Արցախի Աղավնո գյուղի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը հայտնել էր, թե ռուս խաղաղապահները ասել են, որ գյուղի բնակիչները պետք է զենքերը հանձնեն, իսկ խաղաղապահներն էլ կապահովեն իրենց անվտանգությունը

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 21, 2020

Արցախի Աղավնո գյուղի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը հայտնել էր, թե ռուս խաղաղապահները ասել են, որ գյուղի բնակիչները պետք է զենքերը հանձնեն, իսկ խաղաղապահներն էլ կապահովեն իրենց անվտանգությունը։

 

Aravot.am-ը Անդրանիկ Չավուշյանից հետաքրքրվեց, թե այժմ ի՞նչ իրավիճակ է գյուղում։

 

Նա ասաց, որ ոչինչ չի պատահել, և իր տեղեկություններով՝ ռուս խաղաղապահների պատասխանատուին ազատել են. «Ես չեմ ուզում լարվածություն ստեղծել, ընդհակառակը՝ պետք չէ, այդ պահը չէ, բայց թույլ չենք տալիս մեր սրբություններին կպնել, քանի մենք դեռ մեր հողի վրա ենք։ Չեմ կարծում, որ ինքը պետք է ասի, որ դրոշդ ընդհանրապես պետք է հանես կամ զենքդ հանձնես։ Այդ ժամանակ, երբ իրենք մեծ զենք, զինամթերք, զրահատեխնիկա բաց են թողնում, որ գնա այն կողմ։ Ես կարծում եմ, որ ավտոմատի վերաբերյալ են խոսում, որը հարցեր չի լուծում, ընդամենը ինքնապաշտպանություն է, ինչի իրավունքը ես այսօր ունեմ»։

 

Անդրանիկ Չավուշյանը քննարկումներ է ունեցել ռուս խաղաղապահների հետ։ Իր խոսքով՝ ասել է նրանց, որ այժմ գյուղում կատարում է խաղաղապահների գործը․ «Ասում են՝ քո հայ ղեկավարը եկել հանձնել է իր զենքը, դուք մեզ խանգարում եք։ Իրենք այդպես ուզում են ինձ արանքից հանել։ Ես չեմ ուզում ինձ կարևորել, բայց ես որոշակի ազդեցություն ունեմ։ Ես էլ այդ ամենը հաշվի առնելով ուզում էի մեղմ վերաբերվել։ Ես ասել եմ, որտեղ ապրել ենք, Սիրիայում, Ամերիկայում միշտ եռագույնը ծածանվել է մեր գլխի վրա, հիմա իմ հայրենի հողի վրա օրենքներ ես հանո՞ւմ։ Ասում եմ՝ այդ օրենքները ինձ հետ չեն քննարկվել, իմ կամքից անկախ, մի հոգու պատճառով, ապրելու եմ, ոնց ապրել եմ՝ հայ»։

 

Աղավնո է վերադարձել երկու ընտանիք, Անդրանիկ Չավուշյանը ցանկանում է բարելավել գյուղի պայմանները, որպեսզի գյուղի մնացած բնակիչներն էլ վերադառնան։ Վերականգնվում է գյուղի էլեկտրաէներգիան․ «Փորձում ենք դպրոցաշինությամբ զբաղվել։ Նախարարուհին (Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը խմբ.) ասել է, եթե չունենանք բյուջե, ապա բարերարների միջոցով ենք աշխատավարձերը վճարելու։ Պիտի մնա, պիտի վերաբնակեցվի, պիտի խտանա։ Մենք ուզում ենք շատ արագ կազմակերպել այս գործընթացը, երեխաներս չեն հաճախում դպրոց, մանկապարտեզ։ Կորոնավիրուսի պատճառով հետ մնացին անցած տարի, այս տարի էլ թո՛ղ չլինի այդպես։ Փորձում ենք, դա մենակ չպետք է արվի։ Ամեն մարդ պետք է իր գործը անի։ Ես չեմ կարող ոստիկանապետ լինել, ամեն ինչ լինել, ես չեմ ուզում ամեն ինչ լինել։ Ամեն մարդ իր գործն ունի, թո՛ղ իր գործն անի»։

 

Հարցին, թե պատրաստակա՞մ են Աղավնոյի բնակիչները վերադառնալ իրենց տները, Անդրանիկ Չավուշյանը պատասխանեց, որ այդ հարցը չի քննարկել, քանի որ ինքը ոչ ոքի չի ասել, որ գնան գյուղից․ «Մենք այստեղ ամեն ինչով ապահովված ենք։ Ասում եմ՝ ընդամենը ապրի, տունդ պահի, ես ապրում եմ, պահում եմ տները, բայց այդպես չի կարելի։ Հայրենիքը հյուրանոց չէ։ Վիրավոր ժամանակ իրեն մենակ չեն թողնում, հակառակը՝ կողքին են կանգնում։ Քանի՞ անգամ պետք է ասեմ, եթե չեն ուզում, հայի տուն է, տունն ապրողինն է, մշակողինն է՝ կլինի Հադրութից, կլինի Երևանից, կլինի Աբովյանից»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ / ԱՌԱՎՈՏ

 

Լուսանկարը՝ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ֆեյսբուքյան էջից

Կիսվել