«Ազատեք Առուշանյանին, մենք տուն չենք գնալու, եթե հավաքվել ենք Սյունիքի ամենացուրտ վայրում, ապա օրերով կմնանք»,–ասում են բողոքավորները

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 21, 2020

«Թող դրսից իր վրա խոսողներին պատասխանի։ Մեզ ասելիք չունի։ Քաղաքապետ է ձերբակալում, ինքը էդ կալիբրի մարդ չի։ Ինքը մեր վարչապետը չի։ Իր վախկոտ ձեռագիրն է՝ քաղաքապետ ձերբակալելը»,–ասում է Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը։ Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան իր տնից ոստիկանություն բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից պարզաբանել են, որ նա բերման է ենթարկվել հարուցված քրեական գործի շրջանակներում:

 

«Մենք մեր ղեկավարների կողքին ենք։ Ազատություն Առուշանին։ Դավաճան Նիկոլ, հեռացիր, դու այս անարատ հողում անելիք չունես»,–բարձրաձայնում են սյունեցի ցուցարարները, որոնք վաղ առավոտից փորձում են փակել Երեւանից մարզ մտնող ավտոճանապարհը՝ չթողնելու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մուտք գործի Սյունիք։

 

«Ազատեք Առուշանյանին, մենք տուն չենք գնալու, եթե հավաքվել ենք Սյունիքի ամենացուրտ վայրում, ապա օրերով կմնանք»,–ասում են բողոքավորները։

 

Ոստիկանական ուժեր են կուտակվել նաեւ Շինուհայրից Տաթեւ տանող ճանապարհին, քանի որ Հայաստանի վարչապետը, ըստ ցուցարարների, Կապան հասնելու է այդ ճանապարհով։

 

Առավոտ

Կիսվել