Արյան եւ արցունքների միջով

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 11, 2020

Պրոֆեսոր Բերտրան Վենարը ստանձնել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի պաշտոնը 2020թ. սեպտեմբերի 20-ին՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի մեկնարկից մի քանի օր առաջ։ Այս պատերազմում ՀՖՀՀ-ն կորցրեց իր ուսանողներին։ Ստեղծված իրավիճակում պրոֆեսոր Վենարն այցելել է զոհված 4 ուսանողների ընտանիքներին. ներքոգրյալ հոդվածում իր հույզերն ու ապրումներն են այդ այցելություններից հետո:

 

Պատերազմն անհամար հայերի թողեց սփռված հազարամյա մարտադաշտում՝ իրենց արյունը շաղախած Լեռնային Ղարաբաղի հողի հետ: Թնդանոթների լռելուն պես ողբ տիրեց բազմաչարչար ընտանիքներում: Այդ թվում՝ մարտում զոհված ՀՖՀՀ-ի ուսանողների չորս ընտանիքներում: Մահվան լուրերի ցնցումից հետո, ատելության զգացումը տիրեց, որին հաջորդեց անսահման տխրությունը: Օր չկա, որ ՀՖՀՀ-ի ընտանիքը չմտածի Դավիթի, Պարգեւի, Արտակի եւ Շանթի մասին: Որպես Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր՝ ես այցելեցի սգավոր ընտանիքներին:

 

Դա մի օր էր, որը չէր կարող չլինել սառնաշունչ, եւ թվում էր՝ վաղորդյան քամին ինձ դրդում էր մտորելու: Բետոնե, հնամաշ ճակատամաս, անկայուն սանդուղք, միջանցքներում հայտնվող դեմքեր, եւ այդ ցուրտը, որ թափանցում է հագուստի միջով` զգացնել տալով հուսահատության համը: Պատկերացնում եմ, թե ինչպես էր Դավիթը խաղում եւ վազում այս լաբիրինթոսում: Մի պահ կանգ եմ առնում եւ պատկերացնում նրա ծիծաղը աստիճաններն ի վար գլորվող իր գնդակին նայելիս: Բայց ես արդեն մի դռան առջեւ եմ, որը տանում է դեպի իր ծնողները: Ներս չմտած՝ նկատում եմ հայկական դրոշով ծածկված սեղան, սպիտակ ծաղիկներ, երկու առկայծող մոմ, ահա այն գահը, որտեղից երեւում է Դավիթի դեմքը: Ողջույնի խոսքերից հետո նրա ծնողները պատմում են իրենց որդուց՝ այդ փայլուն երիտասարդից` ծնված պայծառ ապագայի համար: Ցավն անհատնում է, արցունքներ են հոսում աչքերից: Դավիթը վերակենդանանում է նրանց պատմություններում: Մեկը մյուսին շարունակելով՝ հայրը եւ մայրը նուրբ հպումներով պատկերում են իրենց սիրելի անհետ գնացածի ճեպանկարը:

 

Ապշած եմ նրա քաջությունից, քանզի, լինելով ավելի պաշտպանված դիրքում, նա խնդրել է, որ իրեն տանեն առաջնագիծ, եւ այնտեղ էլ զոհվել է 2020թ. հոկտեմբերի 22-ին:

 

Հիմա պետք է դեգերել Արտակի տուն հասնելու համար: Երկաթյա դուռը բացվում է դժվարությամբ՝ բոթաբեր աղմուկով: Ես մի տանն եմ, որ թվում է՝ կտարուբերվի ամենաչնչին քամուց անգամ: ՀՖՀՀ-ի երիտասարդ ուսանողի՝ զինվորական համազգեստով մի հսկայական լուսանկար իր երկայնքով իշխում է ողջ սենյակում: Նրա բնական չափի դեմքը շրջապատված է իր բազմաթիվ այլ դեմքերով՝ Արտակը երեխա, Արտակը ծովային հագուստով, ծիծաղող Արտակը, սիրահարված Արտակը, տարբեր դրսեւորումներ, որոնք ասես արհամարհում են նրա մահը: Ծնողները պատմում են 2020թ.-ի աշնանային մի օր նրա հանգած կյանքի մասին: Նրանց միակ որդին ընտրել էր ֆրանսիական կրթությունը իրավաբանություն սովորելու եւ Ինտերպոլում ոստիկան դառնալու համար: 19 տարեկանում նրա երազանքը կոտրվեց քիմիական զենքով հանկարծակի հարձակման ժամանակ: Շուրջս նայելով տեսնում եմ, որ անցյալում նրա ծնողներն արդեն իսկ բազմաթիվ փորձությունների միջով են անցել: Վերջին դեպքը եւս մեկ դաժանություն է փորձություններով լի կյանքում: Վշտի մատնված այս հայ ընտանիքը մնում է կառչած Արտակի ծննդյան առթիվ նվիրված մի հրեշտակի պատկերից: Անտանելի վշտից կորացած մայրը զգուշորեն շշնջում է. «Չեք կարծո՞ւմ, որ այս հրեշտակը նման է նրան»:

 

Բավական է: Ես գրեթե փախչում եմ այդ վայրից, քանի որ քիչ է մնում լամ նման անարդարության պատճառած վշտից: Մտածում եմ բազմաթիվ սպանդների մասին, որոնց նպատակն էր ոչնչացնել իր հողից կառչած այս ժողովրդին:

 

Մութ է եւ ցուրտ: Անհնար է գտնել Պարգեւի բնակարան տանող ուղին: Բետոնե կոպիտ ճակատամասը շենքին լքված ամրոցի տեսք է տալիս: Մթության մեջ քիչ է մնում ընկնեմ: Բաց դուռ եւ ինձ տեսնելուց զարմացած երկու փոքրամարմին տատիկ ինձ ընդունում են այն քնքշությամբ, որն իրենց թոռանը պետք է տային: Մայրն ու հայրը վերադարձել են Ռուսաստան: Քիչ-քիչ անվախ եւ կենսուրախ երիտասարդի պատկերն է հառնում: Նրանց պատմելու ընթացքում ես հանում եմ ՀՖՀՀ-ի կարմիր դիպլոմը, որ նրան պետք է տրվեր: Այս փոքրամարմին տարեց կանայք ցնցվում են եւ վիշտն է պատում նրանց, արցունքները հոսում են խորշոմների միջով. «Իմ Պարգեւ, իմ սեր, իմ փոքրիկ»: Նրանք շոյում են դիպլոմը ասես՝ նրա դեմքն են շոյում: Խոնարհում են աչքերը՝ թաքցնելու անտանելի վիշտը: Պատերազմն ավելի մոտ է թվում, երբ դրան նայում ես տխրամած ծնողների աչքերով:

 

Ժամանակի եւ վայրի փոփոխություն: Անդեմ եւ մոխրագույն ճակատամաս, որից հազարներով կա Երեւանում: Մինչ Շանթի ծնողների տուն մտնելը հիշում եմ նրա հուղարկավորության արարողությունը: Մեկը փարվել էր բաց դագաղում անշարժ պառկած Շանթի մարմնին: Նա նրան ջերմ խոսքեր էր ասում եւ շոյում՝ ասես արթնացնելու համար վերջին քնից: Խոսում ու խոսում էր նրա հետ: Բայց նա ընդմիշտ էր անէացել: Վշտի սարսափելի պատկեր: Փորձում եմ մտքումս նրա գերեզմանի գիրը շարադրել: Աստ հանգչում է Շանթ Նավոյանը (2001-2020)՝ երիտասարդ մտավորական, նրբազգաց եւ լուսավոր, ՀՖՀՀ-ի ուսանող, ով իր կյանքը տվեց հանուն հայրենիքի:

 

Տեսնում եմ ծնողներին, գրկում: Նրանք ինձ պատմում են իրենց Շանթի կյանքի մասին՝ փոքրիկ մանրամասնություններով, որ նրան գրեթե վերակենդանացնում են: Նա պատերազմ է գնացել սեպտեմբերին՝ իր մոտ ունենալով, ինչը որ զարմանալի է, օրացույցի հոկտեմբեր ամսվա մի փոքրիկ կտոր, միայն հոկտեմբեր ամսվա: Ամեն օր նա մի փոքրիկ խաչ էր դնում՝ նշելով դեպի իր կործանումը տանող ապրած օրը: Նայում եմ՝ ինը փոքրիկ խաչեր:

 

Տասներորդ օրը չունի նշում, նրա՝ ՀՖՀՀ-ի առաջին զոհի մահվան օրն է: Մայրը հանում է որդու օրագիրը եւ դնում սեղանին: Ես այն վերցնում եմ այնպիսի զգուշությամբ, ինչպես մի թանկ մասունք կվերցնեի: Նրա վերջին գրառումները: Թերթում եմ էջերը. արագ արված ուրվանկարներ, նուրբ, կապույտ ձեռագիր, արագ գրված բառեր, ամսաթվեր: Անկարող եմ այլեւս զսպել արցունքներս, խոնարհում եմ եւ ձեռքերով բռնում ծանրացած գլուխս: Լսում եմ, թե ինչպես է մայրը շշնջում իր Շանթի գրած վերջին բառերը: Նա կարիք էլ չունի կարդալու: Արդեն անգիր գիտե. «Մենք կիսում ենք մեր վերջին փամփուշտները, գոնե ամենքիս մեկ հատ, քանի որ բոլորս էլ ուզում ենք մեռնել հայկական հողում»:

 

Բերտրան ՎԵՆԱՐ, ՀՖՀՀ ռեկտոր Թարգմանությունը՝ Օլյա Հարությունյանի

 

«Առավոտ» օրաթերթ 10.12.2020

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024