանության կողմից՝ երկար չի տևելու: Կարծում եմ նաև, որ պետք է անհապաղ ստեղծվի անկախ հանձնաժողով, որը իրավազոր կլինի քննել պատերազմի սկզբի, ընթացքի, ավարտի, կայացրած որոշումների վերաբերալ հարցերը, ու կորոշի յուրաքանչյուրի մեղքի և պատասխանատվության չափը: Ցանկացած նորմալ երկրում այդպես կվարվեին: Բայց Նիկոլ Փաշինյանը՝ պրոֆեսիոնալ խաբեբա և դեմագոգ է: Նա մե´կ մեղադրում էր բոլորին, բացի իրենից, բոլոր հնարավոր մեղքերում, մե´կ փոխում է իր այդ տակտիկան, որպեսզի պահի իշխանությունը.

Ասում է՝ «ես մեղավոր եմ, բայց տվեք ժամանակ ուղղեմ սխալներս»: Այսպես նա նաև փորձում իբր թե թեթևացնել հասարակության պատասխանատվության զգացումը: Բայց, ինչպես հայտնի է, այս վիճակի համար բոլորն են պատասխանատու՝ նախագահը, մտավորականները, գեներալիտետը, ուժայինները, որոնք այնպես են պաշտպանում Փաշինյանին, ինչպես պետք էր պաշտպանեին Հայաստանի և Արցախի սահմանները: Մի բան հստակ է. որքան երկար հիմա Փաշինյանը կառչեց աթոռից, ապա այդքան երկար ժամանակ է պահանջվելու պետությունը և հասարակությունը վերականգնելու համար: Կարելի է հասկանալ նաև այն անձանց, որոնք 3 տարի առաջ հավատացել են Փաշինյանին և ավելի վաղ չեն ընկալել, թե ի՞նչ վտանգ է նա իրենից ներկայացնում: Իրենք չէին պատկերացնում, թե ի՞նչ աստիճանի մանիպուլյացիաների է պատրաստ մարդը՝ իր նպատակներին հասնելու համար: Բայց հիմա նրանք, ովքեր աջակցում են Փաշինյանին՝ հանցկակից են դառնում Հայ ժողովրդի պատմության մեջ մեծագույն հանցագործությանը:

Փաշինյանը և իր թիմը պատասխան են տալու ամեն ինչի համար: Ու բոլոր նրանք, ովքեր բացահայտ կամ լռակյանց աջակցում են Նիկոլ Փաշինյանին՝ ևս պատասխան են տալու նրանց հետ միասին: Հիմա ողջ ազգը պատանդ է Փաշինյանի ձեռքում, որը իշխանությունը պահում գերիների հարցով շանտաժ անելով (որի հիմնական մեղավորը նա է, նույնիսկ ավելին, քան Ալիևը), մեկ նոր պատերազմով շանտաժ անելով և այլ նմանատիպ մեթոդներով:

Ցավոք, նախկին իշխանության օրոք ընդունված Սահմանադրությունը փակուղու առջև է կանգնեցվել հանրությանը: Եվ հիմա առկա է նաև սահմանադրական փոփոխությունների պահանջ: Կան նաև արտաքին ուժեր, որոնք պահպանում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը. Նա հիմա ձեռնտու է բոլորին, բացի հայերից և Հայաստանից: Իսկ, նախևառաջ, նա ձեռնտու է Ադրբեջանին և Թուրքիային:

Հարցազրույցը պատրաստեց՝ ք.գ.թ. Արամ Յազիչյանը

Կիսվել