Այսօր  հայ ժողովուրդը պառակտված է, ինչի ամենամեծ պատճառը  տարիների ընթացքում կրած  ազգային  արժեքների  կորուստն է, դրանք ոչ ճիշտ գնահատելը

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 17, 2020

Պետք է բոլորս լծվենք հայրենիքի փրկության գործին

Այսօր պետք է գերխնդիր լինի ոչ թե աթոռակռիվը, այլ հայրենիքի փրկության խնդիրը

Պատերազմը  և ձեռք բերված  խաղաղությունը  ծանր  հետևանքներ  թողեց, ճակատագրական եղավ  մեր երկրի ու ժողովրդի համար: Հնարավո՞ր էր արդյոք խոսափել այս իրավիճակից,  կայի՞ն այլ ելքեր ու հնարավորություններ, ո՞վ է այս ամենի իրական պատասխանատուն.  այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Ռուսաստանի Դաշնությունում Հայերի Միության  կառավարման խորհրդի անդամ, Ռուսաստանի մարզերում ՌԴ Հայերի Միության նախագահի լիիրավ ներկայացուցիչ, Kraun Group ընկերության հիմնադիր և սեփականատեր Արտյոմ Վարդանյանի հետ: 

-Պարոն Վարդանյան, այսօր Հայաստանը, Արցախը, համայն հայությունը պատմական շատ ծանր ժամանակահատված է ապրում: Նախ ուզում եմ հարցնել, որպես հայ՝ ի՞նչ եք զգում այս օրերին, ի՞նչ մտքեր են պատել Ձեզ:

-Կարծում եմ՝ ցեղասպանությունից հետո վերջին 100 տարվա ընթացքում այսօր հայ ժողովուրդը  ամենամեծ հարվածը ստացավ: Վստահ եմ՝  աշխարհում ապրող ավելի քան 10մլն. հայերից յուրքանչյուրն այժմ մեծ ցավ և ողբերգություն է ապրում՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրում է բնակվում: Հուսով եմ՝ բոլորս միակարծիք ենք այն հարցում, որ պետք է գտնել ելքեր՝ ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու, ինչը հնարավոր է միայն ու միայն համախմբվածության շնորհիվ:

-Այսօր հասարկական-քաղաքական շրջանակներում  լայնորեն քննարկվում է այն հարցը, թե ով է մեղավոր նման պարտության համար և հիմնական թիրախում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ըստ Ձեզ՝ ո՞վ է ստեղծված իրավիճակի  պատասխանատուն և արդյոք հնարավո՞ր էր խուսափել նոյեմբերի 9-ի չարաբաստիկ պայմանագրից, եթե այո, ապա ինչպե՞ս:

 Մեծ հաշվով, ամեն ինչի պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատարն է, պատերազմի ժամանակ տարիների ընթացքում կուտակված և չլուծված խնդիրները լուծում չեն ստացել նաև ներկայիս կառավարության կողմից:Եթե նախկինում խնդիրները կարողանում էին արտաքին քաղաքականության ճիշտ կազմակերպամբ հանգուցալուծել, այսօր մենք բոլոր ոլորտներում ենք ձախողել ու դրա պատասխանատուները մնչև այս պահը չեն գիտակցում կատարվածի լրջությունը։ Կատարվածի մեղավորությունը այո գերագույն հրամանատարինն է , քանի որ ազգի պառակտման գործում  նրա ազդեցությունը մեծ է, դրա վառ օրինակը սևերի ու սպիտակների բաժանումն է, մարդկանց շարունակաբար պիտակավորումը։ Այսօր  հայ ժողովուրդը պառակտված է, ինչի ամենամեծ պատճառը  տարիների ընթացքում կրած  ազգային  արժեքների  կորուստն է, դրանք ոչ ճիշտ գնահատելը: 

-Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր էր խուսափել նոյեմբրի 9-ի պայմանագրից:

-Բնականաբար, այո, դիվանագիտական ճիշտ աշխատանքի դեպքում կարելի էր գտնել այլ ելքեր: Այդ պարագայում մենք կունենայինք առնվազն մի քանի տարբերակ պատերազմը չսկսելու կամ ժամանակին կանգնեցնելու համար, սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք:

-Ի՞նչ կասեք պատերազմը կանգնեցնելու այն տարեբերակների մասին, որոնք  Ռոսաստանն է առաջարկել:

-Տարբեր հարթակներում բազմիցս բարձրաձայնվում է այն փաստը, որ մենք պատերազմի  44 օրերի ընթացքում ունեցել ենք  հնարավորություն կանգնեցնել պատերազմը: Բնականաբար, այդ գործընթացը եղել է գաղտնի, և դա բնական է, քանզի պատերազմական իրավիճակում  ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնվի և քննարկվի հասարակության հետ: ՌԴ նախագահը նշեց, թերևս, մեկ դեպք, որ մենք հոկտեմբերի 19-20-ին  կարող էինք կանգնեցնել պատերազմը՝ պահպանելով գոնե Շուշին՝ պայմանով, որ այն պետք է բնակեցվի ադրբեջանցի փախստականներով: Եթե համաձայնեինք այդ տարբերակին, ապա չէինք ունենա նաև հազարավոր զոհեր, ինչը ոչ պակաս կարևոր ձեռքբերում կլիներ:   Սակայն պարզվեց, որ պատերազմի ընթացքում  մենք չենք ունեցել հստակեցված ծրագիր՝  մշակված քայլերի հնարավոր հաջորդականություն՝ ինչն ենք  թողնում, ինչը՝ պահում:  Վլ. Պուտինը իր հարցազրույցի ժամանակ նշեց, որ չգիտի, չհասկացավ, թե ինչու, ինչ հիմնավորմամբ մեր վարչապետը հրաժարվեց այդ առաջարկից: Եվ այդ հիմնավորումը մենք նույնպես դեռ չենք ստացել

ՌԴ նախագահի ելույթից պարզ դարձավ նաև, որ Ռուսաստանի ջանքերով պատերազմը նոյեմբերի 9- ին կանգնեցվեց, քանի որ դրա  շարունակվելու դեպքում էլ ավելի  մեծ արյունահեղություն էր լինելու, այլ տարբերակ չկար: Այսինքն՝ եթե ՌԴ միջամտությունը չլիներ, ապա հետագա մի քանի օրերի ընթացքում մենք կկորցնեցինք ամբողջ Արցախը:

-Մենք գիտենք, որ մեծ թվով հայեր Ռուսաստանից եկան Հայաստան՝ մասնակցելու հայրենիքի փրկության գործին: Հետաքրքիր է, ի՞նչ արձագանք գտավ այս պայմանագիրը Ռուսաստանի հայության շրջանում, ինչպիսի՞ քննարկումներ են ծավալվում այնտեղ:

-ՌԴ հայերի միության կողմից սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի  առաջին իսկ օրվանիցնախագահ Արա Աբրահամյանի անձնական նախաձեռնությամբ և վերահսկողությամբ՝   ստեղծվեց շտաբ, որի գործունեությունը միտված էր մի քանի ծրագրերի իրականացմանը. առաջին՝ անել ամեն ինչ՝ կանգնեցնելու պատերազմը, երկրորդ՝ կանխել ՌԴ-ում հնարավոր բախումները հայերի և ադրբեջանցիների միջև, երրորդ՝ հումանիտար օգնություն ցուցաբերել Հայաստանին, չորրորդ՝ ռազմատեխնիկա, ռազմական միջոցներ մատակարարել Հայաստանին և  կազմակերպել ռուսաստանաբնակ հայերի տեղափոխումը Հայաստան ՝ մասնակցելու պատերազմին՝ տրամադրելով ինքնաթիռի անվճար տոմսեր: Մենք ունենք բոլոր տվյալներն այն մասին, որ բազմաթիվ հայեր ՌԴ տարբեր քաղաքներից եկել են Հայաստան, ում համար մենք ստեղծել ենք հնարավորություն առաջին իսկ չարտերային չվերթով մեկնել հայրենիք և լծվել նրա փրկության գործին:

Մենք Արցախին տրամադրել ենք ինչպես   դրամական աջակցություն, այնպես էլ հումանիտար օժանդակություն: Նշեմ, որ  ՌԴ 643 քաղաքներում ունենք  Հայերի միության բաժանմունքներ, որոնցից յուրաքանչյուրում ծավալվել է հայրենիքի փրկությանը միտված գործունեություն՝ անձամբ Արա Աբրահամյանի վերահսկողության ներքո, ինչի արդյուքնում հավաքվել են դրամական և հումանիտար մեծ միջոցներ,  ուղղվել  <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին և հենց Արցախ: Ռուսաստանի հայերի կողմից առանձին ինքնաթիռներով Հայաստան, այնտեղից՝ Արցախ է ուղարկվել հումանիտար օգնություն:

-Արդյոք ազգամիջյան սուր բախումներ եղե՞լ են այս օրերին Ռուսաստանում հայերի և թուրքերի կամ ադրբեջանցների  միջև:

-Սուր բախումներ տեղի չեն ունեցել երկու երկրների քաղաքացիների միջև, ինչպես որ եղան հուլիսյան հայտնի դեպքերի ժամանակ ծիրանի հետ կապված, որոնք Արա Աբրահամյանի անմիջական ջանքերի շնոհիվ կանգենցվեցին: Այս պատերազմի ժամանակ Արա Աբրահամյանին հաջողվեց    չեզոքացնել նման բախումները: Իհարկեեղել են  միջադեպեր, երբ ադրբեջանցիները դրոշի բարձրացման շուրջ փորձել են պրովոկացիաներ  արել՝ փորձելով սադրել տեղի հայերին, ինչի արդյունքում եղել են փոքր բախումներ, բայց, ընդհանուր առմամբ, մեծ միջադեպեր չեն արձանագրվել՝ շնորհիվ ՌԴ պետական ապարատի, իրավապահ մարմինների գործադրած ջանքերի: Նրանք  երկու կողմերին էլ  հստակ նախազգուշացրել են, որ բոլորը խստորեն կպատժվեն:

-Ինչպե՞ս կգնահատեք, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ջանքերը պատերազմը դադարեցնելու  և խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

-Պատերազմի առաջին իսկ օրվանից Ռուսաստանի Դաշնությունն արել է իր առաջարկը ՀՀ կառավարությանը՝ բոլոր հոնարավոր միջոցներով աջակցել Հայաստանին, և ողջ պատերազմի ընթացքում Ռուսաստանն իսկապես ամեն ինչ արել է Հայաստանին օգնելու համար, բայց  կան խնդիրներ, հարցեր, որոնք իրավունք չունենք բարձրաձայնելու:

-Ի՞նչ կասեք հինգ, այնուհետև երկու շրջանների հանձնման բանաձևի մասին:

-ԵԱՀՄ Մինսկի խմբի շրջանակներում տարիներ շարունակ՝ որպես այդպիսին, քննարկման է դրվել   այդ բանաձևը, քանզի Ադրբեջանի Հանրապետությունը մշտապես պահանջել է իր տարածքային ամբողջականությունը, և աշխարհի գրեթե բոլոր պետությունները՝ առանց բացառության, պաշտպանել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բոլոր բանակցությունների ժամանակ մեր առջև դրված է եղել հետևյալ թեզը՝ պետք է չլինի պատերազմ, պետք է պահպանվի տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշումը: Կազանյան փաստաթուղթը, Մադրիդյան փաստաթուղթը, որոնք վերջերս ձևափոխվեցին Լավրովյան բանաձևի, ունեցել են  գրեթե նույն բովանդակությունը: Բայց այսօր մենք հայտնվել ենք ավելի ծանր վիճակում՝ կորցրել ենք Արցախի տարածքի մեծ մասը, հանձնել ենք  Հադրութը, Շուշին   և այլ տարածքներ, որոնք ներառված չէին 5+2 շրջանների հանձնման բանաձևում:

-Լայնորեն քննարկվում է այն տեսակետը, որ վերջին տարիներին Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունները նախկին բարձր մակարդակը չունեն, սառել են, Դուք նման բան նկատե՞լ եք:

-Այլ հարց է, թե ինչ է խոսվում այդ մասին, և բոլորովին այլ հարց է, թե  ինչպիսին է իրականությունը: Վերջին տարիներին մենք գործող իշխանություններից  անընդհատ լսել ենք  հակառուսական քարոզներ,    քայլեր, և չենք տեսել, որ նրանց կառավարման ընթացքում  պաշտոնատար անձանցից որևէ մեկը ՌԴ-ում իրեն համարժեք պաշտոնատար անձի հետ ունենա գործընկերային, ընկերական, ջերմ հարաբերություն: Մենք դրանում համոզվել ենք նաև ծիրանի հետ կապված հայ-ադրբեջանական հայտնի բախումների  ժամանակ: Մենք ունենք սփյուռքի հանձնակատար, ով, համոզված  եմ, չունի ՌԴ որևէ պաշտոնատար անձի հեռախոսահամար այն պարագայում, որ  Ռուսաստանը աշխարհում  ամենամեծ հայկական սփյուռք ունեցող երկիրն է, որտեղ ապրում են 3 մլն-ից ավելի հայեր: Այսինքն՝ անկախ ամեն ինչից՝  մենք տեսել ենք  իրականությունը, որ իրոք, հայ-ռուսական հարաբերությունները չունեն նախկին  բարձր մակարդակը. եթե   լինեին Հայաստան-Ռուսաստան ջերմ հարաբերություններ, ամեն ինչ այսքան վատ չէր լինի:

-Այսօր Հայաստանի ընդդիմադիր ուժերը համախմբվել են և միաձայն պահանջում են վարչապետի հրաժարականը, ինչպիսի՞ն է  Ռուսաստանի հայության վերաբերմունքը այդ պահանջին, արդյոք նրանք կիսո՞ւմ են ընդդիմության տեսակետները:

-Ոչ միայն ընդդիմությունը, այլ  համայն հայությունն այսօր մեծ շոկ  է ապրում և չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ շուրջ 44 օր մեզ բոլորիս հանգստացրել են  ընդամենը մեկ  կարգախոսով՝ <<#Հաղթելու ենք>>: Մենք ստացել ենք ոչ ճիշտ ինֆորմացիա պատերազմի իրական վիճակի մասին և մի դաժան երեկո տեղեկացել  հայրենիքի կորստյան պայմանագրի կնքման մասին: Եվ այստեղ ընդդիմության դժգոհության խնդիր չկա, կա ողջ հայության ողբերգության:

Ես համոզված եմ, որ եթե պատերազմի առաջին իսկ օրվանից ժողովրդին տեղեկացնեին, որ ռազմական դրությունը չափազանց վատ է, և մենք ի  վիճակի չենք հաղթելու այս ճակատամարտը, հայ ժողովուրդը  կհասկանար՝ ինչի մասին է  խոսքըանակնկալի չէր գա ու գուցե այդ պարագայում ավելի լավ լուծումներ գտնվեին, և  կորուստն էլ այսքան մեծ չէր լինի՝ թե մարդկային, թե տարածքային:

Իսկ ինչ վերաբերում է 17 կուսակցությունների պայքարին, ապա պետք է նշեմ, որ ես, ընդհանրապես, կողմնակից եմ միասնության, կողմնակից եմ այն բանաձևի, որ չպետք է լինի նախկին և ներկա, սև և սպիտակ,  և որ  մեր  փրկության, այս վիճակից դուրս գալու միակ ելքը հայ ժողովրդի միասնության մեջ է: Իսկ թե համայն հայությունը կմիանա ընդդմադիր շարժմանը, թե ոչ, դա խորքային շերտեր պարունակող հարց է, և եթե անգամ ընդդիմությունը չստանա մեծ աջակցություն, պետք է հասկանա և գիտակցի  պատճառները:

Հստակ է մի բան, որ հայ ժողովրդին անհրաժեշտ է ալտերնատիվ՝  այլընտրանքային թեկնածու, ով հանձն կառնի երկիրը դուրս բերել այս ծանր վճակից:

-Ինչպիսի՞ն պետք է լինի նոր լիդերը, շատ է խոսվում այն մասին, որ նա պետք է ընդունելի լինի Ռուսաստանի կողմից,  կարողանա ստեղծել ջերմ հարաբերություններ նրա հետ:

-Մենք պետք է գիտացենք, որ ապրում ենք  մի տարածաշրջանում, որտեղ  շրջապատված ենք մուսուլմանական, ավելին՝ թշնամի երկրներով, որոնք  տարիներ շարունակ խոսում էին այն մասին, որ գրավելու են Արցախը և  չեն դադարում խոսել այն մասին, որ մի օր գրավելու են Երևանը և լողալու են Սևանում:

Մենք պետք է հասկանանք, որ այսօր պետք է գերխնդիր լինի ոչ թե աթոռակռիվը, այլ հայրենիքի փրկության խնդիրը: Մենք տեսանք, որ պատերազմի 44 օրերի ընթացքում աշխարհի գերհզոր տերությունները հանդես եկան միայն կոչերով և կոնկրետ գործողություններով առանձնացավ միայն Ռուսաստանը՝ ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի: Եվ որպես հետևություն՝ համայն հայությունը պետք է վերջնականապես գիտակցի, որ հայ ժողովրդի փրկության միակ հնարավորությունը  ՌԴ-ի հետ կառուցողական, ջերմ և ամենակարևորը՝ մաքուր հարաբերություններ ունենալն է:  Եվ  ՀՀ ապագա ղեկավարը,  ով այս օրհասական պահին հանձն կառնի երկիրը դուրս բերել այս ծանր  վիճակից, բնականաբար, պետք է առաջին հերթին ունենա ջերմ, ընկերական հարաբերություններ ՌԴ ղեկավարի և համապատասխան պետական  մարմինների  հետ:

-Ինչպիսի՞ լուծում պետք է ստանա ռազմագերիների և զոհված զինվորների մարմինների դուրսբերման հարցը:

-Այդ հարցով անձամբ զբաղվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա դիմել է ՌԴ նախագահին և′ նամակի տեսքով, և′ անձամբ,  խնդրել, որպեսզի վերոնշված հարցը լուծում ստանա, հնարավորինս շուտ տեղի ունենա ռազմագերիների վերադարձի,  փոխանակման գործընթացը և ամենակարևորը՝  կարողանանք հասնել նրան, որ հայ ռազմագերիները չքայլեն Ադրբեջանում կազմակերպվող  առաջիկա շքերթի ժամանակ, որը ևս ստորացուցիչ հարված կլինի ողջ հայության համար: Սպասում ենք հարցի հանգուցալուծմանը:

-Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մի քանի օր առաջ Երևանում էր, ի՞նչ հարցեր քննարկվեցն կազմակերպված կլոր սեղանի ընթացքում, ովքե՞ր էին մասնակիցները:

-Արա Աբրահամյանի գլխավորությամբ՝  Երևանում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին բազմաթիվ մտավորականներ, հասարակական, քաղաքական, ռազմական գործիչներ: Բնականաբար, քննարկման թեման հայրենիքի փրկության գործն էր, որի շրջանակներում մենք միասնության կոչ արեցինք բոլորին՝ ընդգծելով, որ այսօր մեզ համար առաջնային խնդիր է հայրենիքը այս վիճակից դուրս բերելը, և յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ներկայացնի իր  ճանապարհային քարտեզը,  որոնք համադրելու, վերլուծելու արդյունքում  կկարողանանք գտնել ելքեր: Կարծում եմ՝ պետք է օգտագործել մեր ողջ մտավոր, մասնագիտական ներուժը՝ չբաժանելով այն նախկինների ու ներկաների:  Եվ եթե  պետք է տեղի ունենա իշխանափոխություն, ապա այն պետք է կազմակերպվի գրագետ և անցնցում: Եվ այն անձինք, ովքեր նպատակ ունեն օգտվել ստեղծված իրավիճակից  կառավարությունում որևէ աթոռ զբաղեցնելու համար, ապա թող իմանան, որ դա բացառվում է:

-Ի՞նչ ծրագրեր կան, որ պետք է առաջիկայում իրականացնեք, արդյոք դրանցում տեղ  գտե՞լ են  Արցախի վերակառուցմանն ուղղված նախաձեռնություններ:

-Մենք ստեղծում ենք  ճանապարհային քարտեզ, որում շատ հստակ նշված են  իրականացվելիք բոլոր ծրագրերը՝ ըստ ոլորտների: Բնականաբար, ծրագրեր կան ուղղված Արցախին՝ վերակառուցման աշխատանքներ, բնակարանաշինություն, ներդրումային ծրագրեր, աշխատատեղերի ստեղծում և այլն: Դրանք պարզապես սևով սպիտակի վրա  գրված ծրագրեր չեն, նշված է  դրանց իրականացման քայլերի հստակ հաջորդականությունը՝  ժամանակացույցով ու ֆինանսական աղբյուրներով: Մենք դրանք ներկայացրել ենք բոլոր քաղաքական ուժերին, որոնք ներկա էին մեր կազմակերպած կլոր սեղանին: Մենք պարտադիր պետք է իրականացնենք դրանք և հետևենք, որ աշխատանքներն ընթանան բարձր մակարդակով:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարգախոսով պետք է առաջնորդվի մեր երկրի ապագա լիդերը և առաջնահերթ ի՞նչ քայլեր ձեռնարկի:

-Իմ կարծիքով՝ մեր  երկրի նոր լիդերը պետք է առաջնորդվի հետևյալ գաղափարով՝ չկա անցյալ, կա ապագա. պետք է քայլել առաջ ու չկառչել անցյալից: Պետք է ամուր պահել մեր քրիստոնեական հավատքի հիմքերը, հավատալ մեր ուժերին, նվիրական գաղափարներին և վստահել միմյանց: Եթե կա հավատ, կան վստահելի հարաբերություններ: Պետք է կարողանանք ստեղծել  վստահելի հարաբերություններ  նախ մեր ներսում, ապա՝ արտաքին հարաբերություններում:

Ինչ վերաբերում է քայլերին, ապա  ժամանակավոր կառավարության աշխատանքային մեկ տարվա ընթացքում  պետք է կասեցնել բոլոր կուսակցություների գործունեությունը մինչև ընտրությունների անցկացումը: Բազմակուսակցությունը խարխլում է պետության հիմքերը. փոքր երկիրը իրավունք չունի ունենալ 200-ից ավելի կուսակցություն: Դա բազմակարծության ոչ առողջ մթնոլորտ է ստեղծում, որը պառակտում է մտցնում անգամ ընտանիքներում, որի յուրաքանչյուր անդամ տարբեր քաղաքական ուժերի է հարում:

Մենք պարտավոր ենք համախմբվել՝ հիշելով, որ  կորցրել ենք մի ամբողջ ոսկե սերունդ՝  5000 անմահացած հերոսներ, ունենք 8000 և ավելի վիրավոր ու հաշմանդամ զինվորներ: Պետք է կարողանանք ապահովել նրանց և նրանց ընտանիքների բարօրությունը:

Անելիքները շատ են, պետք է պատրաստվել համառ և նպատակային աշխատանքի:

 

 

Կիսվել