Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 14, 2021

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, ադրբեջանական զինված ծառայողները պետք է հրատապ հեռացվեն ճանապարհներից Սյունիքում. Արման Թաթոյանը Գերմանիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյային ու ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին է ներկայացրել հիմնավորումները

--------

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

 

Արման Թաթոյանը կոնկրետ օրինակներով ու փաստերով ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները։

 

Նա նշել է, որ 2020թ. նոյեմբերից սկսած ադրբեջանական զինված ծառայողները նոր պատերազմի սպառնալիքի ներքո՝ առանց որևէ հիմքի Գեղարքունիքում և Սյունիքում հայտնվել են գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Բացի այն, որ տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ գրեթե ամեն օր, ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական արգելափակել են Սյունիքում Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները: Արդյունքում՝ ճանապարհներին հարակից գյուղերը հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:

 

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունն ու կյանքի իրավունքը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները:

 

Արման Թաթոյանը շեշտել է, որ նրանք պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:

 

Այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է հայ գերիների ազատ արձակմանը, հայրենիք նրանց վերադարձի հրատապությանը, որոնք ապօրինաբար են պահվում Ադրբեջանում:

 

Հանդիպմանը քննարկվել են նաև դատական համակարգում առկա խնդիրները, Արման Թաթոյանը շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։

 

Պաշտպանն անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների համակարգային խնդիրներին: Նա նշել է, որ կան հիմնական դատավարություններ, որոնցով դատական նիստերի անհիմն ձգձգումների պատճառով մարդիկ հայտնվում են տարիների քաշքշուկի մեջ:

 

Կանանց իրավունքների պաշտպանության, ընտանիքում բռնության կանխարգելման հարցերը ևս դարձել են մանրամասն քննարկման առարկա։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024