Այդ սահմանը պետք է ամրագրվեր որպես Արցախ-Հայաստան սահման, սակայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Օրինաց երկիրը» դեմ եղան․ Ստյոպա Սաֆարյան

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 22, 2020

«ՀՀ վարչատարածքային բաժանումների մասին» օրենքում Հայաստանի մի շարք սահմանամերձ համայնքների սահմանների նկարագրության մեջ նշված է Ադրբեջանի Հանրապետություն բառը, նույնիսկ այն դեպքում, երբ այդ համայնքները սահմանակից են Արցախի շրջաններին՝ օրինակ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքը։ 2010թ․ ՀՀ վարչատարածքային բաժանումների մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ են կատարվել, և Արցախի հետ սահմանակից ՀՀ որոշ համայնքների սահմանների նկարագրության մեջ նշվել է Ադրբեջանի Հանրապետություն բառը։

NewArmenia.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ երբ 2010թ․ «ՀՀ վարչատարածքային բաժանումների մասին» օրենքի փոփոխությունները քննարկման են դրվել ԱԺ-ում, իրենք՝ «Ժառանգություն» կուսակցության անդամները, դեմ են քվեարկել այդ օրինագծին․ «Ես և իմ ընկերները մշտապես դեմ ենք արտահայտվել Խորհրդային միության ներքին վարչական սահմանները ճանաչելուն։ Սա վերաբերում էր թե՛ անարդար գծված Հայաստանի սահմաններին, թե՛ Արցախի բաժանմանը։ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրինագծին մենք դեմ ենք քվեարկել, որովհետև Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը ցավոք սրտի դա է եղել, որ մենք Ադրբեջանի միջազգայնորեն ընդունված սահման ճանաչում ենք այն սահմանները, որն աշխարհն է ճանաչում»։ Ստյոպա Սաֆարյանը նաև հիշատակեց, որ այն շրջանում, երբ ԱԺ էր բերվել ՀՀ վարչատարածքային բաժանումների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, իրենք՝ «Ժառանգություն» կուսակցությունը Արցախի ճանաչման օրինագիծն էին դրել շրջանառության մեջ, որպեսզի վարչատարածքային բաժանումներում նշվեր Արցախ-Հայաստան սահմանագիծը, այլ ոչ թե հիշատակվեր Ադրբեջանի Հանրապետություն բառը․ «Մենք գտնում էինք, որ Արցախը պետք է ճանաչվի իր գոյություն ունեցող սահմաններով, հետևաբար մենք չէինք կարող կողմ լինել նման բաժանումներին ու սահմանագծումներին։ Խորհրդարանում, քննարկումների ժամանակ, հարց բարձրացվեց՝ թե որ սահմաններում եք ճանաչում Արցախը՝ մենք էլ ասացինք այն սահմաններում, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության մեջ նշված է, քանի որ ինչպես նշված է Սահմանադրության մեջ, տարածքային հարցերը քննարկման չեն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների միջև»։ Մեր զրուցակիցը հավելեց, որ Արցախը ճանաչելու մասին իրենց օրինագիծը մերժվել է․ «ՀՀ վարչատարածքային բաժանումների մասին օրենքում նախկին իշխանությունները փաստացի Հայաստանի ու Արցախի սահմանները համարում էին Հայաստանի և Ադրբեջանի սահման»։ Հանրային խորհրդի նախագահի խոսքով 2008-2010թթ․ Արցախի ճանաչելու մասին օրինագծի քննարկումն անընդհատ հետաձգվել է, այնուհետև «Ժառանգություն»-ը հրատապ հարց է ճանաչել այդ օրինագծի ընդունումը, որից հետո միայն նիստ է կայացել․ «Նիստը կայացավ, բայց օրինագիծը չընդունվեց։ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Օրինաց Երկիրը» մերժեցին, իսկ մենք դեմ քվեարկեցինք «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին փոփոխությունների» օրինագծին, որտեղ սահմանի մասին խոսելիս հղում է արվում Ադրբեջանի Հանրապետությանը»։ Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ՝ եթե Արցախը ճանաչելու մասին «Ժառանգության» օրինագիծն ընդունվեր, արդեն օրենքում ՀՀ սահմանամերձ համայնքների նկարագրության մեջ չէր նշվի որպես Ադրբեջանի սահման, այլ կնշվեր Արցախի սահման․ «Այդ սահմանը պետք է ամրագրվեր որպես Արցախ-Հայաստան սահման, սակայն իրենք դեմ եղան մեր օրինագծին»։

Նարա Մարտիրոսյան NewArmenia.am

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024