Այսօր ծնվել է Սիլվա Յուզբաշյանը

Արթուր Հայրապետյան Հունիս 10, 2022

Գնում ես հայավարի, վերևից արևն է տանջում, ներքևից' մտածմունքը։  

Խոսում ես ինքդ քեզ հետ, բողոքում, դժգոհում, փնթփնթում, տառապում այն մտքի վախից, բա որ, բա որ իրոք մեզ կտրեն մեր արմատներից, բա որ մոռացնել տան մեր դարերով ստեղծածը, որի շարունակությունն ենք, բա որ ծարավենք ու զգում ես, որ իսկապես ծարավ ես ու շուրջդ անապատ է։ Չորացած հողի միջից մի քանի կակաչ են դուրս եկել ու կարմիր- կարմիր ծիծաղում են վրադ...

Պատկերացնում ես, թե կակաչի ծիծաղն է իրոք ու ականջ ես դնում բնության սեղանի զնգոցին։ Գնում ես ձայնի ուղղությամբ ու վարար առվի զով շունչը պարուրում է քեզ' մի չլսված, չտեսնված,  

սարերից եկող, դարերի միջով անցած, բառ- բառ մեզ հասած ու մեր ականջին զվարթ զնգացող Սիլվա Յուզբաշյանի ձայնը։ Առվի միջով մեզ է հասնում Նարեկացին, Թումանյանը, Չարենցը, Սահյանը, Դավթյանը, Սևակը...Ու ամենամեծ միտքն է հաճելիորեն տանջում քեզ' Նարեկացին ծնվել է, որ ասի Սիլվայի տեղը, թե՞ Սիլվան է ծնվել, որ իմանանք Նարեկացու տեղը։

Երկուսին կապում է մեր ինքնությունը, որը կոչվում է հայոց լեզու։ Լեզու, որ զնգզնգալեն մեզ է հասցնում մեր արծաթահունչ ձայնի տիրուհի Սիլվա Յուզբաշյանը։

Այսօր ծնվել է Սիլվա Յուզբաշյանը, շնորհավոր լինի նրա Աստվածային ծնունդը.

 

Գայանե Փայտյան

Կիսվել