Արտյոմին, ով հասցրել էր փրկել շատ կյանքեր, և իր վեց հերոս ընկերներին, հրամանատարական կազմը վախկոտի պես թողել էր մենակ մարտի դաշտում, և անգամ ետ չեն գնացել, որ տեսնեն, թե ինչ է պատահել հերոսներին

Արթուր Հայրապետյան Հունվար 07, 2021

Ինձ համար աշխարհն այսօր հասարակական-քաղաքական կյանքի առանցքի բախումն է՝ մարդկային էության բարձր և ցածր որակների միջև։ Յուրաքանչյուրիս մեջ առկա է թե՛ մեկ, թե՛ մյուս տիպը, և մարդուն շնորհված կյանքի ազատությունը, ոչ այլ ինչ է, եթե ոչ ընտրություն, թե որ որակին համապատասխան է ինքն ապրում։ Մարդկային բարձր որակն էր ընտրել եղբայրս՝կրտսեր սերժանտ՝բուժակ Արտյոմ Բաբայանը, ով 2019թ.զորակոչվել է բանակ, ծառայում էր Որոտանի (Կուբաթլուի) զորամասում։

Արտյոմը (ով պատերազմի ընթացքում հասցրեց դառնալ բժիշկ) մարդու այն տեսակն էր, ով փրկելով դիմացինի կյանքը, զոհաբերեց իրենը։ Զուր չեն ասում՝ ամենաբարդ մասնագիտությունը ՄԱՐԴ լինելն է։ Եղբայրս ՄԱՐԴ լինելով հանդերձ նախընտրեց դառնալ նաև ՀԵՐՈՍ։

Ուզում եմ անդրադառնալ 21- դարի մեծ ու ցավոտ, թերևս անհաղթահարելի երկու իրողության՝ պատերազմի և մարդկային անտարբերության մասին, որոնց ցավոք սրտի բախվեց նաև եղբայրս։ Արտյոմին երեք ամիս փնտրելու ընթացքում, անընդհատ մտածում էի այն մտքի շուրջ, թե ինչն է ամենասարսափելին մարդկանց համար երկրի վրա։ Մտածում էի՝ պատերազմը։ Այո, պատերազմը ուժեղ հարված է, բայց հասկացա, որ պատերազմը չէ, որ քանդում է մարդկանց հոգիները։Պատերազմը լոկ արդյունք է, իսկ պատճառը, մարդկային ցեղը քանդողը՝ անտարբերությունն է։

Արտյոմին, ով հասցրել էր փրկել շատ կյանքեր, և իր վեց հերոս ընկերներին, հրամանատարական կազմը վախկոտի պես թողել էր մենակ մարտի դաշտում, և անգամ ետ չեն գնացել, որ տեսնեն, թե ինչ է պատահել հերոսներին։ Մարդկանց այս տեսակը ապրում է միայն իր համար՝ անտեսելով, մոռանալով, թե ինչ է մարդասիրությունը, դիմացինին օգնության ձեռք մեկնելը, թե ինչպես քեզ վստահված զինվորի կյանքը կարող է միևնույն լինել այն դեպքում, երբ սեփական շահ ես հետապնդում։

Արտյոմը հաղթանակած է, քանզի իր մեջ կրում էր մարդկային այս բոլոր հատկանիշները՝ սիրելու ունակությունը, կարեկցանքը, հանդուրժողականությունը, որոնք դարձրեցին իրեն արժանի լինելու այդ կոչմանը։

Աստղիկ Բաբայան

Կիսվել