Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության հավանությանն է ներկայացրել նախագիծ, որով 1 միլիարդ 200 միլիոն դրամ կհատկացվի Հայաստանի 9 մարզերին՝ բացառությամբ Սյ

Արթուր Հայրապետյան Մայիս 01, 2021

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության հավանությանն է ներկայացրել նախագիծ, որով 1 միլիարդ 200 միլիոն դրամ կհատկացվի Հայաստանի 9 մարզերին՝ բացառությամբ Սյունիքի։

 

 

Պապիկյանի ներկայացրած նախագծում գրված է, որ այդ գումարը հրատապ անհրաժեշտ է բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար:

 

Կառավարությունն ընդունել է մի որոշում, որտեղ նշված չէ, թե ովքեր են լինելու այդ 1 միլիարդ 200 միլիոնի շահառուները, կամ հասարակության ո՞ր խմբերի համար է այն նախատեսված։

 

Ամենակարևորը՝ Կառավարությունը չի նշել, թե ի՞նչ միջոցառումների համար են ծախսվելու գումարները, և ինչո՞վ է պայմանավորված այդ միջոցառումների հրատապությունը. չկա բացատրություն առ այն, թե ինչո՞ւ 9 մարզի գումար հատկացնելը հրատապ դարձավ հիմա՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից մոտ երկու ամիս առաջ։

 

 

Որպեսզի այս 1 միլիարդ 200 միլիոն դրամը պետական բյուջեի համար լրացուցիչ բեռ չդառնա, Կառավարությունը որոշել է այս գումարը կրճատել «Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառումից։

 

Ուշագրավ է, որ Պապիկյանի ներկայացրած այս նախագծի վերաբերյալ ծավալուն առարկություն է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը։

 

Մասնավորապես, Ֆիննախից առարկել են, որ նախագծով առաջարկվող միջոցառման անվանումը, նկարագրությունը չեն արտացոլում հատկացվող գումարների հստակ նպատակներն ու կոնկրետ ստացողներին, իսկ արդյունքային ցուցանիշները բացակայում են:

 

Բացի այդ, ըստ ֆիննախի, նախագծին կից հիմնավորմամբ ևս ակնհայտ չեն կարգավորվող խնդիրները, գումարի չափի գնագոյացման սկզբունքներն ու հաշվարկ-հիմնավորումները:

 

Նման անորոշության պարագայում բավարար չափով հիմնավորված չէ գումարի հատկացման հիմքում դրվող հրատապության հանգամանքը:

 

Ֆինանսների նախարարությունը նաև Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագծի առնչությամբ հիշեցրել է, որ 2021 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նշված մարզերին նախատեսված է հատկացնել 30.0 մլն-ական դրամ (Տավուշի մարզպետարանին՝ 80.0 մլն դրամ):

 

Իսկ ինչ վերաբերում է Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագծի մեջ չընդգրկված մարզին՝ ապա Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Սյունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար Կառավարության որոշմամբ նախատեսվել է Սյունիքի մարզպետարանին հատկացնել 200 մլն դրամ, իսկ 28.04.2021թ. դրությամբ փաստացի հատկացվել է 17.4 մլն դրամ, ինչպես նաև շրջանառվում է նույն նպատակի համար ևս 500.0 մլն դրամ հատկացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

 

Հետևաբար, Ֆինանսների նախաարությունը թեև Պապիկյանի ներկայացրած նախագծի ընդունումը համարել է ոչ նպատակահարմար, շեշտել, որ բացակայում են հրատապության հիմնավորումները և հրատապ կարիքների գնահատումները, այդուհանդերձ Կառավարությունն այն ընդունել է:

Կիսվել