Այդպիսի վիճակ երբեք չի եղել նորանկախ պատմության մեջ

Արթուր Հայրապետյան Հուլիս 06, 2021

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի այն հայտարարությանը, որ սահմանային իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ, ասել է. «Բավական տարօրինակ արձագանք է, տարակուսելի: Ես կարծում եմ, որ Հայաստանի դիվանագիտական և այլ կառույցները այս հայտարարությունների տրամաբանության մեջ պետք է քայլեր անեն: Իմ կարծիքով՝ պետք է այդ տարակուսելի հայտարարությունը պարզաբանվի գործընկերների հետ, հասկանանք՝ ինչու է պատասխանն այսպիսին»:

 

«ՉԻ». Թվում է, թե պատգամավորը նորմալ բան է ասում. որ Հայաստանի դիվանագիտական և այլ կառույցները պետք է ՀԱՊԿ-ի այս հայտարարություններին արձագանքեն: Բայց...

 

Դուք գիտե՞ք, որ մենք համարյա ամիսուկես արտգործնախարար չունենք: Ոչ միայն արտգործնախարար, արտգործնախարարություն չունենք: Հայաստանի ու Արցախի համար այս ծանր, բախտորոշ ժամանակներում մենք արտաքին քաղաքական դաշտում գործելու հնար չունենք:

 

Բա եթե մենք արտգործնախարարություն չունենք, ո՞նց ենք դիվանագիտական ճանապարհով ՀԱՊԿ-ի կամ ռուսների հետ հարաբերվում, ո՞նց ենք փորձում նրանց հետ ընդհանուր հայտարարի գալ, համատեղ քայլեր իրականացնել, ինչպես իմքայլական պատգամավորն է ասում: 

 

ՀԱՊԿ-ն հայտարարություն է արել. ով ասես, որ չարձագանքեց: Բայց ինչ-որ մեկը պե՞տք է գնա Մոսկվա, հանդիպի ՀԱՊԿ քարտուղարի հետ, բանակցություններ վարի, ճշտի նրանց դիրքորոշման դրդապատճառները: Չկա այդպիսի մարդ: Ամիսուկես դիվանագիտական կորպուսը պարապուրդի է մատնված:

 

Ձեզ բան ենք ասում. այսպիսի վիճակ երբեք չի եղել Հայաստանի նորանկախ պատմության մեջ: 

 

 

Կիսվել