Արթուր Հայրապետյան. (պատմվածք) Հավատը կորցրել էր ջհուդին

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 01, 2021

Քնից վեր եմ թռչում։ Մեքենաների մեջ բարձր երաժշտության ձայնը ականջս ծակում է։ Մեկը չի, երկուսը չի, իրար հերթ չեն տալիս։ 

Լուսաբացին` պատերազմ։

Մթնեց։ Մի պահ թվաց երկիրը մաս-մաս հանձնում ենք։ Մինչդեռ հետո չթվաց, երբ ականատես դարձանք մեր պայքարող ու մեռնող զինվորների աճյունները, որոնց լուրը այլեւս չէր զարմացնում, անգամ տրամադրություն չէր ստեղծում։ Սարսափելի էր մտածել անգամ, որ սովորեցինք պարտությունը, պարտության ականները, դրանք այլեւս ամոթ չէին հարուցում, թշվառությունն էլ չէր ամաչեցնում։ Ամեն բակում մի մեռել կար։ Ամեն տան մեջ' հարազատի կորուստ։ Բայց մեզ չէր սթափեցնում ոչինչ։ Անգամ, երբ թշնամին մտավ մեր տուն ու բնակռեց։ 

Շարունակվող աղմուկի մեջ այդքան պահանջված լռության կարիք երբեք չէի զգացել։ Անտերության մատնված երկիրը թիկունքը սեղմած գրկել էր ու բաց չէր թողնում. անտեր չէր ուզում մնալ։ Բայց ամեն բան նախապես պայմանավորված էր։ Պետք է լիներ այն, ինչ պետք էր։ Ցավոք, տղերքն էին գնում հավերժի ճամփով։ Սպանվում էին տնեցիները։ Անհայտ գերեզմանը` շիկացած խարան... 

Անգամ պատերազմի օրերին պատերազմական տրամադրություն չկար։ Մեռնողը մեռնում էր, անհայտության ճանապարհ բռնողն անգամ անձը հաստատող մի թուղթ չունեցավ, որի վրա խիղճը կարթնանար։ Աստծուն մեղադրողը միջնորդեց, որ ուրանան հավատը։ Հավատը կորցրել էր ջհուդին։ Կարծես փառավորվում էր սիրտը, երբ գուժում էր` մահ։ 

Անվերջանալի թվացող չար երազի մեջ աչքեր չկային, որ գոնե լույս տային։ 

Ամեն ինչ կանխամտածված էր։ Վերացնել մի ամբողջ սերունդ, մյուսներին թողնելով վախի մեջ, որ երբեք ոտքի չկանգնեն։ Ամեն ինչ վշտի մեջ դանդաղ մեռնում էր։ Գետնին թափռտված մարմիններ էլ տեսանք։ Ողջերի մեջ` մեռած մարմիններ։ Մեռելների մեջ` ողջեր։ Հողը մի պտղունց սպասումի լույս էր մշուշել ու թողել էր մեզ հեռվում` ընկածի մոլորված քայլեր ու ծիծաղում էր անծանոթի պես։ Ոչ տերը դարձանք, ոչ էլ պատասխան տալու համար այդքան ուժ գտանք։ 

Հեռվից լացի ձայնը ծակեց ականջս։ Վեր թռա։ Ինձ համար հանգիստ քնած էի։ Անհանգստացա... ընդամենն անհագստացա։ Հետո քնեցի։ 

Հողը կորցրեցինք։ Հեռվից ծիծաղը զոհած արցունքներ անցան։ Ջահել զինվորի շիրմաքարի մոտ մի բան քար դարձավ, ու անցունք չեկավ։ Քարի պես կանգնել ու մղկտում է, ոչ թե մարդը խիղճ, այլ հողը անտեր, որ մեզնից խռոված, երեխայի պես կյանք էր աղերսում։ 

Ոչ տերը դարձանք, որ էլ թղթի վրա ծիծաղը խեղված ճակատագրեր դարձան։ Թաղեցինք անդարձ, ու դեռ սգում ենք, որ ոչ սուգ պահել գիտենք, ոչ էլ այսքան մեզ տանջող անհուսությունը։

 

Հիմա մտածում եմ` Աստծու անունն ի՞նչ է։ Աստվա՞ծ, թե՞ մեր օրերում այլափոխվել է։ Շեֆերն են ոսկորի համար դարձել Աստված։

 

Հեղինակ` Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024