Այսօր առաջնայինը արցախահայության պահպանության խնդիրն է

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 13, 2021

SOS ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Եթե ուզում եք, որ հայն ապրի Հայաստանում և կիսատված Արցախում աշխարհի բոլոր հայերը պետք է համախմբվեն ազգային գաղափարախոսության շուրջ։ Այսօր առաջնայինը արցախահայության պահպանության խնդիրն է, բայց արցախահայության քայքայումն և, ի վերջո, Արցախի լիակատար հայաթափումը Հայաստանի հայաթափման առաջին ակորդն է։ Թշնամին կանգ չի առնելու, նրան խաղաղություն պետք չէ, նա խաղաղությունից շատ ավելի կարևոր նպատակ ունի իր համար։ Խաղաղության կողմնակից ու ջատագով է լինում թույլը, իսկ թշնամին այսօր ավելի քան ուժեղ է և, վստահաբար, ձեռք բերածով կանգ չի առնելու։ Խաղաղության ու բարեկամության մասին պնդումները կեղծիք են և սուտ, միտված են էլ ավելի թուլացնելու մեր առանց այդ էլ խոցված մարմինն ու կամքը։ Մենք նահանջելու ոչ մի սանտիմետր չունենք, ցանկացած ետ քայլին հարորդելու է թշնամու առաջխաղացումը, որը լավ գիտի ամեն թիզ հողի արժեքը, և անգամ տասը մետր առաջխաղացման համար պատրաստ է ռիսկի գնալ։ Թուրք-ադրբեջանական տանդեմը 1994 թվականի պարտությունից հետո որդեգրեց հյուծող պատերազմի տեխնիկան, որը մոտ 30 տարի հետո արդյունք տվեց։ Բայց, մեր այս պարտությունը մեր նոր պարտությունների սկիզբն է միայն, եթե համայն աշխարհում ապրող հայերը չփոխեն իրենց մոտեցումներն ու մտածողությունը։ Եթե կարծում եք, որ ինչ էլ լինի ռուս զինվորը գոնե պահելու է Հայաստանի տարածքը սխալվում եք։ Եթե կարծում եք, որ միայն գումար ուղարկելով, կամ որևէ այլ ծրագիր ձեռնարկելով հեռվից հնարավոր է փրկել ներկա վիճակին հասած հայրենիքը սխալվում եք։ Հայաստանի բնակչությունն ամեն օր նվազում է, և սա թշնամու ամենօրյա հաղթանակն է։ Փրկության հնարավորությունը համայն հայության նպատակային վերադարձն է հայրենիք։ Հայրենիք վերադարձը դիմադրության շարժման մեկնարկը կարող է լինել։ Առաջին հերթին արցախցին պետք է Արցախ վերադառնա և դիմադրի, սյունեցին չլքի իր գյուղն ու դիմադրի, երևանցին ելք գտնի Երևանում իր ընտանիքը պահելու և դիմադրի։ Եթե Արցախի զգալի մասը հանձնվեց կիլոմետրերով, ապա Հայաստանը հանձնվելու է մետր առ մետր, քայլ առ քայլ, յուրաքանչյուր արտագաղթողի հետ մի քանի մետր հայրենիքը նվազելու է մինչև անհետացում-թրքացում։

 

Վահե Արսեն 

Կիսվել