ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. Խաբվածները «ժեխ» չեն

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 22, 2020

Եթե երկրի առաջին դեմքը կարող է մտնել իր երկրի որոշակի տարածք՝ միայն ուժ կիրառելով, ուրեմն այդ երկրում լուրջ խնդիր կա: Իշխանությունը եւ անձամբ վարչապետը դա չեն ընդունում՝ Փաշինյանին, ըստ ամենայնի, թվում է, որ ժողովուրդն իրեն սիրում է ճիշտ այնպես, ինչպես սիրում էր 2018 թվականի ապրիլին, բայց կան մի խումբ աթոռապաշտներ եւ ծախվածներ, որոնք ուզում են վարչապետի աթոռն իրենից խլել եւ այդ նպատակով ինչ-որ սադրանքներ են կազմակերպում: Կարելի է, ըստ վարչապետի, նրանց հախից գալ բռնաճնշումներով եւ քարոզչությամբ: Նա չի ուզում հավատալ, որ քաղաքացիների ստվար հատվածը իրապես ցասումով, զայրույթով է լցված իր նկատմամբ, եւ այդ զգացմունքները կարող են մեղմվել միայն իր հրաժարականի դեպքում:

 

Նույն սխալն, ըստ էության, անում են նաեւ ընդդիմադիրները եւ նրանց կողմնակիցներից շատերը: Նրանք կարծում են, որ Փաշինյանի աջակիցներ իրականում գոյություն չունեն, եւ բոլոր այդ մարդիկ կա՛մ պետական ծառայողներ են, կա՛մ կերակրատաշտի մոտ են, կա՛մ էլ ինչ-որ վարձած մարդիկ են: Դա նույնպես սխալ մոտեցում է եւ չի նպաստում պետության առջեւ դրված խնդիրներին, որոնք կարող են լուծվել միայն հասարակական կոնսենսուսի պարագայում:

 

Ընդդիմադիրները, կարծես թե, տրվեցին վարչապետի՝ «էլիտայի» մասին դատողություններին եւ հիմա պնդում են, թե իրենք (Փաշինյանի հրաժարականը պահանջողները) էլիտա են, ժողովուրդ են, իսկ վարչապետին սատարողները «ժեխ» են: Դա նույնքան սխալ մոտեցում է, եւ, ի դեպ, խորհուրդ կտայի չօգտագործել «ժեխ» բառը որեւէ մեկի հասցեին:

 

Բնականաբար, երկու կողմում էլ կան նյութապաշտներ, կարիերիստներ կամ պարզապես անպարկեշտ մարդիկ: Բայց դա այն խավն է, որ կա միշտ եւ ամենուր: Իրական բաժանումը, կարծում եմ, հետեւյալն է. նրանք, ում Փաշինյանն այլեւս չի հաջողում խաբել, եւ նրանք, ում վարչապետը դեռ կարողանում է խաբել: Ընդ որում, երկրորդ խմբում կարող են լինել նաեւ մտավոր բարձր ունակություններ ունեցող, կրթված մարդիկ. նախորդ դարի Գերմանիայի օրինակը ցույց է տալիս, որ մոլորեցման եւ մանիպուլյացիայի զոհ կարող են լինել նաեւ ինտելեկտուալները:

 

Իհարկե, մոլորությունը չի կարող հավերժ տեւել՝ վաղ թե ուշ կգա սթափվելու պահը: Բայց, ենթադրում եմ, որ պարտության այն շոկը, որը մենք ապրեցինք նոյեմբերի 10-ին, այնքան խորը եւ այնքան ցնցող չէր, որ մեր քաղաքացիների ա՛յդ մասը կարողանար ուշքի գալ եւ հասկանալ, թե ով էր այդ շոկի եւ պարտության մեղավորը: Այդ մարդիկ առայժմ շարունակում են հավատալ, մասնավորապես, «նախկինների վերադարձի մասին» Փաշինյանի առասպելաբանությանը: Բայց դրանից հարգանքս այդ հավատացողների հանդեպ չի սասանվում՝ կգա ժամանակը (հավանաբար, Փաշինյանի բերած հաջորդ աղետից հետո), եւ նրանք կազատվեն իրենց պատրանքներից:

 

…Եթե շարունակենք Գերմանիայի հետ զուգահեռը, ապա, այո, այդ երկիրը վերածնվեց 1945 թվականից աղետից հետո եւ դարձավ աշխարհի ամենահզոր պետություններից մեկը: Բայց կարեւոր «նրբություն». հետպատերազմյան Գերմանիան Հիտլերը չէր ղեկավարում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ARAVOT

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024