Արենը` բացառիկը

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 22, 2021

Միրզոյան Արեն Կարենի. ծնվել է 2002 թ. հունվարի 2-ին Գորիսում: 2004 թ. ընտանիքը տեղափոխվել է Արցախ՝ Շուշի: Սովորել է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան դպրոցում, Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցում: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ (անվճար):

 

2020 թ. զորակոչվել է բանակ, ծառայել Արա լեռան զորամասում:

 

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց. Արենը հենց այն դիրքում էր, որն առաջիններից մեկը գրոհեց թշնամին: 18, 19, 20 տարեկան տղաները պայքարի էին դուրս եկել ադրբեջանցիների, թուրք հատուկ ջոկատայինների ու վարձկան ահաբեկիչների դեմ: Արա լեռան անկումից հետո Արենը մասնակցել է Հադրութի եւ Դրախտիկի պաշտպանությանը: 

 

Արենի մասին մեզ հայրը՝ Կարեն Միրզոյանն է պատմում. «Արենը բացառիկ երեխա էր, տաղանդավոր՝ բոլոր ոլորտներում, կիթառ էր նվագում, մասնակցում մրցույթների ու համերգների, նույնիսկ Ստավրոպոլում է համերգներ ունեցել: Մաթեմատիկայի ու ֆիզիկայի դպրոցական ծրագիրը նրան տրվում էր առանց որեւէ դժվարության: Նա իր կարճ կյանքում այնքան բան է հասցրել անել՝ մասնակցել է բազմաթիվ մրցույթների, օլիմպիադաների, չկար մի ոլորտ, որով հետաքրքրված չլիներ, պրպտող միտք ուներ, անընդհատ զբաղված էր որոնումներով: Համոզված եմ, որ ճանաչված գիտնական էր դառնալու, բայց...»:

 

Արենի դասընկերուհի Օլեսյան հուզվում է ընկերոջ մասին խոսելիս. «Ես դեռ Արենին անձամբ չէի ճանաչում, բայց լսել էի նրա մասին, գիտեի, որ հրաշալի սովորող է, մաթեմատիկայից ու ֆիզիկայից նրա ունեցած գիտելիքների, մասնակցած մրցույթների ու հաղթանակների մասին լեգենդներ էին պատմում: Երբ առաջին անգամ մտա այդ դասարան հայացքով փնտրում էի Արենին, կարծում էի՝ պիտի տարբերվի մյուսներից, բայց պարզվեց այդ չափազանց խելացի տղան չարաճճի, շփվող, ոչնչով չտարբերվող մարդ էր, նույնիսկ չարություններ էր անում ու գույք փչացնում, զվարճալի խոսքեր ասում, դասը չէր լսում, նույնիսկ չէր լսում, թե իրեն ինչ են հարցնում, բայց, զարմանալի կերպով, միշտ ճիշտ պատասխաններ էր տալիս: Նրա մարդկային հատկանիշները լավագույնս դրսեւորվում էին դժվար պահերին, չէր սպասում, որ իրեն դիմեին, օգնում էր բոլորին: Հատուկ շարմ ուներ, որով իրեն ճանաչողներին գերում էր ու բարեկամանում բոլորի հետ: Երբ արդեն ֆիզմաթում էր սովորում, իմացանք, որ կիթառ է նվագում, հիմա հաճախ ենք հավաքվում, լսում նրա կատարումների ձայնագրությունները: Նա այս երկրին այնքան շատ բան կարող էր տալ, նա կարող էր եւ համոզված եմ, որ դառնալու էր հռչակավոր գիտնական, որովհետեւ այդպիսի մարդիկ դարը մեկ են ծնվում...»:

 

Արեն Միրզոյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 20-ին Ամարասի մոտակայքում:

 

Հուղարկավորվել է գորիսի նորահիմն զինվորական պանթեոնում:

 

Տիգրանուհի Բադալյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024